Գլխավոր Լրահոս

Գեղեցիկ ֆասադի հետևում բազմաթիվ խնդիրներ. Meduza-ի պատմությունը բռնազավթված Ղարաբաղից

Գեղեցիկ ֆասադի հետևում բազմաթիվ խնդիրներ. Meduza-ի պատմությունը բռնազավթված Ղարաբաղից

Ռուսական Meduza կայքը երկու ծավալուն հոդվածով անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի անկմանը։ Հոդվածներից մեկը բելգիացի լուսանկարիչ Օրելյեն Գուբոյի ֆոտոպատմությունն է Հայաստանում հաստատված արցախցիների մասին։ Մյուս հոդվածը՝ անանուն հեղինակի, անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի կյանքին Ադրբեջանի բռնազավթումից և հայերին այնտեղից արտաքսումից հետո։ Երկրորդ հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։ 

Երկու տարի առաջ՝ 2023-ի սեպտեմբերին, Ադրբեջանը վերջնականապես վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Ռազմական գործողությունից հետո տարածաշրջանի գրեթե ամբողջ հայկական բնակչությունը ստիպված եղավ տեղափոխվել Հայաստան։ Իսկ Ադրբեջանի իշխանությունները ձեռնարկեցին լայնածավալ շինարարական աշխատանքներ՝ Լեռնային Ղարաբաղը վերածելով իրենց ձեռքբերումների ցուցափեղկի։

Սակայն տարածաշրջանի «վերաինտեգրման» հետևում թաքնված են բազմաթիվ խնդիրներ․ անկախ լրատվամիջոցները բազմիցս բացահայտել են տեղական ենթակառուցվածքների վերականգնման համար հատկացված միջոցների ոչ թափանցիկ օգտագործման փաստեր, բնակիչները բողոքել են իրենց համար կառուցված բնակարանների ցածր որակից, իսկ իրավապաշտպան կազմակերպություններն ահազանգել են հայկական մշակութային և պատմական ժառանգության ոչնչացման մտահոգիչ միտման մասին։

«Մեդուզայի» խնդրանքով տարածաշրջանում աշխատող լրագրողը պատմում է, թե ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում վերջին տարիներին։

Ինչպես է Ադրբեջանը վերակառուցում և «վերաբնակեցնում» Լեռնային Ղարաբաղը

Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց անմիջապես հետո Ադրբեջանի իշխանությունները սկսեցին լայնածավալ շինարարական աշխատանքներ և հայտարարեցին տարածաշրջանի «վերականգնման» քաղաքականության մասին։ Այդ «վերաինտեգրումը» ուղեկցվեց ճանապարհների, քաղաքների, գյուղերի, զբոսաշրջային և արդյունաբերական օբյեկտների, ինչպես նաև հուշահամալիրների կառուցմամբ։

«Վերականգնման» գործընթացում կենտրոնական դեր ունի Karabakh Revival Fund-ը (Ղարաբաղի վերածննդի հիմնադրամ)։ Դրա միջոցով կազմակերպվում են Rebuild Karabakh ցուցահանդեսները, իրականացվում են նախագծերի ներկայացումներ և ներդրողների որոնում։ Վերակառուցման համար նախատեսված բյուջեի պաշտոնական թվերը տպավորիչ են․ 2024-ին Լեռնային Ղարաբաղում շինարարական ու մոնտաժային աշխատանքների վրա ծախսվել է շուրջ 6 միլիարդ մանաթ (մոտավորապես 3,5 միլիարդ դոլար), իսկ առաջիկա տարիների ծրագրերը դեռ ավելի մասշտաբային են։ Նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ վերջին չորս տարիների ընթացքում Ադրբեջանը Ղարաբաղում ներդրել է 17,5 միլիարդ մանաթ (10,3 միլիարդ դոլար)։ Իսկ 2025-ին իշխանությունները խոստացել են Ղարաբաղի վրա ծախսել ևս 4 միլիարդ մանաթ, որը կազմում է երկրի ամբողջ բյուջեի մոտ 10 տոկոսը։

Լեռնային Ղարաբաղի կառավարության նախկին շենքը

Նոր տներ Շուշիում

2025-ին Աղդամում և հարակից շրջաններում կառուցվում են բնակելի թաղամասեր, հյուրանոցներ, ճանապարհներ, կամուրջներ ու հուշահամալիրներ։ Կառավարությունը պարբերաբար հեռուստաեթերով ցուցադրում է շինարարական աշխատանքների արդյունքները․ նման ցուցադրական հարթակները ծառայում են և՛ ներքին քարոզչական նպատակներին, և՛ արտասահմանյան գործընկերներին ներդրումային հնարավորությունները ներկայացնելու համար։

Բնակելի թաղամասերի ակտիվ շինարարությունը Չինաստանի և Թուրքիայի մասնակցությամբ շարունակվում է Շուշիում և Ստեփանակերտում [հոդվածում նշվու է՝ «Խանքենդի՝ նախկին Ստեփանակերտ»]։ Իսկ բրիտանական նավթային հսկա BP-ն նախատեսում է Ղարաբաղում արևային էլեկտրակայան կառուցել։

Ադրբեջանի իշխանությունների հեղինակային կարևոր նախագծերից ևս մեկը Ղարաբաղում «խելացի գյուղերն» են, որտեղ նախատեսվում է կիրառել նոր տեխնոլոգիաներ, ավտոմատացում և վերականգնվող էներգիայի աղբյուրներ։ Մինչ այժմ կառուցվել է միայն մեկը՝ Զանգելանի շրջանի Աղալու գյուղում։

Սակայն ադրբեջանցի որոշ քաղաքական գործիչներ «խելացի գյուղերի» գաղափարին մոտենում են թերահավոտերն։ Օրինակ՝ կիսաընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» կուսակցության նախագահ Իլգար Մամեդովը Աղալու այցի ժամանակ պնդել է, որ գյուղի մուտքի մոտ տեղադրվելու են դեմքի նույնականացման տեսախցիկներ։ Նա Աղալուն անվանել է «նոր տոտալիտարիզմի փորձարկում» և «թվային բանտ»։ Գյուղում արդեն բնակեցվել են մարդիկ, որոնց, ըստ հայտարարվածի, ընտրվել են վիճակահանությամբ։

«Խելացի գյուղը», որ կառուցվում է Զանգելանի շրջանի Աղալու գյուղում

Ադրբեջանը նորակառույց բնակավայրեր է վերադարձնում այն փախստականներին, որոնք կորցրել են Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ։ Նրանց մի մասը տեղավորվում է այն բնակավայրերում, որտեղ մինչ այդ հիմնականում ապրում էին հայեր, օրինակ՝ Ստեփանակերտում։ Իշխանությունները հայտարարում են, որ մինչև 2026-ը նախատեսում են տարածաշրջան վերադարձնել մինչև 40,000 մարդ և այս ծրագիրը կոչում են «Մեծ վերադարձ»։

Սակայն պաշտոնական հռետորաբանության մեջ թվերը մշտապես փոխվում են։ Եթե 2025-ի հունիսին Բաքուն հայտարարում էր Ղարաբաղի տարածք 15,000 մարդու վերադարձի մասին, ապա արդեն սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստում Իլհամ Ալիևը նշեց 50,000 մարդու վերաբնակեցման մասին։ Մինչդեռ մինչ այդ իշխանությունները չէին հայտարարել «Մեծ վերադարձի» ծրագրի կատարման մասին։

Ադրբեջանի իշխանամետ լրատվամիջոցները ակտիվ լուսաբանում են Ղարաբաղում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերն ու վերաբնակեցումը՝ ձևավորելով վերածնվող և բարեկեցիկ տարածաշրջանի պատկեր։

Միևնույն ժամանակ, հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում պահպանվում են մեծ քանակությամբ ականներ։ Ադրբեջանի տարածքների ականազերծման ազգային գործակալության (ANAMA) տվյալներով՝ 2020-ի նոյեմբերի 10-ից մինչև 2024-ի փետրվարի 14-ը ականազերծվել է ավելի քան 118 հեկտար տարածք, հայտնաբերվել են տասնյակ հազարավոր ականներ և չպայթած զինամթերք։ ANAMA-ի պնդմամբ՝ այդ ժամանակահատվածում գրանցվել է 361 ականապայթյունի դեպք, որի հետևանքով 293 մարդ վիրավորվել է, իսկ 68-ը՝ զոհվել։ Զոհերի մի մասը քաղաքացիական անձինք էին, որոնցից ոմանք մասնակցում էին շինարարական աշխատանքներին և ճանապարհների կառուցմանը։

Ի՞նչ խնդիրներ են թաքնված Լեռնային Ղարաբաղի «վերաինտեգրման» ֆասադի հետևում

Ադրբեջանական նոր բնակավայրերի բնակիչները պարբերաբար բողոքում են իրենց տրամադրված տների ցածր որակից։ Մի տեսանյութում, որը նկարահանել է Լաչին քաղաքում բնակարան ստացած տղամարդ, երևում է, որ սանդուղքը տանում է ոչ թե դռան, այլ պատի՝ մեկ մետր հեռավորության վրա։ Տղամարդը նաև դժգոհում է շինարարության ընթացքում օգտագործված նյութերի ցածր որակից։

Նույն պատճառներով որոշ բնակավայրեր լուրջ վնասներ են կրել անձրևներից․ ճանապարհները քայքայվել են, իսկ փողոցները՝ քշվել ջրահոսքից։ Բացի այդ, շատ ադրբեջանցիներ ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ փախստականներին բնակեցնում են միանման տներում, որոնք միմյանց չափազանց մոտ են կառուցված։ Միևնույն ժամանակ, նրանց չեն վերադարձրել այն հողերը, որոնց տերն էին նրանք պատերազմից առաջ՝ թեև դա ամրագրված է օրենքով։

Թթենիների նոր այգի Աստղաշեն գյուղում, 2025-ի սեպտեմբեր

Հողը հնարավոր է միայն վարձակալել։ Իսկ լրատվամիջոցները նշում են, որ ամենաբերրի տարածքները անցել են կոնկրետ ընկերությունների ձեռքը։ Ղարաբաղում շինարարական խոշոր ծրագրերի և հողերի զգալի մասը հայտնվել է հոլդինգների և այնպիսի ընկերությունների վերահսկողության տակ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են իշխող էլիտայի հետ։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի քաղաքացիների մուտքը տարածաշրջան հնարավոր է միայն իշխանությունների թույլտվությամբ կամ այն դեպքում, եթե ձեռք է բերվում զբոսաշրջային փաթեթ Շուշիում հյուրանոցի համարի ամրագրումով (այդ դեպքում թույլտվությունը ձևակերպում է հենց հյուրանոցը)։ 2025-ի հուլիսից Ղարաբաղում մնալու թույլատրելի ժամկետը երկարացվել է մինչև հինգ օր։

Այն մասին, որ Ղարաբաղի փախստականները զրկված են իրավունքներից, վերջերս հայտարարել է «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին․ «Այսօր էլ ղարաբաղցիները չեն ստացել հողային բարեփոխումներից իրենց օրինական բաժինը, իսկ իրենց հայրենի հողեր կարող են գնալ միայն թույլտվությամբ ու միայն կողքից դիտելու համար»։ Քաղաքական գործիչը նաև ընդգծել է․ «Հողերը հիմնականում տրված են նրանց, ովքեր խուսափել են Ղարաբաղյան առաջին պատերազմին մասնակցելուց, ովքեր ազատել են իրենց զավակներին Երկրորդ պատերազմին մասնակցելուց, կամ նրանց, ովքեր Ղարաբաղն առաջին անգամ տեսան միայն 44-օրյա պատերազմից հետո»։ Իսկ տեղի բնակիչներին, ըստ նրա, «առաջարկում են աշխատել այդ «ձեռնարկատերերի» տնտեսություններում, օգտագործել նրանց օբյեկտները կամ վարձակալել իրենց իսկ պապենական հողերը»։

Ազատ մուտքի և մնալու անհնարինությունը, ինչպես նաև կանոնավոր ճնշումները խոչընդոտում են,  որ լրագրողները հետևեն Ղարաբաղի բնակիչների իրավունքների խախտումներին և բացահայետն կոռուպցիոն փաստերը։

Ադրբեջանական անկախ Abzas Media-ն հրապարակել է մի ամբողջ շարք հետաքննություններ, որտեղ ներկայացվում է, թե ինչպես են շինարարության և հողերի պայմանագրերը ստանում իշխանություններին փաստացի պատկանող ընկերությունները։

Իլհամ Ալիևը Աստղաշեն (Դաշբուլաղ) գյուղում։ 2025-ի սեպտեմբեր

Օրինակ՝ տարածաշրջանում գործում է Agro Dairy-ն՝ նախագիծ, որը կառավարվում է հոլդինգային կառուցվածքների միջոցով։ Վերջիններիս բաժնետերերի թվում են Bless և Reveri ընկերությունները։ Իսկ այդ ընկերությունները, իրենց հերթին, կապվում են նախագահի դուստրերի՝ Լեյլա և Արզու Ալիևաների հետ։

Մյուս օրինակն է Pasha Holding-ը։ Ինչպես լրագրողներին պատմել է գյուղատնտեսության մասնագետ Վահիդ Մագեռամովը, այս հոլդինգին, մասնավորապես, բաժին են հասնում «բարձրորակ հերկելի հողեր», և դրա սեփականատերերը շուտով կարող են ամբողջությամբ զավթել բերրի տարածքները՝ «ջրի աղբյուրների հարևանությամբ», մինչդեռ տեղացիներին կմնան միայն «անմշակելի» հողամասեր։

Pasha Holding-ին են պատկանում նաև վերը հիշատակված բնակելի համալիրը Աղդամում և երկու հյուրանոց տարածաշրջանում։ Հոլդինգը կապված է նախագահի ընտանիքի հետ (պետության ղեկավարի կինը՝ Մեհրիբան Ալիևան, նախքան ամուսնությունը կրել է Փաշաևա ազգանունը)։ Նման դեպքերում պետական պայմանագրերը պարբերաբար կնքվում են առանց մրցույթի, ինչպես նշում են լրագրողները։

Իլհամ և Մեհրիբան Ալիևները՝ նորակառույց բազմաբնակարանային համալիրի այցելության ժամանակ Քելբաջարում, 2025-ի օգոստոս։

Նման դեպքերի թվում Abzas Media-ն առանձնացրել է նաև բազմամիլիոնանոց պայմանագրի կնքումը պետական՝ Քաղաքաշինության և ճարտարապետության կոմիտեին ենթակա կառույցի կողմից՝ կառույցի նախագահի տեղակալ Իլգար Իսբաթովի որդուն պատկանող ընկերության հետ։ Բացի այդ, շինարարական աշխատանքների պայմանագրեր են ստացել նաև այն ընկերությունները, որոնք կապ ունեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ընտանիքի և մերձավոր շրջապատի հետ։

Լրագրողները պարզել են, որ հսկայական ֆինանսավորում է տրամադրվել նաև ձևականորեն ոչ առևտրային համարվող Հեյդար Ալիևի հիմնադրամին։ Հիմնադրամի ղեկավարն է Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան։ Հիմնադրամը հանդես է եկել որպես Շուշիում անցկացվող քարոզչական փառատոների կազմակերպիչ։ Նման միջոցառումների ֆինանսավորման զգալի մասը հատկացվում է պետական բյուջեից, սակայն հիմնադրամը չի ներկայացնում ծախսերի հրապարակային հաշվետվություն։

Բաքվի ռազմավարության մեջ առանձին տեղ է զբաղեցնում նաև օդանավակայանների կառուցումը։ Առաջինը՝ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանը, բացվեց դեռ 2021-ին, ընդամենը մեկ տարի անց Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից։ 2022-ին գործարկվեց Զանգելանի նոր օդանավակայանը, իսկ 2025-ին՝ Լաչինի։ Բոլորն ունեն երեք կիլոմետր երկարությամբ վազքուղիների և հարյուրավոր ուղևորների սպասարկման համար նախատեսված տերմինալներ։ Համեմատության համար՝ Ադրբեջանի մնացած տարածքում այսօր գործում է յոթ միջազգային օդանավակայան, բայց դրանցից ակտիվ օգտագործվում են միայն երեքը։

Օդանավակայանները, ճանապարհները և նոր թաղամասերը կոչված են ընդգծելու Ադրբեջանի վերահսկողության վերականգնումը տարածքի վրա և նրա կարողությունը «վերակենդանացնելու» տարածաշրջանը, սակայն միևնույն ժամանակ դրանք առավելապես դիտվում են որպես նախագծեր, որոնք նախատեսված են քարոզչական ազդեցության և արտաքին գործընկերներին ցուցադրելու համար։

Օդանավակայան Լաչինում

Ինչպես մյուս ենթակառուցվածքային ծրագրերը, այնպես էլ օդանավակայանների կառուցումը չի շրջանցվում կոռուպցիոն կասկածներից։ Մեկ հետաքննության արդյունքում լրագրողները պարզել են, որ օդանավակայանների շինարարությամբ զբաղվող ընկերությունները չեն հրապարակում ծախսերի հաշվետվություններ։ Այդ ընկերություններից մի մասը նաև կապվում է ադրբեջանցի բարձրագույն պաշտոնյաների հետ։

Abzas Media-ն, Ղարաբաղում կոռուպցիայի վերաբերյալ հետաքննությունների շարք հրապարակելուց հետո, հայտնվեց իշխանությունների ճնշումների թիրախում։ 2023-ի նոյեմբերին ձերբակալվեցին լրատվամիջոցի յոթ լրագրողներ, այդ թվում՝ տնօրեն Ուլվի Հասանլին և գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆղըզին։ Նրանց բոլորին մեղադրանք առաջադրվեց «փողերի մաքսանենգության» մեջ, որը, ըստ իշխանությունների, հայտնաբերվել էր խուզարկությունների ժամանակ։ Սակայն լրագրողների պաշտպանները պնդում էին, որ գումարը կարող էր լինել «տեղադրված»։ Բոլոր ձերբակալվածները դատապարտվեցին 7.5-ից մինչև 9 տարվա ազատազրկման։

Դրանից հետո իշխանությունները շարունակեցին ճնշումները անկախ մամուլի նկատմամբ և նոր լրագրողների բանտարկեցին։

Ինչպես է Ադրբեջանը վերացնում հայկական ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում

Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո Բաքուն անցավ հայկական ներկայության հետքերի աստիճանական ոչնչացմանը։ Քանդվեցին չճանաչված Արցախի խորհրդարանի և ԱԳՆ-ի շենքերը։ Դա խորհրդանշական քայլ էր, որը լայնորեն լուսաբանվեց պետական լրատվամիջոցներում։ Բացի դրանից, արձանագրվեցին դեպքեր, երբ ոչնչացվեցին այն գյուղերը, որտեղ նախկինում ապրում էին հայեր, ինչպես նաև գերեզմանատներ և մի շարք եկեղեցիներ։

2021-ին ադրբեջանցի պատգամավոր Ժալյա Ահմեդովան հրապարակեց տեսանյութ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուց, որը 2020-ին անցել էր Ադրբեջանի վերահսկողության տակ։ Եկեղեցում լրագրողների տեսախցիկների առաջ միասին աղոթում էին մի քանի քրիստոնեական դավանանքների հոգևորականներ, որոնց հատուկ բերել էին՝ հանդուրժողականության և կրոնական բազմազանության մթնոլորտ ցուցադրելու նպատակով։

Սակայն արդեն 2023–2024 թվականներին 19-րդ դարում կառուցված այս եկեղեցին ամբողջությամբ քանդվեց։ Այդ մասին հայտնեց ամերիկահայերի Caucasus Heritage Watch (CHW) ծրագիրը, որը Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացումը վավերագրում է բաց հասանելիությամբ տարածված տեսանյութերի և արբանյակային պատկերների հիման վրա։

Արբանյակային պատկերներ, որոնք փաստում են Շուշիում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ավերումը (Caucasus Heritage Watch, Monitoring Report #7 June 2024)

CHW և Bellingcat-ի վկայությունները հայկական ժառանգության և բնակավայրերի ոչնչացման մասին

2024-ի գարնանը հրապարակված Caucasus Heritage Watch (CHW) ծրագրի զեկույցում նշվում էր, որ 2023-ի աշնանից ամբողջովին ավերված օբյեկտների թիվը աճել է 75 տոկոսով։ Փաստագրվել էին առնվազն վեց նոր ոչնչացված հուշարձաններ և մի շարք օբյեկտներ՝ կրիտիկական վտանգի տակ։ Վերլուծաբանները նկատել էին հին գերեզմանատների ավերում, այդ թվում՝ Շուշիում, ինչպես նաև միջնադարյան եկեղեցիների, օրինակ՝ IX–XIII դարերի Կոհակի Սրբավայրը։ Որոշ հուշարձաններ վնասվել են, սակայն դեռ պահպանվում են։

Հետաքննական նախագիծ Bellingcat-ը ևս բացահայտել էր, որ Ադրբեջանի իշխանությունները քանդել են բազմաթիվ բնակելի տներ Ստեփանակերտում։ Մասնավորապես, շենքերը ոչնչացվել էին Ղարաբաղի համալսարանի նոր համալսարանական ավանի կառուցման համար։ Հետազոտողները նաև հայտնաբերել էին տների մոտ կուտակված աղբի մեծ կույտեր, որոնք կարող էին վկայել հայերի թողած բնակարանների կողոպուտի մասին։

Բաքուն Ղարաբաղի վերադարձից հետո քանդում էր ոչ միայն առանձին շինություններ, այլև ամբողջական հայկական գյուղեր։ Օրինակ՝ Քարին Տակն ամբողջությամբ ոչնչացվեց, իսկ նրա տեղում այժմ կառուցվում է մզկիթ։ 2023-ին շինհրապարակ անձամբ այցելել էր Իլհամ Ալիևը։ Նույն ձևով ավերվել էին մի շարք այլ գյուղեր։

Ղարաբաղի յուրացման և հայկական ժառանգության ժխտման քաղաքականությունը

Այս գործողությունները համաձայնեցված են Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության հետ՝ Ղարաբաղը ներկայացնելու որպես «իսկական ադրբեջանական հող», որտեղ իբր դարեր շարունակ ապրել են միայն ադրբեջանցիներ։ Պաշտոնական մակարդակով Բաքուն ոչ միայն ժխտում է հայկական ժառանգությունը Ղարաբաղում, այլև ամբողջ Հարավային Կովկասում։ Իլհամ Ալիևը անգամ ժամանակակից Հայաստանը կոչում է «Ադրբեջանի հնագույն հողեր»։ Բաքվի վարկածով՝ հայերին Կովկաս են տեղափոխել ռուսները 19-րդ դարում, թեև համաշխարհային պատմագրությունը նման մեկնաբանության հետ համաձայն չէ։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի լրատվամիջոցներում և կրթական համակարգում քարոզվում է հայատյացություն։

Այն հուշարձանները, որոնք Ադրբեջանը տարբեր պատճառներով չի կարողանում քանդել, ներկայացվում են որպես Կովկասյան Աղվանքի ժառանգություն․ սա հնագույն պետություն էր, որը գտնվում էր ժամանակակից Ադրբեջանի տարածքում։ Պաշտոնական ժողովածուները և «կովկասյան աղվանագիտության» հրապարակումները տպագրվում են պետական կառույցների հովանավորությամբ և օգտագործվում որպես նոր «վերագրումների» ապացույցներ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն բազմիցս նշել է հուշարձանների պահպանման և դիտարկման առաքելությունների մուտքի անհրաժեշտությունը, սակայն Ադրբեջանը տարբեր պատրվակներով մերժել է դրանք։ Եվրոպական խորհրդարանն իր առանձին բանաձևերում և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պարբերաբար կոչ են արել ապահովել լիարժեք մոնիտորինգ և թույլատրել միջազգային առաքելությունների մուտքը տարածաշրջան։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում