Այս պահին կոնկրետ պայմանավորվածություններ չկան «Թրամփի ուղու» վերաբերյալ։ Այս մասին Ստրասբուրգում լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ամերիկյան պատվիրակությունը վերջերս այցելել էր Հայաստան և «Թրամփի ուղու» շուրջ քննարկումները սկսվել են և կշարունակվեն։ Խնդիրն այն է, որ Թրամփի ադմինիստրացիան շատ գլոբալ օրակարգ ունի, բայց համոզված եղեք, որ այդ օրակարգում RTIPP-ը շարունակում է գտնվել Միացյալ Նահանգների, մեր և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու դեռևս «Թրամփի ուղու» կառուցման աշխատանքները չեն սկսվել․
«Մեր ընկալումն այն է, որ օգոստոսի 8-ի լույս 9-ի առավոտը նայում ենք էքսկավատորն էնտեղ է՞, վա՛յ չկա էքսկավատորը, էլի ֆեյք հերթական․․․ տենց չի աշխատում։ Այս պրոցեսների արագը դանդաղն է՝ առանց ընդհատումների։ Որովհետև այն, ինչ փորձենք արագ անել՝ չի ստացվելու, պետք է անենք դանդաղ, բայց առանց ընդհատումների»։
Վարչապետը ներկայացրել է, որ այժմ ճանապարհի նախագծի շուրջ քննարկումներ են ընթանում։
«Այժմ մենք աշխատում ենք, թե ով պետք է նախագիծն անի, ով պետք է ֆինանսավորի, որովհետև երկաթուղին պետք է նախագծվի»,- ասել է նա։
Civilnet











