Եկամուտների հայտարարագրման գործընթացը կպարզեցվի․ Բաբկեն Թունյան

Եկամուտների հայտարարագրման գործընթացը կպարզեցվի։ Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգում սպասվող փոփոխությունների մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։
Պատգամավորի խոսքով՝ եթե գործող կարգով քաղաքացիները պարտավոր են մինչև նոյեմբերի 1-ը մուտք գործել համապատասխան հարթակ և հաստատել իրենց եկամուտների մասին նախապես լրացված տվյալները, ապա նոր կարգավորմամբ այս պահանջը փոխվում է։
Համակարգ մուտք չգործելը կդիտարկվի որպես համաձայնություն
Ըստ Թունյանի՝ եթե քաղաքացին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից արդեն իսկ հայտնի եկամուտներից (օրինակ՝ աշխատավարձ) բացի այլ եկամուտ չունի և լրացնելու կամ ճշտելու տվյալներ չունի, նա կարող է պարզապես չմտնել հայտարարագրման համակարգ։ Վերջնաժամկետից՝ նոյեմբերի 1-ից հետո, նման դեպքերում հայտարարագիրը կհամարվի ավտոմատ կերպով ներկայացված՝ ՊԵԿ-ի տրամադրության տակ եղած տեղեկատվության հիման վրա։
«Այսինքն, հայտարարագիրը չլրացնելու համար որևէ պատասխանատվություն չի լինի», - նշել է պատգամավորը։
Սակայն այս պարզեցումը չի վերաբերում այն քաղաքացիներին, որոնք ունեն ՊԵԿ-ին ոչ հասանելի եկամուտներ (օրինակ՝ վարձակալությունից ստացված եկամուտ)։ Եթե հետագայում պարզվի, որ քաղաքացին ունեցել է չհայտարարագրված եկամուտ, նա կենթարկվի օրենքով սահմանված պատասխանատվության։
Պատժիչ մեխանիզմից՝ դեպի մոտիվացիոն համակարգ
Փոփոխությունների մեկ այլ կարևոր կետը «պատժիչ տրամաբանությունից» «մոտիվացիոն տրամաբանությանն» անցումն է։ Թեև հայտարարագիր ակտիվորեն չներկայացնելու համար տուգանք չի սահմանվի, սակայն սոցիալական վերադարձներից (քեշբեք) օգտվելու համար քաղաքացու ակտիվ մասնակցությունը կլինի պարտադիր։
«Քաղաքացին սոցիալական կրեդիտներից կկարողանա օգտվել, այսինքն՝ կրթության և առողջապահության վրա կատարված ծախսերի փոխհատուցում կարող է ստանալ միայն այն դեպքում, երբ ինքը մուտք կգործի և գոնե կհաստատի այդ հայտարարագիրը», - ընդգծել է Թունյանը։
ՊԵԿ-ի լիազորությունների ընդլայնում
Գործընթացը հնարավորինս ավտոմատացնելու համար նախագծով ՊԵԿ-ին տրվում են նոր գործիքներ՝ ավելի շատ տեղեկատվություն ստանալու նպատակով։ Մասնավորապես, նախատեսվում է օժանդակ ֆունկցիա, որի համաձայն՝ քաղաքացին կարող է հենց համակարգում իր համաձայնությունը տալ, որպեսզի ՊԵԿ-ը բանկերից ստանա նրա ավանդներից գոյացած եկամուտների տվյալները և ավտոմատ կերպով լրացնի հայտարարագրում։ Եթե քաղաքացին չցանկանա, նա կարող է այդ տվյալներն ինքնուրույն ստանալ և լրացնել։
Նախաձեռնությունը մշակվել է կառավարության հետ համատեղ և շրջանառության մեջ կդրվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից։ Նախատեսվում է այն ընդունել արտահերթ ռեժիմով, որպեսզի օրենքն ուժի մեջ մտնի մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը։
Civilnet










