«Զանգեզուրի միջանցք» արտահայտություն չկա, չի եղել և համոզված եղեք՝ չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)՝ պատասխանելով Եվրոպայի պահպանողականների կուսակցության պատգամավորի հարցին։
Պատգամավորը վարչապետից հետաքրքրվեց, թե որն է, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ընկալումների տարբերությունը, միևնույն ժամանակ հարցը ձևակերպելիս նշեց, թե իբր «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող խաղաղության պայմանագրի մաս է կազմում։
Վարչապետ Փաշինյանը հերքեց այդ տեղեկությունը՝ իր հերթին հարցնելով․ «Որտե՞ղ եք կարդացել «Զանգեզուրի միջանցք» արտահայտույթունը»։
Նա պարզաբանեց, որ Վաշինգտոնում քննարկված և ընդունված փաստաթղթերից որևէ մեկում նման եզրույթ առկա չէ։
Ըստ Փաշինյանի՝ «Զանգեզուրի միջանցք» արտահայտության շրջանառումը վնաս է հասցնում խաղաղության գործընթացին, քանի որ այն դուրս է կողմերի միջև համաձայնեցված «լեգիտիմ բառապաշարից»։ Նա նշել է, որ այդ եզրույթի կիրառումը, եթե դրա տակ նկատի է առնվում Հայաստանի ինքնիշխան տարածքը, հանդիսանում է ինքնիշխանության փոխադարձ ճանաչման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների «կոպտագույն խախտում»։
Վարչապետը հավելել է, որ ինքը դիմել է Ադրբեջանի նախագահին՝ խնդրելով քարտեզի վրա ցույց տալ, թե որն է այդ միջանցքը, քանի որ «որևէ մեկն իրավունք չունի ՀՀ ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որն ընդունված չէ ՀՀ-ի կողմից»։
«ՄԱԿ-ի ամբիոնից ես կոչով դիմել եմ ադրբեջանցի գործընկերոջս (խմբ․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին), որպեսզի պարզաբանի որտեղ է «Զանգեզուրի միջանցքը», քարտեզի վրա պետք է ցույց տալ այդ «Զանգեզուրի միջանցք»-ը։ Որովհետև, եթե պարզվի, որ այդ «Զանգեզուրի միջանցք» ասելով նկատի ունեն Հայաստանի որևէ տարածք․․․ որևէ մեկն իրավունք չունի ՀՀ ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որն ընդունված չէ ՀՀ-ի կողմից։ Սա արդեն իսկ ձեռք բերված ինքնիշխանության փոխադարձ ճանաչման կոպտագույն խախտում է»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը վերահաստատեց, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունը վերաբերում է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակմանը։ Նա ընդգծել է, որ կողմերը պայմանավորվել են բացել հաղորդուղիները՝ հիմնվելով երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների վրա։
Civilnet











