Շինհրապարակները պատշաճ չկահավորած կառուցապատողները կզրկվեն արտոնություններից․ քաղաքապետ

Շինհրապարակները պատշաճ չկահավորած կառուցապատողները կզրկվեն արտոնություններից։ Այս մասին այսօր հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ գործակարքավարական նիստի ժամանակ։
«Հաջորդ տարի դիտարկելու ենք հնարավոր տարատեսակ արտոնությունները կառուցապատողների հետ կապված, մասնավորապես շինթույլտվության ժամկետների երկարացման հնարավոր վճարների, տուրքերի արտոնությունները, նաև դիտարկվելու են շինհրապարակների կահավորման կոնտեքստում։ Մեր գործընկերներն այսօրվանից պետք է իմանան, որ իրենց շինհրապարակները ոչ պատշաճ կերպով կահավորելու դեպքում չեն ունենալու այն արտոնությունները, ինչ որ կունենային, եթե պատշաճ կահավորած լինեին»,- ասաց քաղաքապետը։
Ավինյանի խոսքով՝ կառուցապատողներն ինչպիսի վերաբերմունք կցուցաբերեն ավագանու որոշման նկատմամբ՝ համապատասխան վերաբերմունք էլ ավագանին կցուցաբերի կառուցապատողների նկատմամբ։
«Հարգելի կառուցապատողներ, հաշվի առեք, որ ձեր չտեղադրված փոշու կլանիչ ցանցերը, ձեր չտեղադրված օդի որակի չափիչ սարքերը, ձեր ոչ պատշաճ կահավորումը ֆինանսապես էականորեն ազդելու է ձեզ վրա։ Վստահաբար եմ ասում, և ուզում եմ հատուկ շեշտել, սա այն է լինելու, ինչ մենք ավագանիով դեկտեմբերին որոշումն ընդունելու ենք, և հետևապես, հարգելի կառուցապատողներ, խնդրում եմ այս ուղերձը շատ ուշադիր լսեք, որովհետև հաջորդ տարի կարող է շատ բարդ տարի լինի ձեզ համար այս առումով»,- ասաց քաղաքապետը։
Անդրադառնալով օդի ախտոտվածության մակարդակին՝ քաղաքապետը նշեց, որ ձմռան ամիսներին սկսվելու են օդի որակի հետ կապված խնդիրները, և այդ առումով կառուցապատողներին զգուշացրեց՝ կանոնները չպահպանեն՝ կփոշմանեն։
«Հարգելիներս, ես ձեզ վստահեցնում եմ, դուք հարյուրավոր, միլիոնավոր դրամներ եք վճարելու անպատասխանատու վերաբերմունքի համար։ Ես ձեզ դա վստահեցնում եմ։ Այն ավագանու որոշումը, որ այս դեկտեմբերին կընդունվի, ուղղակիորեն ազդելու է ձեր ֆինանսական վիճակի վրա։ Ով Երևանի ավագանու կողմից ընդունված քաղաքականությունը չպահպանեց՝ շատ և շատ փոշմանելու է, շատ և շատ փոշմանելու է»,- ասաց Ավինյանը։
Թեմա
Civilnet










