«Արցախյան հրաշապատումներ». պատերազմի օրերի հրաշքները՝ գրքի էջերում

Հասմիկ Հովհաննիսյան
«1993-ի օգոստոսին Կուբաթլուի մոտ մարտերի ժամանակ հորդ անձրև էր գալիս։ Ես ընկերներիս հարցրի՝ հավատո՞ւմ եք, եթե աղոթենք, անձրևը կդադարի։ Բոլորը ասացին՝ հավատում ենք։ Սկսեցինք աղոթել։ Ասացի՝ տասը րոպեից կդադարի։ Ուղիղ տասը րոպե անց անձրևը դադարեց, ու արև ելավ»։
«Արցախյան հրաշապատումներ» գիրքը կազմվել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի գրասենյակի, «Դիալոգ» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ, և Save Armenia հուդայաքրիստոնեական դաշինքի հովանավորությամբ: Հրատարակիչը «Թուֆենկյան հիմնադրամն» է։ «Արցախյան հրաշապատումներ» գրքույկի Արցախի թեմի Մատենաշարի երկրորդ հրատարակությունն է։
Save Armenia-ն հիմնել է Ջեյմս Թուֆենկյանը ԱՄՆ-ում։ Հիմնադրամի նպատակը օտար երկրներում բնակվող քրիստոնյա հայերի ուշադրությունը դեպի Հայաստան գրավելն է։ Երեք-չրոս ամիսը մեկ այն լրագրողների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների ներկայացուցիչների պատվիրակություններ է ուղարկում Հայաստան։
Պատվիրակություններից մեկի ժամանումն էլ հանգեցրեց գրքի ստեղծմանը։
«Անցյալ պատվիրակությունը, բախտի բերմամբ, հանդիպեց մեր սիրելի Վրթանես սրբազանին, և խոսակցության ընթացքում երևան ելավ, որ հրաշքների շարան է հրատարակել Արցախի թեմը։ Ավետարանչական համայնքի համար հրաշքը հատուկ նշանակություն ունի իրենց կրոնական ապրումներու մեջ։ Որ լսեցին, ասեցին անպայման թարգմանենք»,- պատմում է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, հիմնադրամի զարգացման գծով տնօրեն Անդրանիկ Գասպարյանը։
Գիրքը պատմում է Արցախի մշակութային ժառանգության՝ սրբատեղիների, եկեղեցիների, վանական համալիրների ու խաչքարային կոթողների, ինչպես նաև բազմաքանակ հրաշապատումների մասին։ Դրանցից շատերն առնչվում են պատերազին։ Ներկաները՝ Արցախի թեմի հոգևորականներն ու արցախցիները պատմեցին իրենց աչքով տեսած պատմությունները, որոնք, ինչպես իրենք են ասում, հրաշքից բացի այլ բառով չես կոչի։
Դաշինքի տնօրեն Մաթիաս Պերտուլլայի խոսքով՝ գրքի հրատարակումն այն փոքր քայլերից է, որ կարող է նպաստել Արցախի հարցը օրակարգում պահելուն. «Այս նախագծին կարելի է մի քանի անկյունից նայել։ Սա միաժամանակ հավատքի, համերաշխության, սիրո մասին է, բայց ամենից առաջ սա տարածքում հայկական ներկայության մասին է։ Ցավոք, աշխարհը որդեգրեց հանցավոր անտարբերության ճանապարհը։ Սա աններելի է։ Մենք պետք է շարունակենք պաշտպանել Արցախի մեր քույրերի և եղբայրների իրավունքները, պետք է հիշեցնենք և մարդկանց ուշադրությունն ուղղենք Արցախին, Արցախի ժողովրդին»,- ելույթում ասաց Մաթիաս Պերտուլլան։
Գրքի շնորհանդեսին ներկա էր նաև հուդայա-քրիստոնեական դաշինքի տնօրենների խորհրդի անդամ, Մարտին Լյութեր Քինգ կրտսերի զարմուհի դոկտոր Ալվենդա Քինգին։ Սա նրա երկրորդ այցն էր Հայաստան։
Save Armenia-ի անդամներն այսպես են հիշում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսի հետ հանդիպումը. «Թեև սրբազանի խոսքը ոգեշնչող էր, մենք շատ հոգնած էինք, բայց հանկարծ ինչ-որ բան արթնացրեց։ Սրբազանը պատմեց, որ Արցախից որոշ հրաշապատումներ են հավաքել, ու ես արթնացա։ Մի տարի շարունակ տարբեր մարդկանց հետ հանդիպումներում խնդրում էի, որ ինձ պատմություններ ներկայացնեն այն մասին, թե ինչպես է Աստված իրենց դժվարին օրերին հայտնվել։ Ուզում էի փոխանցել դրանք ԱՄՆ-ում բնակվող մեր բոլոր քրիստոնյա եղբայրներին ու քույրերին։ Կյանքը դժվար է, մենք անասելի դժվարին ժամանակներ ենք ապրում, և աստված գիտի, թե ինչ դժվարությունների միջով եք անցել դուք»,- նշեց Մաթիասը՝ խոսքը հղելով արցախցիներին։
Երեկոն ամփոփվեց ներկաների ձայնակցմամբ Մաթիաս Պերտուլլայի՝ Արցախին ու Արցախի ժողովրդին ուղղված անգլերեն աղոթքով։
Civilnet










