Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքով՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովին գիտակցաբար են թույլ տվել խախտել օրենքով նախատեսված ժամկետները։
«Այնուհետև մյուս թևին ասել են, եթե ժամկետները խախտել եք ինչու եք բերում ԱԺ լիագումար նիստ՝ քննարկման, ուղարկեք արխիվ։ Պարզ է չէ։ Էնտեղ ուրիշ ինչ պետք է գտնեին, իրենց մեղքերն են գտնելու այդ հանձնաժողովի ուսումնասիրություններում։ Իհարկե կլինեն ներդրված մարդիկ, ովքեր կփորձեն հեքիաթներ պատմել, բայց գերագույն գլխավոր հրամանատարն իրենք են, բոլոր հրամանատարները եղել են իրենց նշանակածները․․․ իհարկե պետք է ասեն՝ բա բանակում էսպես էր, էնպես էր․․․․»,- իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանը։
Հոկտեմբերի 1-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում մի քանի անգամ վստահեցրել էր, որ զեկույցն արխիվ չի ուղարկվելու։ Սակայն այդ հայտարարությունից առնվազն հինգ օր անց՝ հոկտեմբերի 6-ին, Ալեն Սիմոնյանը «շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացրել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել ԱԺ-ի արխիվ»։
Հոկտեմբերի 1-ին Սիմոնյանը նաև հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ ներառելու իրավական հիմք չկա։
Հոկտեմբերի 2-ին էլ ԱԺ նախագահը հայտնել էր, որ զեկույցը կքննարկվի ոչ թե լիագումար նիստում, այլ փակ լսումների ընթացքում։
Civilnet











