Գլխավոր Լրահոս

«Վրացական երազանքը» որոշիչ հաղթանակ է տարել ՏԻՄ ընտրություններում, ընդդիմությունը՝ բոյկոտել գործընթացը

«Վրացական երազանքը» որոշիչ հաղթանակ է տարել ՏԻՄ ընտրություններում, ընդդիմությունը՝ բոյկոտել գործընթացը

Միխեիլ Գվաձաբիա, OC Media 

Ըստ նախնական արդյունքների՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խոշոր առավելությամբ հաղթել է շաբաթ օրը կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում, որոնք բոյկոտել էին երկրի խոշոր ընդդիմադիր ուժերը։ Ընտրության օրն ընդդիմադիր գործիչների նախապես հայտարարած «խաղաղ հեղափոխությունը» չկայացավ․ նախագահական պալատ ներխուժելու կարճատև փորձը ոստիկանությունը հետ մղեց։

Կիրակի առավոտյան ժամը 01:00-ի դրությամբ հաշվարկված էր քվեների 75 տոկոսը։ «Վրացական երազանքն» ստանում է ձայների 81 տոկոսը։ Դա գրեթե անխուսափելիորեն կուսակցությանը կապահովի մեծամասնություն երկրի բոլոր համայնքային խորհուրդներում։ Կուսակցության թեկնածուներն առաջատար էին նաև բոլոր քաղաքապետական մրցապայքարներում՝ 64 քաղաքներից ու համայնքներից 26-ում ընտրություններին մասնակցելով առհասարակ առանց մրցակիցների։

Պաշտոնական մասնակցությունը կազմել է ընդամենը 41 տոկոս՝ Վրաստանի անկախությունից հետո ամենացածրը՝ ըստ Batumelebi-ի։ Մասնակցությունը հատկապես ցածր է եղել Թբիլիսիում՝ շարունակվող հակակառավարական ցույցերի կենտրոնում․ այստեղ քվեարկել է միայն 31 տոկոսը՝ ըստ պաշտոնական տվյալների։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդել է, որ ընտրությունները տեղի են ունեցել կազմակերպված կերպով։ Սակայն հիմնական տեղական դիտորդական կառույցները հրաժարվել էին հետևել ընտրություններին՝ նշելով անցած տարվա խորհրդարանական ընտրությունների կեղծիքները։ ԵԱՀԿ-ն՝ Վրաստանում ամենամեծ միջազգային դիտորդական առաքելությունը, նույնպես չի ուղարկել դիտորդներ՝ հայտարարելով, որ կառավարությունը հրավեր է ուղարկել այնքան ուշ, որ անհնար էր կազմակերպել «իմաստալից» դիտարկում։

Հազարավոր մարդիկ հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում՝ բողոքի ցույցի համար։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի / OC Media։

Քվեարկության ընթացքում ցուցարարներ էին հավաքվել Թբիլիսիի կենտրոնում՝ մի քանի ընդդիմադիր գործիչների նախաձեռնած հանրահավաքում, որի մասին շաբաթներ շարունակ հայտարարվում էր և դա ներկայացվում էր որպես «խաղաղ հեղափոխություն» կամ «խաղաղ իշխանափոխություն»։

Ցուցարարների թիվը մեծ էր․ ավելի քան 300 օր առաջ սկսված և վերջին ամիսներին թուլացած բողոքի ալիքը նոր թափ ստացավ, երբ տասնյակ հազարավոր մարդիկ հեղեղեցին մայրաքաղաքի կենտրոնը։

Իրավիճակն առավել բորբոքվեց, երբ հանրահավաքի նախաձեռնողներից մեկը՝ օպերային երգիչ Պաատա Բուրջուլաձեն, ընթերցեց «հռչակագիր», որով հայտարարվեց, որ իշխանությունը Վրաստանում այժմ պատկանում է ժողովրդին, «Վրացական երազանքն» ապօրինի է, և պահանջվում է, որ ուժային կառույցները ձերբակալեն իշխող կուսակցության առաջնորդներին և անցնեն ժողովրդի կողմը։

Այնուհետև մյուս կազմակերպիչներից մեկը դիմեց հավաքվածներին՝ հատկապես տղամարդ ցուցարարներին, կոչ անելով շարժվել դեպի Նախագահական պալատ՝ որպես «ժողովրդի իշխանությունը այլևս չարտահայտող պետական հաստատությունների վերահսկողությունը վերականգնելու» փորձ։

Պատնեշը՝ կրակի մեջ։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի / OC Media։

Ցուցարարներին հաջողվեց քանդել նախագահական պալատի պարիսպի մի մասը և կարճ ժամանակով ներթափանցել տարածք։ Սակայն շուտով միջամտեց հատուկ նշանակության ոստիկանությունը՝ կիրառելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ՝ հետ մղելով ցուցարարներին։ Դրանից հետո բախումներ սկսվեցին․ ցուցարարները կառուցում էին պատնեշներ և հրկիզումներ կատարում։

Պալատ ներխուժելու փորձի ձախողումը շփոթություն առաջացրեց ցուցարարների շրջանում․ շատերը դժգոհում էին կազմակերպիչներից՝ որևէ հստակ գործողության պլան չհաղորդելու համար։

