ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի Աշտարակ կատարած այցից անկախ՝ երեկ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ԾԻԳ-ը, ընդամենը մի քանի լրատվամիջոցների ներկայությամբ, ազդարարել է Աշտարակ-Թալին հատվածի հողային աշխատանքների մեկնարկը։ Նույնիսկ նման հապճեպության պայմաններում 41,9 կմ երկարությամբ ճանապարհահատվածի աշխատանքների վերջնաժամկետն ուշացած է 1,5 տարով։
Ասիական զարգացման բանկի «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» «Տրանշ-1»-ով (Երևան-Աշտարակ, Երևան-Արտաշատ) և «Տրանշ-2»-ով (Աշտարակ-Թալին) շինարարական աշխատանքների միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել իսպանական Corsan Corviam Construccion S.A ընկերությունը։ Սակայն Աշտարակ-Թալին ճանապարհային հատվածի հողային աշխատանքներում ներգրավված են «Խաչհար» շինարարական ընկերության մեքենաները։ Պարզ չէ՝ «Խաչհարը» ծրագրում ենթակապալառու է, թե պարզապես վարձակալության է հանձնել մեքենաները։ ԾԻԳ-ից, որը պատասխանատու է «Հյուսիս-Հարավի» իրականացման համար, չհաջողվեց պարզել «Խաչհարի» մասնակցության ձևաչափը, քանի որ պատասխանատուները մեկնել էին Աշտարակի գրասենյակ, ուր պետք է այցելեր Սերժ Սարգսյանը։ Հեռախոսազանգերն անպատասխան մնացին նաև «Խաչհարում»։
Չնայած ԾԻԳ-ը շտապել է ազդարարել Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հողային աշխատանքների մեկնարկը, շինաշխատանքների վերջնաժամկետն արդեն ուշացած է 1,5 տարով։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ ընդհանուր առմամբ $210 մլն-ի աշխատանքները ($170 մլն-ը ԱԶԲ-ի վարկային միջոցներն են) պետք է ավարտվեին 2014թ. դեկտեմբերին։ Անցած տարի ապրիլի 27-ին՝ կառավարության հետ պայմանագրի ստորագրումից հետո, կապալառու Corsan Corviam Construccion S.A-ի նախագահ Ֆրանցիսկո Գարսիա Մարտինը վստահեցրել էր, որ «Տրանշ-2»-ով աշխատանքները կավարտվեն 2015թ. հունիսին. հենց այս ժամկետն է ամրագրված նաև ԱԶԲ պաշտոնական կայքում։ Ուշագրավ է, որ ծրագրի իրականացման մասին տեղեկացնող ցուցանակի վրա շինաշխատանքների վերջնաժամկետ է նշվում 2016թ. մարտի վերջը։
Ստացվում է, որ դեռ չսկսած բուն շինաշխատանքները՝ դրանց ավարտի ժամկետը վերանայվում է արդեն երկրորդ անգամ։ Կապալառուի «ինքնագործունեությունը» կարծես անտեսվել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ԾԻԳ-ի կողմից, իսկ Աշտարակ-Թալին հատվածի շինաշխատանքների մեկնարկը տրվել է ընդամենը մի քանի լրատվամիջոցների ներկայությամբ։
Ընդ որում՝ սա ժամանակացույցի վերանայման միակ դեպքը չէ. «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» ծրագիրը նախատեսվում էր սկսել դեռևս 2009թ. և ավարտել 2017թ. վերջին։ Մեկնարկը, սակայն, տրվեց միայն 2012թ. սեպտեմբերի 13-ին, այն դեպքում, երբ Corsan Corviam Construccion S.A-ը խոստանում էր սկսել մայիսի վերջերին։
«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքը» պետք է ունենա 556 կմ երկարություն (Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա)։ ԱԶԲ-ն ծրագրի համար հաստատել է $500 մլն վարկային գիծ Հայաստանի կառավարության $462 մլն համաֆինանսավորման պայմաններում։ Ասիական բանկը երկու տրանշներով արդեն հատկացրել է $230 մլն։
Ուշագրավ է, որ 2012թ. նոյեմբերի վերջին ԱԶԲ-ն քննարկեց, սակայն չհաստատեց Հայաստանին «Տրանշ-3»-ով $180 մլն միջոցների հատկացումը։ Գումարը պետք է ուղղվեր Թալին-Գյումրի 46 կմ հատվածի վերակառուցմանն ու ներկայիս երկու երթևեկելի գոտիների ընդլայմանը մինչև չորսի։
Բանն այն է, որ «Տրանշ-1»-ով և «Տրանշ-2»-ով առաջացել է ճեղքվածք. կապալառուի մրցույթում տրանսպորտի և կապի նախարարությունը 2012թ. հաղթող է ճանաչել իսպանական Corsan Corviam Construccion S.A. ընկերությանը, որը աշխատանքների համար պահանջել է $250 մլն, ինչը նախատեսված գումարը գերազանցում է $10 մլն-ով։ Կառավարությունը տարբերությունը ցանկանում է փակել «Տրանշ-3»-ի հաշվին, Ասիական բանկում այլ կարծիքի են։ Խնդիրը չի լուծվել մինչ այժմ։
Civilnet











