Գլխավոր Լրահոս

«Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման համար կներդրվի 500 մլն դոլար 

«Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման համար կներդրվի 500 մլն դոլար 

Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զգալի աճին զուգահեռ՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը պատրաստվում է ընդլայնման։ Օդանավակայանի օպերատոր «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հայտարարել է առաջիկա տասը տարում 500 մլն դոլար ներդրմամբ օդանավակայանի տարածքը զգալիորեն ընդլայնելու մասին՝ նպատակ ունենալով բավարարել ուղևորահոսքի կտրուկ աճը։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը շահագործող արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը նախատեսում է իրականացնել լայնածավալ ընդլայնման ծրագիր՝ պայմանավորված ուղևորահոսքի արագ աճով։ Այդ մասին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն, որի հետ զրույցը հրապարակվել է Forbes-ի հավելվածում՝ բիզնես նախաձեռնության շրջանակում, որն ամբողջությամբ նվիրված է եղել Հայաստանին: 

Վերջին երկու տարում, ինչպես հայտնել է Վենդեն, Հայաստանի օդանավակայաններում ուղևորների թիվը գերազանցել է բոլոր կանխատեսումները՝ հասնելով տարեկան ավելի քան 5,5 մլնի, թեպետ տերմինալը նախատեսված է ընդամենը 3-4 մլն ուղևորի համար: 

«Մեր թիմը քրտնաջան աշխատել է՝ արդիականացնելով սարքավորումները, ընդլայնելով վերապատրաստումները և ներգրավելով նոր աշխատակիցների՝ ծառայությունների մակարդակը բարձր պահելու համար, սակայն մեր ներկայիս կարողությունները ծայրահեղ ծանրաբեռնված են։ Տերմինալը նախատեսված էր ընդամենը 3–4 մլն ուղևորի համար, ուստի ընդլայնումը կենսական նշանակություն ունի՝ Հայաստանի գլխավոր դարպասով անցնող յուրաքանչյուր ճանապարհորդի անվտանգությունը, հարմարավետությունն ու արդյունավետությունը պահպանելու համար», - նշել է Վենդեն։

2001 թվականից օդանավակայանի կառավարումը ստանձնած ընկերությունն այժմ պատրաստվում է մեծածավալ ներդրման՝ ապագա աճին համապատասխանելու և այն սպասարկելու նպատակով: 

«Այժմ ապագա աճին համապատասխանելու համար մենք նախատեսում ենք 500 մլն դոլարի ներդրմամբ կրկնապատկել օդանավակայանի չափերը։ Նստեցման դարպասների թիվը վեցից կդառնա տասնվեց։ Ժամանման սրահները, անձնագրային և մաքսային գոտիները կավելանան ավելի քան երկու անգամ։ Կավելացնենք ժամանակակից սպասասրահներ, կընդլայնենք ավտոկայանատեղին և կբարելավենք հասարակական տրանսպորտի հասանելիությունը», - մանրամասնել է Մարսելո Վենդեն։

Ընկերության ղեկավարը նաև հավելել է, որ նախապատրաստվում են անձնագրերի ավտոմատացված թվային ստուգման սարքերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրմանը, ինչը կհեշտացնի Հայաստանի քաղաքացիների ճամփորդությունը. հատկապես դեպի Եվրոպա։ 

«Մեր նպատակն է ամրապնդել Հայաստանի դիրքերը՝ որպես տարածաշրջանային մրցունակ հանգույց», - նշել է նա՝ հավելելով, որ նոր ավիաընկերություններ ներգրավելու և նոր ուղղություններ բացելու համար համար սերտորեն համագործակցում են Հայաստանի կառավարության հետ, դրան զուգահեռ կազմակերպում ավիացիոն ոլորտի միջոցառումներ:

Նշենք նաև հարապարակման մեջ տեղ գտած փաստական անճշտությունը՝ Ryanair ավիաընկերության՝ Հայաստանում բազավորվելու մասին, որը վերագրվում է Վենդեին։ Իրականում Հայաստանում վերջերս բազա է հիմնել և երկու ինքնաթիռ է տեղակայել Wizz Air բյուջետային ավիաընկերությունը։ Հենց վերջինս է, որ պաշտոնապես հայտարարել է Երևանից դեպի եվրոպական մի շարք քաղաքներ նոր ուղղություններ բացելու մասին:

«Ընդլայնվում են նաև թռիչքները դեպի Հնդկաստան, Չինաստան և Մերձավոր Արևելքի նորքաղաքներ՝ մեծացնելով Հայաստանի ուղղությունների ցանցը։ Մենք շարունակում ենք բանակցել այլ ավիաընկերությունների հետ՝ նոր կապեր ստեղծելու և Եվրոպա ու Ասիա այցելող ճանապարհորդների համար Երևանը գրավիչ կանգառ դարձնելու համար», - եզարփակել է Մարսելո Վենդեն։

Արշալույս Մղդեսյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում