Գլխավոր Լրահոս

Առողջության համընդհանուր ապահովագրությունը տարեկան կարժենա 300 մլրդ դրամ. Վահե Հովհաննիսյան

Առողջության համընդհանուր ապահովագրությունը տարեկան կարժենա 300 մլրդ դրամ. Վահե Հովհաննիսյան

Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ամբողջական ներդրումը պետական բյուջեի համար տարեկան կարժենա մոտ 300 մրդ դրամ. «ՍիվիլՆեթ բինզես»-ի հետ զրույցում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով 2026 թվականից մեկնարկող բարեփոխման ֆինանսական կողմին։

2019 թվականից մի քանի անգամ խոստացված, բայց այդպես էլ կյանքի չկոչված բարեփոխման ներդրման հարցում, ըստ ֆինանսների նախարարի, իշխանությունն այժմ ավելի հաստատակամ է տրամադրված:    

Վահե Հովհաննիսյանը վստահեցրեց, որ իշխանությունները մտադիր են ապահովել համակարգի շարունակականությունը՝ բացառելով դրա չեղարկումը ֆինանսական խնդիրների պատճառով։ 

«Այնպես չէ, որ մենք ներդնում ենք այս ծրագիրը, որ հետո չեղարկվի։ Սա փուլային ներդրվող համակարգ է, որը պետք է գործի ընդմիշտ», - ընդգծեց Հովհաննիսյանը։

Համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգը կներդրվի փուլերով։ Ինչպես հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, 2026 թվականին մեկնարկող առաջին փուլում կընդգրկվեն մինչև 18 տարեկան երեխաներն ու 65-ից բարձր տարիքի քաղաքացիները։ 

Հետագա երկու տարիների ընթացքում ծրագրին կմիանան նաև հաշմանդամություն ունեցող և սոցիալական նպաստ ստացող քաղաքացիները։ Ըստ առողջապահության նախարարության՝ մինչև 2029 թվականը նախատեսվում է ապահովագրել բնակչության 85 տոկոսը։ Համակարգը կգործի նաև համավճարի սկզբունքով, որի չափը տարբեր կլինի՝ կախված քաղաքացիների սոցիալական խմբերից։

Սկզբնական փուլում աշխատող քաղաքացիները համակարգից օգտվելու համար կվճարեն ամսական 10,800 դրամ։ 2028 թվականից սակագինը կվերանայվի՝ հասնելով ամսական 13,700 դրամի (տարեկան 164,400 դրամ)։ Հատկանշական է, որ առաջին իսկ փուլում, սեփական ցանկությամբ, ինչպես հավաստիացնում են առողջապանության նախարարությունից, ծրագրին կմիանա նաև ամսական 200 հազար դրամից բարձր եկամուտ ունեցող մոտ 190 հազար աշխատող։

Համակարգի ներդրման փուլային մոտեցումը, ինչպես նշեց նախարար Վահե Հովհաննիսյանը,  պայմանավորված է երկու հիմնական գործոնով՝ համակարգի նոր լինելը և պետության ֆինանսական հնարավորությունները։

Հարցազրույցում նա վստահեցրեց, որ համակարգի մանրամասների շուրջ երկարատև քննարկումներ են տեղի ունեցել Ֆինանսների և առողջապահության նախարարությունների միջև, և արդյունքում ձեռք է բերվել «հավասարակշռված տարբերակ»։

«Ես չէի ասի, որ մեր բոլոր մտահոգությունները փարատված են, և չէի ասի, որ առողջապահության նախարարությունը ստացել է իդեալապես այն, ինչ ուզում էր։ Սա հավասարակշռված տարբերակ է», - ասաց նա։

Ֆինանսների նախարարության հիմնական մտահոգություններից մեկը կապված է եղել բուժօգնության պահանջարկի կանխատեսման հետ, քանի որ հարյուր հազարավոր քաղաքացիներ ստանալու են անվճար բուժօգնության հնարավորություն։ Այս ռիսկերը զսպելու համար իրականացվել են հաշվարկներ՝ քաղաքացիների հնարավոր վարքագիծը կանխատեսելու համար։

Նախարարը նաև հավելեց, որ համակարգը ճկուն է լինելու, և գործնականում ի հայտ եկած խնդիրներին համապատասխան՝ ընթացքում կմտցվեն անհրաժեշտ ճշգրտումներ։

Արշալույս Մղդեսյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում