ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցը կշարունակի գործունեությունը Հայաստանի մանրածախ առևտրի ոլորտում, բայց արդեն նոր բիզնես ձևաչափով, «ԱրմԻնֆո» գործակալությանն ասել է ընկերության գործադիր տնօրեն Թեոդորա Տիչերիչը։
Մեկնաբանելով լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Հայաստանի խոշորագույն սուպերմարկետների ցանցը հայտնվել է լիակատար սնանկացման շեմին, ՍԹԱՐ-ի ղեկավարը նշել է, որ ներկայում ներդրվում է մանրածախ բիզնեսի նոր մոդել, որը թույլ կտա առավելագույն օգուտներով լուծել ցանցի ընթացիկ խնդիրները։
Տիչերիչը հերքել է լուրերը, թե եվրոպական «Ինտերմաքս լիմիթեդ» ընկերությունը նախատեսում է դառնալ ցանցի ներդրումային գործընկեր՝ միաժամանակ հաստատելով այն, որ ընկերությունը բանակցում է օտարերկրյա նոր ներդրողների հետ։
Մանրածախ ցանցում 2012թ. սեպտեմբերից շարունակվում է աշխատակազմի օպտիմալացման գործընթացը։ «Մենք պահում ենք լավագույն աշխատողներին, որոնք աշխատում են կատարելագործել հմտությունները մանրածախ առևտրի ոլորտում։ Օպտիմալացման արդյունքում տնտեսված միջոցները ցանցը կուղղի աշխատակազմի մոտիվացիոն համակարգի ներդրմանը, մասնավորապես՝ կբարձրացնի աշխատավարձերը և բոնուսները»,– նշել է Տիչերիչը։
Գործադիր տնօրենն անդրադարձել է նաև ընկերության բանկային հաշվի կալանքի խնդրին ու պարզաբանել, որ ցանցի հաշիվների կարգավիճակը փոխվում է մատակարարներից կախված։ «Մատակարարների նկատմամբ պարտքային պարտավորությունները վերակազմավորվել են: Այդ գործընթացը դեռ շարունակվում է»,– նշել է նաև՝ հավելելով, որ կախված կոմերցիոն նոր հնարավորություններից և համագործակցությանը մատակարարների պատրաստակամությունից՝ վերջիններիս հանդեպ պարտավորությունները կմարվեն փուլային եղանակով 2013-2014 թթ. ընթացքում։ «Իրավիճակի կայունացման ուղղությամբ մեր ջանքերի առաջին պտուղները տեսանելի կդառնան առաջիկա 6-9 ամիսներին»,– հաստատել է նա։
Բացի այդ՝ իրականացվող բարեփոխումների շրջանակներում ՍԹԱՐ-ը նախատեսում է փոխել դիստրիբուցիայի համակարգը, ինչի արդյունքում կփոխվի գնային քաղաքականությունը և մանրածախ առևտրի տեսականին։
2011թ. օգոստոսին ՍԹԱՐ մանրածախ ցանցը փոխեց բաժնետերերին, ընկերության լիարժեք բաժնետերը դարձավ Viest Assets Ltd ընկերությունը: Նույն տարվա սեպտեմբերին ընկերությունը գնեց «Ֆրեշ» և «Քետրին» սուպերմարկետների ցանցերը՝ դառնալով Հայաստանի խոշորագույն ռիթեյլերը՝ 30 սուպերմարկետով։ 2012թ. կեսերին փոխվեց նաև ընկերության ղեկավարությունը: Նոր գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնեց սերբ Թեոդորա Տիչետիչը։
Civilnet











