Անհետ կորած զինծառայողների ծնողներին ընդունել է ԳՇ պետը

Սեպտեմբերի 29-ին պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների ծնողներին ընդունել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, հանդիպումը տևել է մի քանի ժամ: Այս մասին հայտնել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Ներկայացնելով իրավիճակը Թորոսյանը հայտնել է, որ ակցիայի անմիջապես մեկնարկին պաշտպանության նախարարությունը հանդիպման առաջարկ է ներկայացրել նախարարի տեղակալ, միևնույն ժամանակ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արման Սարգսյանի, իսկ այնուհետև՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Թեմուր Շահնազարյանի հետ:
Ակցիայի մասնակիցները պնդել են, որ ցանկանում են հանդիպել ԳՇ պետի և ԶՈՒ-ից զորացրված մի շարք անձանց հետ:
«Հայտնենք նաև, որ ակցիայի մասնակիցների նկատմամբ ՊՆ ծառայողները դրսևորել են հարգալից վերաբերմունք, նրանց նկատմամբ բիրտ ուժի կիրառման դեպք չի արձանագրվել: Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել (տեսանյութերն առկա են), ինչին ի պատասխան՝ ՌՈ ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից»,- սոցիալական էջերում հայտնել է ՊՆ մամուլի խոսնակը:
Թեմա
Civilnet










