Քաղաքապետարանը նախատեսում է 250 հատ 18 մետրանոց էլեկտրաավտոբուս գնել

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է 250 նոր 18 մետրանոց էլեկտրաավտոբուս գնել։ Հարցն այսօր քննարկվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին։
Քաղաքապետարանը կառավարությանն է ներկայացրել 98 մլրդ դրամ արժողությամբ ծրագիրը և սպասում է հաստատման։
Ըստ քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ սա շարժակազմի ռազմավարական ծրագրի վերջնական համալրումն է։
Նոր ավտոբուսները կփոխարինեն հին «Հիգերներին» և տեխնիկական խնդիրներ ունեցող միկրոավտոբուսներին։
Քանի որ ավտոբուսներն էլեկտրական են, դրանք զրոյական ազդեցություն կունենան օդի որակի վրա։
«Սրանով մենք ոչ միայն լուծում ենք հանրային տրանսպորտի, մասնավորապես ավտոբուսների շարժակազմի ամբողջական հարցը, այլ նաև լուծում ենք որոշակիորեն օդի աղտոտվածության խնդիրը»,- նշել է Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետը նաև անդրադարձել է օդի աղտոտման մյուս հիմնական աղբյուրին՝ ավտոմեքենաներին, հատկապես նրանց, որոնցից հեռացված են կատալիզատորները։ Նրա խոսքով՝ այդ խնդիրը սրվում է հատկապես ձմռան ամիսներին, ինչն արձանագրում են քաղաքում տեղադրված օդի որակի չափման սարքերը։
Թեմա
Civilnet










