«Ադրբեջանը Նախիջևանին կապողը կոչում եմ «միջանցք», որովհետև չեմ հավատում ճանապարհ ասողի որևէ խոսքին»,- սա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արձագանքն է լրագրողի հարցին, թե ինչու է «միջանցք» խոսույթն օգտագործում, եթե Հայաստանի իշխանություններն ասում են, որ Հայաստանով անցնողը ճանապարհ է լինելու։
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Ռոբերտ Քոչարյանը հրավիրված ասուլիսին «միջանցք» էր անվանում Հայաստանի սուվերեն տարածքով անցնող, Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ճանապարհը։
«Եթե դա ուղղակի ճանապարհ է, ինչու է այդ ճանապարհն առանձնացված այլ ճանապարհների հետ։ Օրինակ Մինսկի խմբի առաջարկներում միշտ եղել է մի կետ՝ ապաշրջափակում, և երբեք չի առանձնացվել այդ ճանապարհը։ Այդ ճանապարհը միայն մեկ անգամ է առանձնացվել՝ Քի Վեսթում։ Բայց այդ ճանապարհի դիմաց Ղարաբաղը Լաչինի միջանցքով միացվում էր Հայաստանի Հանրապետությանը։ Քի Վեսթի բանակցողը ես եմ եղել, ես գիտեի ինչի դիմաց եմ դա տալիս»,- ասաց Քոչարյանը։
***
Հայաստանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ճանապարհն Ադրբեջանի իշխանություններն անվանում են «միջանցք»։ Մինչդեռ Հայաստանի իշխանություններն ասում են, որ դա ընկալվում է որպես տարածքային նկրտում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։
Civilnet











