Գլխավոր Լրահոս

Դաշնակիցների տրամադրված մոլորեցնող տեղեկատվությունն էականորեն ազդել է պատերազմի ընթացքի վրա․ Քոչարյան

Դաշնակիցների տրամադրված մոլորեցնող տեղեկատվությունն էականորեն ազդել է պատերազմի ընթացքի վրա․ Քոչարյան

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող զեկույցը պատրաստ է, սակայն դրա քննարկումն Ազգային ժողովի լիագումար նիստում տեղի չի ունեցել։ Այդ մասին հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և զգուշացնում, որ զեկույցը «արխիվացնելն» անթույլատրելի է:

Factor TV-ին տված հայցազրույցում Քոչարյանը, որը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահն է, ասում է, որ պատերազմի և պարտության պատճառները փաստագրող զեկույցը կարևոր է ոչ թե հաշիվներ մաքրելու, այլ ապագա սխալները կանխելու համար։ Քննիչ հանձնաժողովի ստեղծման հիմնական նպատակը, ըստ Անդրանիկ Քոչարյանի, պատերազմի պատճառները փաստագրելն ու ապագայի համար դասեր քաղելն է։ 

Պարտության «բազմազան և բազմաշերտ» պատճառները

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը, որը ստեղծվել է 2022-ի փետրվարին և որի աշխատանքի ժամկետները երկու անգամ երկարաձգվել են, ըստ Քոչարյանի, փաստագրել է հայկական կողմի պարտության «բազմազան և բազմաշերտ» պատճառները։ Հանձնաժողովի լիազորություններն ավարտվել են 2023 թվականի դեկտեմբերին, իսկ 2024 թվականի սեպտեմբերին հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցը պատրաստ է։

200 էջից ավելի ծավալ ունեցող զեկույցը, որի եզրակացության բաժինը, ինչպես նշում է Քոչարյանը, 20 էջից ավելի է, հիմնված է հազարավոր էջերի, տեսագրությունների և պետական բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի, Գլխավոր շտաբի պետի և արտաքին գործերի նախարարի տասնյակ ժամերի տևողությամբ ցուցմունքների վրա։

Համաձայն ԱԺ կանոնակարգի` այդ փաստաթուղթը, որն ունի գաղտնիության դրոշմ, պետք է քննարկվի օրենսդիր մարմնի նիստում: Հենց այդ նպատակով այն ուղարկվել է խորհրդարանի նախագահին 2025 թվականի սեպտեմբերին` դրա պատրաստ լինելու մասին հայտարարությունից մեկ տարի անց։ Սակայն մինչ օրս զեկույցը չի մտել լիագումար նիստերի օրակարգ։ 

Հարցազրույցում Քոչարյանը շեշտում է, որ զեկույցը «ժամկետանց չէ», և դրա հրապարակումը կենսական նշանակություն ունի երկրի անվտանգության համար։ Զեկույցում արծարծված կարևորագույն խնդիրների շարքում, ըստ Քոչարյանի, նշվում են բանակում առկա կոռուպցիան, կադրային քաղաքականության թերացումները, դավաճանության դեպքերը և դաշնակիցների կողմից տրամադրված մոլորեցնող տեղեկատվությունը, որոնք էականորեն ազդել են պատերազմի ընթացքի վրա։

Արձագանքելով լրագրողի հարցին` նա բացառել է զեկույցն «արխիվացնելու» հավանականությունը և նշել, որ օրենքը հստակ ասում է` ինչ պետք է անել. «Նախ այն պետք է քննարկվի Ազգային ժողովի նիստում, այնուհետև այդ զեկույցի մի մասը, որը պետական գաղտնիք չի պարունակում, կարող է նաև հրապարակվել»: 

Լիագումար նիստերի օրակարգ մտնելու հարցը

Զեկույցը մեկ ամիս առաջ է ուղարկվել ԱԺ նախագահին, և ըստ կանոնակարգ-օրենքի, նա պետք է մեկ ամսվա ընթացքում որոշում կայացներ դրա՝ լիագումար նիստերի օրակարգ մտնելու մասին։ Քոչարյանը հույս է հայտնում, որ առաջին իսկ հերթական նիստի ընթացքում այդ հարցը կքննարկվի։

Լրագրողի այն դիտարկմանը, թե արդյոք իշխանությունը զեկույցի որոշ փաստերից զգուշանում է և չի ցանկանում դրա քննարկումը, Քոչարյանը հակադարձում է՝ նման բան լինել չի կարող։ Նա հիշեցնում է նախադեպի մասին, երբ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը, ժամկետների շեղումներով հանդերձ, հնարավորություն տվեց ներկայացնելու 2016 քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի կազմած նմանօրինակ զեկույց։ 

Քոչարյանն ընդգծում է, որ իրենց հանձնաժողովը մշտական գործող է և օժտված է սահմանադրական լիազորություններով՝ տարբերվելով ժամանակավոր քննիչ հանձնաժողովներից։

Պարտության պատճառների ռազմական բաղադրիչը

Պատերազմի պարտության քաղաքական պատճառների մասին շատ է խոսվել, Քոչարյանը հարցազրույցում շեշտադրում է ռազմական բաղադրիչը: Նա անդրադառնում է բանակում առկա կոռուպցիայի, կադրային քաղաքականության և կառավարման խնդիրներին։ Պնդում է, որ բազմաթիվ զինվորականներ, որոնք անգամ դասակ ղեկավարելու կարողություն չեն ունեցել, հասել են գեներալ-լեյտենանտի կոչման։ Զեկույցում, նշում է նա, արձանագրված են դասալքության, դավաճանության և այլ քրեական դեպքեր, որոնք հանգեցրել են 10,000-ից ավելի քրեական գործերի։ Խոսքը հիմնականում դասալքության դեպքերով հարուցված գործերի մասին է: 

Քոչարյանի խոսքով, չնայած հետախուզական տեղեկությունները ցույց էին տալիս հարձակման հավանականությունը, Հայաստանը նաև մոլորեցնող տեղեկություններ էր ստացել դաշնակիցներից։ Նա մատնանշում է ռազմական համակարգի պատրաստվածության պակասը, հատկապես՝ օպերատիվ-հետախուզական և հակահետախուզական գործունեության առումով։ Քոչարյանը նշում է, որ Հայաստանի հակաօդային պաշտպանության միջոցները նոր էին սկսել արդիականացվել, իսկ կապի և ավտոմատ կառավարման համակարգերի համար հատկացված գումարները մսխվել էին վաղուց։

«Քառօրյա ժամանակ դա քննվել է, ավտոմատ կառավարման համակարգերը, կապի միջոցները, ո՞ւր են էդ փողերը։ Դե ես Արշակ Կարապետյանին պիտի հարցնեմ, փախել է Հայաստանից», - հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը։ 

Դավաճանություն և պատերազմի ընթացք

Անդրանիկ Քոչարյանը պատերազմի ընթացքի վրա դավաճանության դրսևորումների ազդեցությունը գնահատում է որպես «ողնաշար ջարդող հարված թիկունքից»։ Նա ընդգծում է, որ դավաճանությունները, որոնք բացահայտվել են պատերազմից հետո, դրանից մեծ ծավալների են եղել։ 

Դրան զուգահեռ նա պնդում է, որ զինվորական ղեկավարության անփորձությունն ու անպատասխանատվությունը նպաստել են պարտությանը, հատկապես հարավային ուղղությամբ։ Քոչարյանը հաստատում է, որ զեկույցում կան մանրամասն տեղեկություններ, թե ինչպես են որոշ զորամասեր լուծարվել կամ լքվել։ Ընդ որում նա կարծում է, որ դրանք միտումնավոր չեն լուծարվել և ենթադրում. «Երևի չեն հասկացել, որ պատերազմը մոտ է»: 

Խաղաղություն և ապագա անվտանգություն

Զրույցի ընթացքում Քոչարյանը բազմիցս ընդգծում է խաղաղության կարևորությունը՝ որպես պարգև՝ երկրի անվտանգության խնդիրները լուծելու համար։ Նա հակադարձում է այն տեսակետին, թե իշխանությունը «միայն խաղաղությամբ է կերակրում ժողովրդին»` չպատրաստվելով ապագա հնարավոր ռազմական գործողություններին։ Ըստ նրա՝ խաղաղության յուրաքանչյուր օր հնարավորություն է տալիս ուղղել նախկին սխալները, ամրացնել պաշտպանական դիրքերը, զարգացնել ռազմարդյունաբերությունը և բարեփոխել ուժային կառույցները։

Քոչարյանը նշում է, որ ներկայում մշակվում են պաշտպանության նոր մոտեցումներ, որոնք հիմնված են ժամանակակից տեխնոլոգիաների և արհեստական ինտելեկտի վրա։ Նա կարևորում է նաև հոգեբանական պատրաստվածությունը և հանրության կողմից բանակին ցուցաբերվող աջակցությունը։ Զեկույցի հրապարակումը, ըստ նրա, կնպաստի հանրության իրազեկմանը և կբարձրացնի պետական մարմինների հաշվետվողականությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում