Գլխավոր Լրահոս

Թբիլիսիում ցուցարարները գրոհել են նախագահական պալատը 

Թբիլիսիում ցուցարարները գրոհել են նախագահական պալատը 

Թբիլիսիում շաբաթ օրը երեկոյան բախումներ են սկսվել, երբ ընդդիմադիր ցուցարարների մի խումբ կոտրել է դարպասները և ներխուժել նախագահական նստավայրի բակ։ Ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ՝ փորձելով դուրս մղել ներխուժածներին։ Ցուցարարները դեպքի վայրում բարիկադներ են սարքել։

Բողոքի ալիքը սկսվել է տեղական ինքնակառավարման ընտրություններից հետո։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է իշխող «Վրացական երազանքի» հաղթանակի մասին՝ ընդգծելով, որ կուսակցությունը բոլոր քաղաքներում և գյուղերում հավաքել է ավելի քան 70 տոկոս ձայն։ 

Սակայն ընդդիմադիրների մեծ մասը բոյկոտել է ընտրությունները՝ պնդելով, որ իշխանությունների ճնշումների պայմաններում դրանք արդեն իսկ կորցրել էին իմաստը։ Ընտրություններին չեն մասնակցել նաև միջազգային դիտորդներ և հեղինակավոր տեղական կազմակերպություններ։

Ընդդիմադիր դաշտում իրավիճակն այս ամիսներին սրվել է։ Ընդդիմադիր մի շարք առաջնորդներ՝ Նիկա Մելիան, Նիկա Գվարամիան, Զուրաբ Ջափարիձեն և այլք, կալանքի տակ են՝ տարբեր գործերի շրջանակում։ Նրանց կողմնակիցները պնդում են, որ ձերբակալությունները քաղաքական հաշվեհարդար են։ Նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որ նույնպես ընդդիմադիր ճամբարում է, հայտարարել է, որ նախագահական պալատի գրոհի փորձը կարող էր լինել հենց իշխանությունների կազմակերպած սադրանք՝ հասարակության մեկ տարվա խաղաղ բողոքը վարկաբեկելու նպատակով։

Ազատության հրապարակում միևնույն ժամանակ տեղի է ունեցել խաղաղ հանրահավաք․ հազարավոր մարդիկ դուրս էին եկել Վրաստանի և ԵՄ դրոշներով՝ պահանջելով երկրում ազատ ընտրություններ և եվրոպական ինտեգրման ուղու վերականգնում։ 

2024 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմությունն իշխանություններին մեղադրել էր խախտումների մեջ։ Այդ ժամանակ նորանշանակ վարչապետ Կոբախիձեն կասեցրեց Վրաստանի անդամակցության բանակցությունները ԵՄ-ի հետ՝ պատճառաբանելով, որ երկրին անհրաժեշտ է ներքին կայունություն։ Այդ որոշումն ընկալվեց որպես եվրոպական ապագայի մերժում և դարձավ բողոքի շարժման հիմնական դրդապատճառը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում