Գլխավոր Լրահոս

Արտահանումը Հայաստանում ևս մեկ կառույց է խթանելու

Արտահանումը Հայաստանում ևս մեկ կառույց է խթանելու

Երկրում տնտեսավարողներին այսօր օժանդակում են Զարգացման հայկական գործակալությունը, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ն, ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը, Արդյունաբերության զարգացման հիմնադրամը, Համահայկական բանկը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը. նման գործառույթով ևս մեկ պետական կառույց է ստեղծվելու՝ Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպությունը։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասում է, որ տնտեսությունում ներդրումները և արտահանումը խթանող կազմակերպությունները շատ չեն, ընդամենը՝ երեք-չորսը, ու աշխարհի մյուս երկրներում էլ նման կառույցներ կան։

Երեկ կառավարության նիստից հետո Տիգրան Դավթյանն անդրադարձել է ընդունված երկու՝ ««Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» ՓԲԸ հիմնադրելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու» և «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2013թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» որոշումներին։

Նախարարի խոսքով՝ առաջին անգամ է, երբ պետությունը մոտ Դ500 մլն-ի միջոցներ է հատկացնում օժանդակելու արտահանմանը։ Հարցին, թե որքանով է նպատակահարմար ունենալ պետական մի քանի կառույց, որոնց գործառույթները գրեթե կրկնվում են, և ճիշտ չէր արդյոք դրանք միավորել մեկ կազմակերպության շրջանակում ու չփոշիացնել պետական միջոցները, Դավթյանը պատասխանել է, որ կառույցները շատ չեն, իսկ միջոցները չեն փոշիանում, այլ տեղի է ունենում կոնսոլիդացում։ «Մեզ նույնիսկ ասում են, որ այդ միջոցները քիչ են։ Պետության միջոցների մասնակցությամբ քայլեր են կատարվում, որ հետագայում հնարավոր լինի արտաքին աղբյուրներից միջոցներ ներգրավել»,– ասել է նախարարը։

Ըստ Դավթյանի՝ մասնավոր հատվածից պետական աջակցության մեծ պահանջարկ կա։ Միայն «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ն անցած երկու տարիներին վարկավորել է 80 ընկերություն, և այդ ծրագրերը հաջողված են։ «Մեզ համար կարևոր են չափանիշները, և ընտրությունը կատարվում է ոչ այնքան շահութաբերության տեսանկյունից, այլ պետության համար դրանց կարևորության, և ֆինանսավորվում է արտադրությունը»,– ասել է Դավթյանը։

Կառավարության կողմից հաստատված ծրագրի շրջանակում նախատեսված է օժանդակություն ցուցաբերել ավելի քան 50 ընկերության։ Օժանդակությունը կարող է լինել վարկերի տրամադրման, տոկոսադրույքների սուբսիդավորման կամ ցուցահանդեսներին մասնակցության համաֆինանսավորման տեսքով։

Հարցին, թե որքան է ակտուալ պետական՝ «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպության» ստեղծումը, և հիմնադիր փաստաթղթերի մշակման համար 15 անդամներից բաղկացած և Դ500 հազ. աշխատավարձով աշխատանքային խումբն արդյոք ուռճացված չէ, նախարարը պատասխանել է, որ այլ երկրների փորձը ցույց է տալիս՝ արտահանման ֆինանսավորմամբ զբաղվող կառույցները պետական են կամ պետական ռեսուրսների մասնակցությամբ։

Ինչ վերաբերում է աշխատավարձերին և խմբի անդամներին, ապա ըստ նախարարի՝ դա վերին շեմն է, և ամենևին էլ չի նշանակելու, որ բոլոր միջոցները կիրացվեն։ «Դա նշանակում է, որ ըստ պահանջարկի և արդյունքի՝ մարդիկ հնարավորություն կունենան այդ աշխատավարձը ստանալու։ Մենք կսկսենք ավելի ցածր հնարավորություններից և կփորձենք խնայել միջոցները»,– ասել է նախարարը՝ հավելելով, որ նման կառույցներում լինում են խնայողություններ։

«Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպության» ձևավորման գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Բացի այն, որ հինգ ամսվա ընթացքում կազմակերպության կանոնադրության և նորմատիվ փաստաթղթերի մշակման համար պետբյուջեից ուղղվելու է Դ41,4 մլն, որից Դ37,5 մլն-ը՝ աշխատանքի վարձատրությանն ու հավելավճարներին, ևս Դ1 մլրդ ուղղվելու է կանոնադիր կապիտալին։

Որպես կազմակերպության առաջնային նպատակ հայտարարվում է արտահանողին կամ արտահանողին ֆինանսավորող բանկին վարկառուի գնորդի չվճարման ռիսկերի ապահովագրումը, բանկերի համար ապահովման նոր միջոցների ստեղծումը, արտահանման ֆինանսավորման տոկոսադրույքների իջեցումը, բանկերի համար արտահանման ֆինանսավորման ծածկույթի ընդլայնումը։

Հայաստանի ապահովագրական ընկերություններն այսօր իսկապես չեն իրականացնում վարկերի ապահովագրություն և չեն ապահովագրում արտահանողին ֆինանսավորող բանկին վարկառուի գնորդի չվճարման ռիսկերից, քանի որ այդ պրոդուկտը պահանջարկված չէ։ Իսկ պետական միջոցներով ստեղծվող այս կառույցը կարող է չարաշահվել փողերի լվացման սխեմաներում։ Որևէ արտահանող կարող է ապահովագրվել այս ընկերությունում, արտադրանքն իրացնել օֆշորում գրանցված ընկերության, որն այնուհետև չի կատարում պայմանագրային պարտավորությունները. արդյունքում տեղական արտադրողի կորուստները հատուցում է պետական «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպությունը»։ Կազմակերպության $2,5 մլն կանոնադիր կապիտալը «կբավարարի» ընդամենը մի քանի նման սխեմաներ «փոխհատուցելու», ինչից հետո այն կսնանկանա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում