Գլխավոր Լրահոս

Կոբախիձեն չի շնորհավորի Մոլդովայի նախագահին ընտրությունների կապակցությամբ

Կոբախիձեն չի շնորհավորի Մոլդովայի նախագահին ընտրությունների կապակցությամբ

Հոդվածը հրապարակվում է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «դժվար» կլինի շնորհավորել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին՝ խորհրդարանական ընտրություններում նրա եվրոպամետ կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Նա պնդել է, որ դժվարությունները ծագել են Մոլդովայի՝ Ռուսաստանի գլխավորած Անկախ պետությունների համագործակցությանը (ԱՊՀ) անդամակցության պատճառով։

Սեպտեմբերի 29-ի ընտրություններին Սանդուի կուսակցությունը՝ «Գործողության և համերաշխության կուսակցություն» (PAS), հավաքել է ձայների 50,2%-ը՝ հաղթելով իր հիմնական մրցակցին՝ կոմունիստական, ռուսամետ «Հայրենասիրական ընտրական բլոկին» (BEP)։ Ընտրությունները անցկացվել են Ռուսաստանի կողմից ազդեցություն գործադրելու լայն փորձերի ներքո։ Իշխանությունները հայտնել են, որ Ռուսաստանն ու ռուսամետ գործիչները մինչև 400 մլն դոլար են ծախսել՝ BEP-ին օգնելու համար, սակայն ապարդյուն։

Թեև Եվրամիության բազմաթիվ երկրներ արդեն շնորհավորել են Սանդուին նրա կուսակցության հաղթանակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դա հարված էր Ռուսաստանին, Վրաստանի իշխանությունները հիմնականում ձեռնպահ են մնացել պաշտոնական շնորհավորանքներից՝ մինչև Կոբախիձեի մեկնաբանությունները։

«Մենք կսպասենք մինչև Մոլդովան դուրս գա ԱՊՀ-ից, հետո կտեսնենք, նորից կվերանայենք շնորհավորելու հարցը», – ասել է Կոբախիձեն։

ԱՊՀ-ն տարածաշրջանային կազմակերպություն է, որն ընդգրկում է նախկին Խորհրդային Միության ինը պետություն։ Վրաստանը նախկինում եղել է անդամ, սակայն դուրս է եկել 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո։ Թեև Մոլդովան պաշտոնապես շարունակում է լինել ԱՊՀ անդամ, իշխանություններն ավելի վաղ հայտարարել են, որ մտադիր են դուրս գալ կազմակերպությունից՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո։

Կոբախիձեի՝ ԱՊՀ-ում Մոլդովայի անդամակցությունը որպես շնորհավորանքից հրաժարվելու պատճառ ներկայացնելը շատերի կողմից ծաղրի թեմա է դարձել և ընկալվել որպես քողածածկույթ՝ թաքցնելու համար, որ «Վրացական երազանք» կուսակցությունը չի ցանկանում հրապարակային աջակցություն հայտնել Մոլդովայի եվրոպամետ իշխանություններին։ «Վրացական երազանքը» բազմիցս բողոքել է, որ Եվրամիությունը երկակի չափանիշներ է կիրառում՝ արդարացիորեն մատնանշելով Վրաստանի խնդիրները, բայց անտեսելով նմանատիպ խնդիրները Մոլդովայում։

ԱՊՀ անդամ լինելը նախկինում չի խանգարել Կոբախիձեին՝ շնորհավորելու այլ օտարերկրյա ղեկավարների ընտրական հաղթանակների համար։ 2024-ին նա շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հինգերորդ ժամկետով վերընտրվելու կապակցությամբ՝ չնայած այն հանգամանքին, որ այդ ընտրությունները լայնորեն ճանաչվել են որպես ոչ ազատ և ոչ արդար։

Վրացական մեդիայի լուսաբանումն ու Սանդուի դիփֆեյքը

Ընտրությունների օրը համացանցում լայն տարածում է գտել Մայա Սանդուի դիփֆեյք տեսանյութը, որտեղ նա իբր՝ դիմելով ժողովրդին և հիշատակելով Վրաստանը, ասում է, թե «Վրաստանը կրկին դարձել է Ռուսաստանի գաղութ», ինչպես նաև ներկայացնում այլ քննադատություններ վրացական ժողովրդավարության վերաբերյալ։

Տեսանյութը փոփոխված տարբերակն էր Սանդուի կողմից օգոստոսին հրապարակված բնօրինակ տեսանյութի։ Այն տարածվել է հիմնականում, բայց ոչ բացառապես, ռուսամետ քարոզչական էջերի կողմից։

Ռուսթավի 2-ը՝ կառավարամետ վրացական հեռուստաընկերությունը, նույնպես անդրադարձել է այդ տեսանյութին, սակայն որոշ ժամանակ անց հեռացրել է հրապարակումը։ Մյուս լրատվամիջոցները չեն ջնջել այն։

Իշխանական մեդիաները հիմնականում չեն քննադատել Սանդուի կուսակցության հաղթանակը։ Այնուամենայնիվ, Ռուսթավի 2-ը հրապարակել է Մոլդովայի ընդդիմադիր գործիչների մի շարք դժգոհություններ ընտրությունների վերաբերյալ։ Մասնավորապես, հաղորդվել է Մոլդովայի նախկին նախագահ, ռուսամետ BEP-ի առաջնորդ Իգոր Դոդոնի հայտարարության մասին, թե Սանդուն փորձում է «չեղարկել» ընտրությունները։

Ընտրություններից մի քանի օր առաջ Վրաստանի իշխանամետ առաջատար հեռուստաընկերություններից մեկի՝ Իմեդիի լրագրողներին արգելել են մուտք գործել Մոլդովա՝ ընտրությունները լուսաբանելու նպատակով։

OC Media-ն դիմել է Մոլդովայի արտգործնախարարությանը՝ մուտքի արգելքի մանրամասները պարզելու համար, սակայն պատասխան չի ստացել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում