2020-ի Լեռնային Ղարաբաղի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի զեկույցն արխիվ ուղարկելու որոշումը կայացվել է զուտ «իրավական և ընթացակարգային» հիմքերով՝ կապված հանձնաժողովի աշխատանքի ժամկետների հետ: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Նա հավելել է, որ զեկույցի ճակատագրի հետ կապված որոշումը գտնվել է Ազգային ժողովի նախագահի իրավասության տիրույթում։
«Որքանով ես հասկացել եմ խնդիրը, և մեր իրավաբանական վարչությունը ևս այդ դիրքորոշումն է արտահայտել, կան ժամկետների հետ կապված հարցեր», - ասել է Կոնջորյանը՝ հերքելով իշխող կուսակցության ներսում տարաձայնությունների կամ զեկույցը քննարկման չդնելու քաղաքական դրդապատճառների առկայության մասին տարածվող լուրերը։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 6-ին հայտարարեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի զեկույցն արխիվ ուղարկելու մասին: Այս քայլը, որ հարուցել է քննադատություն՝ կառավարության թափանցիկության վերաբերյալ, հաջորդել է Ազգային ժողովի նախագահի հոկտեմբերի 1-ին հնչեցրած նախնական հավաստիացումներին, որ զեկույցը, այնուամենայնիվ, կքննարկվի լսումների ձևաչափով։ Դրան զուգահեռ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պնդում էր, որ իրենց հանձնաժողովի կազմած զեկույը «ժամկետանց» չէ, և ըստ կանոնակարգ օրենքի` պետք է քննարկվի խորհրդարանի լիագումար նիստում:
Զեկույցն «արխիվացնելու» որոշումը նշանակում է, որ այս զգայուն փաստաթուղթը չի քննարկվի խորհրդարանի լիագումար նիստում կամ հանրային լսումների ձևաչափով։
Հայկ Կոնջորյանը զեկույցը քննարկել-չքննարկելու վերաբերալ մի քանի օրվա մեջ արտահայտված դիրքորոշումների փոփոխությունը բացատրել է իրավական մեկնաբանությունների բարդությամբ՝ նշելով. «իրավագիտությունը բնագիտություն չէ, և երբեմն նաև մեկնաբանության խնդիր կա»։
Չնայած զեկույցը հանրային քննարկման չի դրվելու, Կոնջորյանն ընդգծել է, որ այն ամբողջությամբ գաղտնի չի պահվի։ Նրա խոսքով՝ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները, այդ թվում՝ ընդդիմադիրները, որոնք ունեն պետական գաղտնիքի հետ աշխատելու թույլտվություն, կարող են ծանոթանալ փաստաթղթի բովանդակությանը։
Պատասխանելով թափանցիկության բացակայության վերաբերյալ մտահոգություններին՝ Կոնջորյանը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում անձամբ ցուցմունք է տվել հանձնաժողովին, ինչը, նրա խոսքով, վկայում է իշխանության հանձնառության մասին։
Նա նաև քննադատել է ընդդիմությանը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու համար՝ պնդելով, որ նրանք խուսափել են պատասխանատվությունից։
«Ինչպե՞ս է ստացվում, որ կառավարության ղեկավարը գնում է և մասնակցում է քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, բայց ընդդիմության ներկայացուցիչները չեն գնում», - հռետորական հարց է ուղղել Կոնջորյանը։
Պատերազմում պարտության պատճառներին տեղեկանալու հանրային պահանջի մասին խոսելիս, իշխող խմբակցության ղեկավարը նշել է, որ քննարկումները բաժանվում են երկու մասի՝ իրավական և քաղաքական։ Նա վկայակոչել է «դավաճանության և դասալքության դեպքերով» հարուցված բազմաթիվ քրեական գործերը, որոնք գտնվում են դատական փուլում։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ պատերազմի քաղաքական պատճառների՝ այդ թվում բանակցային գործընթացի և բանակի մարտունակության վերաբերյալ քննարկումները, բազմիցս են տեղի ունեցել և կշարունակվեն նաև 2026-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում։
Civilnet











