Երևանի քաղաքապետարանն առաջարկում է դպրոցներում սահմանափակել հեռախոսների կիրառումը

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է դպրոցներում սահմանափակել հեռախոսների և այլ խելացի սարքերի օգտագործումը։ Այս մասին հայտնի դարձավ քաղաքապետարանի սեպտեմբերի 29-ի նիստի ընթացքում։
Նախագծով 1-6-րդ դասարանների սովորողներին առաջարկվում է կտրականապես արգելել դասերի և դասամիջոցների ընթացքում իրենց մոտ միացված հեռախոս ունենալ։ Այն բացառիկ դեպքերում, երբ աշակերտը ստիպված է հեռախոս բերել դպրոց, այն դասերի մեկնարկին պետք է հանձնի դասղեկին։ Սարքը կպահվի համապատասխան վայրում և սովորողին կվերադարձվի միայն դասերի ավարտից հետո։
7-12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանել օգտագործման սահմանափակումներ։ Կարգավորումը վերաբերում է ոչ միայն հեռախոսներին, այլև պլանշետներին, խելացի ժամացույցներին և նմանատիպ այլ սարքավորումներին։ Դրանք կարող են կիրառվել բացառապես կրթական նպատակով, ուսուցչի հրահանգով և վերահսկողությամբ, օրինակ՝ շաբաթական մեկ կամ երկու անգամ։
Առաջարկվում է այս կարգավորումները կիրառել բոլոր դպրոցներում՝ դրանք ամրագրելով հաստատության ներքին կարգապահական կանոններում և այդպիսով ապահովելով անհրաժեշտ իրավական հիմքերը։ Նշվում է, որ այս առաջարկները առաջիկա երկու օրվա ընթացքում կամփոփվեն ու կուղարկվեն դպրոցներ։
«Ես վստահ եմ, որ դպրոցականները մի փոքր կընդվզեն մեր որոշմանը, բայց կրթության որակի, նրանց առօրյայի ու երջանկության վրա վստահորեն այս արգելքները դրական են ազդելու»,- հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Թեմա
Civilnet










