Լուսանկարը` Ֆոտոլուրի
— Պրն Օհանջանյան, որքանո՞վ է հրատապ «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» ընկերության ստեղծումը։ Չի՞ հակասում արդյոք այն ազատ շուկայի սկզբունքներին։
— Անկեղծ ասած՝ այս պահին կառավարության նախաձեռնության հետ կապված՝ ես ավելի շատ հարցեր ունեմ, քան պատասխաններ։ Սակայն փորձեմ պատասխանել հարցերին զուտ տեսականորեն և հիմնվելով միջազգային փորձի վրա:
Նման ընկերության ստեղծման հրատապության առումով, կարծում եմ, կառավարությունը ունի իր հիմնավորումները։ Ինչ վերաբերում է ազատ շուկայական հարաբերություններին, ապա տարբեր երկրներում կան նման ընկերություններ և գործունեությունը ճիշտ կազմակերպելու դեպքում նրանք ոչ միայն չեն հակասում ազատ շուկայական հարաբերություններին, այլև որոշակիորեն խթանում են շուկայի զարգացումը։
— Կմասնավորեցնե՞ք։
— Արտահանումը՝ որպես գործընթաց, ենթակա է տարաբնույթ ռիսկերի՝ սկսած արտահանվող ապրանքի բեռնման, տեղափոխման, բեռնաթափման ընթացքում հնարավոր տեխնածին և բնական աղետներից, վերջացրած կոնտրագենտի (ապրանքը ստացողի) կողմից համապատասխան գումարի տարբեր պատճառներով չվճարման ռիսկից։
Այս ամբողջ շղթայում առկա ռիսկերի մեծ մասը, որպես կանոն, ապահովագրվում է մասնավոր ապահովագրական ընկերությունների կողմից։ Օրինակ՝ բեռնման, տեղափոխման, բեռնաթափման ընթացքում բեռի ոչնչացման, վնասի կամ կորստի ռիսկը, որից, ի դեպ, մեր ապահովագրական ընկերությունները մեծ հաջողությամբ ապահովագրում են։ Սակայն առկա են այլ ռիսկեր, օրինակ՝ քաղաքական ռիսկը, որոնք մասնավոր ապահովագրական ընկերությունները չեն կարող ապահովագրել։
— Այդ դեպքում ի՞նչ նպատակ են հետապնդում արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպությունները։
— Որպես կանոն, պետության կողմից նման կազմակերպությունները ստեղծվում են այն ռիսկերը ապահովագրելու համար, որոնք ենթակա չեն ապահովագրման մասնավոր ապահովագրական ընկերությունների կողմից, ինչպես նաև գումարային խոշոր ռիսկերը, որոնց ապահովագրման համար անհրաժեշտ է ունենալ բավական մեծ կապիտալ: Որպես օրինակ նշեմ, որ վերջերս ՌԴ-ում նույնպես ստեղծվեց նման ընկերություն, որի սկզբնական կապիտալը կազմում է մոտ $1 մլրդ։
ԵՄ տարբեր երկրներում, որտեղ նույնպես գործում են նման ընկերություններ, սահմանված է, որ պետական ապահովագրական կազմակերպությունները կարող են ապահովագրել արտահանման այն պայմանագրերի գծով ռիսկերը, որոնք գերազանցում են ˇ2 մլն-ն, կամ որոնց գծով գումարի վճարման ժամկետը սահմանված է 1 տարուց ավելի։
Ընդ որում՝ պետական ընկերությունները ապահովագրում են հիմնականում քաղաքական ռիսկերից։ Օրինակ՝ կոնտրագենտի երկրում օրենսդրության փոփոխություն, որը հանգեցնում է արտահանվող ապրանքի բռնագանձման կամ վճարման անհնարինության, կոնտրագենտի գործունեության դադարեցման կամ փոխարժեքի կտրուկ տատանման և այլն։
Մնում է միայն հուսալ, որ ստեղծվելիք աշխատանքային խումբը կառավարությանը և հանրությանը կներկայացնի այն մարտահրավերները և իրատեսական քայլերի հաջորդականությունը, որոնք թույլ կտան հիմնավորելու նման ընկերության ստեղծումը Հայաստանում։
Զրուցել է Արմենակ Չատինյանը
Civilnet











