Գլխավոր Լրահոս

Սկզբունքն անփոփոխ

Երկուշաբթի կկայանան Հայաստանի պատմության մեջ վեցերորդ նախագահական ընտրությունները:
Նախընտրական այս քարոզարշավը առնվազն արտաքուստ բավական խաղաղ էր՝ չհաշված, իհարկե, թեկնածուներից մեկի նկատմամբ խորհրդավոր մահափորձը: Մնացած դեպքերում բռնության հատուկ դրսևորումներ, լրատվամիջոցների գործունեության սահմանափակումներ և նախագահական նախորդ բոլոր ընտրություններին հատուկ այլ երևույթներ չարձանագրվեցին:

Սակայն դա ոչ թե ժողովրդավարության մակարդակի աճի և իշխանությունների բովանդակային կերպարանափոխման հետևանք էր, այլ քաղաքական մրցակցության բացակայության:

Խիստ կանխատեսելի ընտրությունների մթնոլորտում ընթացող քարոզարշավի ընթացքում ծրագրային, գաղափարական բանավեճեր չկայացան, բովանդակային քննադատություն չեղավ, թեկնածուները սահմանափակվեցին մակերեսային, պոպուլիստական հայտարարություններով, որոնց մեջ գերակայում էին մի քանի արտահայտություններ՝ աշխատատեղերի ստեղծում, կոռուպցիայի և մենաշնորհների վերացում և այլն:

Քարոզարշավի ամենատպավորիչ դրվագներն էին Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված խորհրդավոր մահափորձը, դրա մանրամասները, հնարավոր վարկածների քննարկումները, ամենաֆանտաստիկ արձագանքներն ու մեկնաբանությունները, էպոսագետ թեկնածուի էքստրավագանտ հայտարարություններն ու պահվածքը, Սերժ Սարգսյանի՝ թևավոր խոսքեր դարձած հանպատրաստից հայտարարություններն ու Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիներին բարևելը:

Քարոզարշավի զավեշտի դափնին անշեղորեն կրում է Պարույր Հայրիկյանը, որը չէր կողմնորոշվում՝ դիմել Սահմանադրական դատարան, թե ոչ, իսկ դիմելուց անմիջապես հետո հետ վերցրեց այն:

Քարոզարշավի հայտնությունը՝ դրական իմաստով, Անդրիաս Ղուկասյանն էր՝ իր երկարատև հացադուլով, որը գանդիական մոտեցմամբ փորձում է ինչ-որ բան փոխել:

Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների քարոզարշավը քաղաքացիների հիշողության մեջ կմնա նման դեպքերի և իրադարձությունների շնորհիվ: Տպավորություն էր, որ այս քարոզարշավի ընթացքում քաղաքացին անտեսված էր, և որևէ մեկը ընտրողներին ինչ-որ բան համոզելու կամ կողմնորոշելու լուրջ խնդիր չէր դրել:

Սա, թերևս, անուղղակիորեն հուշում է, որ հանրային կարծիքը փետրվարի 18-ի քվեարկության ժամանակ որոշիչ նշանակություն չի ունենալու, որովհետև ընտրությունների կազմակերպման և անցկացման փոփոխությունները կոսմետիկ են, իսկ բովանդակային առումով իշխանությունների սկզբունքային մոտեցումը չի փոխվել՝ «կարևորն այն չէ, թե ինչպես են քվեարկում, կարևորն այն է, թե ինչպես են հաշվում»:  

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում