Լուսանկարը` Ֆոտոլուրի
ՎՏԲ բանկը Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ավիաընկերության և «Միկա Լիմիթեդի» դեմ $22 մլն-ի դատական հայցեր է ներկայացրել, գրում է ռուսական «Իզվեստիա» օրաթերթը։ Ըստ պարբերականի՝ վարկը տրամադրվել է «Արմավիա» ընկերությանը՝ Sukhoi Superjet-100 (SSJ-100) օդանավի ձեռքբերման վարկերը վերաֆինանսավորելու համար։
ՎՏԲ-ի $7 մլն վարկային միջոցներով «Արմավիան» վերաֆինանսավորել է Sukhoi Superjet-100-ի ձեռք բերման համար «Արդշինինվեստբանկի» տրամադրած փոխառությունը։
«ՎՏԲ բանկ Հայաստան»-ի մամուլի ծառայությունում ՍիվիլՆեթին նշեցին, որ ռուսական պարբերականի կողմից նշված գումարը «ՎՏԲ բանկ Հայաստան»-ի կողմից տրված վարկն է։ Ընդ որում, դատական հայց զուգահեռաբար ներկայացվել է նաև Հայաստանում։ Ըստ «Իզվեստիայի»՝ «Միկա Լիմիթեդ» դեմ $12 մլն-ի դատական հայցը ներկայացվել է Ջերսի կղզու թագավորական դատարան։ «Արմավիայի» դեմ ներկայացված է $10 մլն-ի հայց։
2011թ. մարտին, երբ «Արմավիայի» և «Զվարթնոց միջազգային օդանավակայանի» միջև ծագել էր հերթական պարտքային խնդիրը, «ՎՏԲ Բանկ-Հայաստան»-ի կողմից «Միկա» խմբի ընկերությունների համար բացվել էր $20 մլն-ի վարկային գիծ։ Այն նպատակաուղղված էր «Արմավիա», «Միկա Լիմիթեդ» և «Միկա Ցեմենտ» ընկերությունների տարբեր նախագծերի ֆինանսավորմանը։
Civilnet











