Հոդվածը հրապարակվում է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում
«Վրացական երազանքի» միլիարդատեր հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հերթական անգամ հրապարակային նամակով հարձակվել է իր քաղաքական հակառակորդների վրա՝ նշելով կուսակցության իշխանության գալու 13-ամյակը։ Նա նախազգուշացրել է ընդդիմությունից բխող «սպառնալիքների» մասին՝ առաջիկա տեղական ինքնակառավարման ընտրությունները համարելով հնարավորության պատուհան՝ ամրապնդելու անցած տարիների ձեռքբերումները։
Իշխանության գալով 2012-ին՝ «Վրացական երազանքը» տապալեց Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած «Միասնական ազգային շարժումը» և այդ ժամանակից ի վեր պահպանում է իշխանությունը։ Ինքը՝ Իվանիշվիլին, վարչապետի պաշտոնում մնաց մեկ տարուց էլ քիչ, սակայն համարվում է վերջին տասնամյակի գլխավոր քաղաքական ուժը։
Նամակում նա տարեդարձը նկարագրել է որպես «ջրբաժան»՝ նախկին «ավտորիտարիզմի, օտար շահերին ծառայելու և վախի» ու ներկայիս «ժողովրդավարության, ինքնիշխանության և ազատության» միջև։ Նա շնորհակալություն է հայտնել վրաց ժողովրդին՝ «ավանդույթներին և քրիստոնեական արժեքներին հավատարիմ» մնալու և «երբեք ներքին կամ արտաքին թշնամիներին չհանձնվելու» համար։
Թեպետ ընդունել է որոշ սխալներ, Իվանիշվիլին պնդել է, որ իր կուսակցությունը հասել է «շոշափելի արդյունքների» և «միակ ուժն է, որ պահպանել է խաղաղություն»։Նա ընդգծել է, որ 2012-ից հետո երկրում չկա ոլորտ, որտեղ առաջընթաց չլինի։
Իվանիշվիլին ընդդիմադիրներին անվանել է «արմատականության և պառակտման ուժեր», որոնք «պայքարում են սեփական ժողովրդի դեմ և փորձում Վրաստանը հետ տանել դեպի անցյալ՝ դեպի ճահճացում ու օտար շահերին ծառայություն»։
Առանց անուններ տալու՝ Իվանիշվիլին «բացահայտ դավաճանության» մեջ է մեղադրել նաև իր նախկին թիմակիցներից մի քանիսին։
«Անցյալում մեր թիմի շատ անդամներ որոշել էին, որ ազդեցիկ օտար ուժերին ենթարկվելը կամ սեփական հարմարավետության հետևից ընկնելը՝ քաղաքացիների շահերի հաշվին, կարող է իրենց մեծ օգուտ բերել»,- գրել է Իվանիշվիլին։
«Բոլոր դավաճաններին բացահայտել ենք և մեր ներքին թշնամիներին ստիպել ենք խոստովանել, որ իրենց գործողությունները բխում են ոչ թե ազգային, այլ օտար շահերից»,- գրել է նա։ Նրա խոսքով՝ այդ «ճնշումն ու շանտաժը» պարզապես ստացել են «նոր ձևեր»։
Իվանիշվիլին անդրադարձել է նաև շաբաթ օրը նախատեսված տեղական ընտրություններին, որոնք ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը հայտարարել է, որ բոյկոտելու են։
«Հոկտեմբերի 4-ին մենք կրկին հնարավորություն ունենք բոլորին ցույց տալու, որ մեր պայքարը այսօր վերաբերում է ազատ ընտրության գնալուն և խաղաղության ու կայունության պահպանմանը»,- գրել է նա։
Իվանիշվիլին եզրափակել է. «Այսօր մենք կարող ենք վերջնականապես խաղաղ ճանապարհով հաստատել 2012-ին ձեռք բերած հաղթանակը, արմատականությունն ու հակադրությունը թողնել անցյալում, և արդեն պայքարել ավելի մեծ զարգացումների ու բարեկեցության համար, վերջապես հաղթահարել աղքատությունը, ամրապնդել ինքնիշխանությունը և խաղաղ ճանապարհով միավորել երկիրը»։
Civilnet