Ցուցարարների մեծ մասը վերադարձավ խորհրդարանի շենքի մոտ, որտեղից աստիճանաբար ցրվեցին, թեև նախագահական պալատի մերձակայքում բախումները շարունակվեցին։

Կազմակերպիչները հետագայում փորձեցին մեղմել բողոքի մասնակիցների ակնհայտ դժգոհությունը՝ հանդես գալով մի քանի ելույթներով։

«Չկա երկու կամ երեք ժամ տևողությամբ հեղափոխություն։ Դա գործընթաց է, որը պահանջում է օրեր տևող պայքար, դիմադրություն, և հեղափոխությունը կհաղթի»,- ըստ IPN-ի՝ ասել է ընդդիմադիր գործիչ Մուրթազ Զոդելավան։

Շաբաթ օրվա բողոքի ցույցը վաղուց էր պլանավորված․ ընդդիմադիր մի շարք գործիչներ՝ այդ թվում Բուրջուլաձեն, Զոդելավան և ուրիշներ, շաբաթներ շարունակ հայտարարել էին հավաքի մասին և բարձրացրել արագ փոփոխությունների սպասումները։ Մի պահ Բուրջուլաձեն անգամ պնդել էր․ «Մենք սկսում ենք ժամը 4-ին և ավարտում ժամը 4-ին»։

Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները՝ զինված հատուկ միջոցներով, ներխուժեցին հիվանդանոց, որտեղ բուժում էր ստանում Բուրջուլաձեն, և ձերբակալեցին նրան։

Այնուհետև ոստիկանությունը ձերբակալեց ՄԱԿ (Միացյալ ազգային շարժում) կուսակցության անդամ Իրակլի Նադիրաձեին, ինչպես նաև ընդդիմադիր գործիչներ Մուրթազ Զոդելավային, Պաատա Մանջգալաձեին և Լաշա Բերիձեին, որոնք բոլորը Բուրջուլաձեի կողմից երեկոյան ներկայացված «կազմակերպչական կոմիտեի» անդամներ էին։ Նադիրաձեն և Զոդելավան ձերբակալվել են խորհրդարանի շենքի դիմաց, որտեղ դեռ մնացել էին մի քանի ցուցարարներ։

Ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ տեղի ունեցածի առնչությամբ հարուցվել է քննություն՝ Քրեական օրենսգրքի չորս հոդվածներով՝ սահմանադրական կարգի տապալման փորձ, խմբային բռնություն, ռազմավարական օբյեկտի գրավում կամ արգելափակում, ինչպես նաև գույքի վնասում կամ ոչնչացում։

Սպասվող նոր ձերբակալություններ 

Իշխանությունները ընտրությունների արդյունքները հաղթական տրամադրությամբ են ընդունել։

Քվեարկության տեղամասերի փակվելուց հետո «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնակայանում կայացած ղեկավարների հավաքում կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ իրենք «պատվեցին իրենց նախնիներին»՝ հաղթելով ընտրություններում։ «Սա այն է, ինչին Վրաստանը արժանի է։ Սա այն է, ինչին արժանի է մեր պատմությունը։ Սա այն է, ինչին արժանի են մեր գեները»,- ասաց նա։

Այնուհետև նա հանդես եկավ «գործակալների» սուր քննադատությամբ՝ նկատի ունենալով կուսակցության գաղափարական առանցքը, ըստ որի՝ Վրաստանը դիմադրում է Արևմուտքի կողմից վերահսկվող «գլոբալ պատերազմի կուսակցության» ճնշմանը։

«[Այդ գործակալների] հետևում կանգնած է ավելի մեծ չարիք, և քաղաքականությունը հասկացող ցանկացած մարդ շատ լավ գիտի, թե որ ուժերն են նրանց աջակցում, և ինչ է այսօր տեղի ունենում աշխարհում»,- ասաց Իվանիշվիլին։ «Մենք ամենատաղանդավոր ազգն ենք և դա ապացուցել ենք․ մենք միակ պետությունն ենք, որ կարողացավ միասնությամբ ազատվել դրսից կառավարվող այս նվաճողական ուժից։ Մենք աստիճանաբար վերականգնում ենք մեր ինքնիշխանությունը»։

Գիշերվա ընթացքում պաշտոնյաները նաև ակնարկեցին հնարավոր նոր ճնշումների ալիքի մասին։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ առաջիկա օրերին կիրառվելու են «խիստ միջոցներ» և կլինեն լրացուցիչ ձերբակալություններ։ Տասնյակ ցուցարարներ արդեն իսկ բանտարկվել են նախկին հանրահավաքների մասնակցության համար, իսկ ընդդիմության գրեթե բոլոր առաջատար քաղաքական գործիչները կալանքի տակ են։

Իր ելույթներում Կոբախիձեն կրկնեց ընդդիմախոսների հասցեին հաճախ հնչեցվող մեղադրանքները՝ ցույցը նկարագրելով որպես «օտար հետախուզական ծառայությունների կողմից կազմակերպված»։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ բողոքի ցույցերից հետո հիվանդանոց է տեղափոխվել վեց ցուցարար և 21 ոստիկան։

Այս հոդվածը հրապարակվում է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում