Գլխավոր Լրահոս

Կաթնամթերքի գների աճ՝ QR կոդերի կիրառման ֆոնին

Կաթնամթերքի գների աճ՝ QR կոդերի կիրառման ֆոնին

Սիրանուշ Ադամյան

Վերջին օրերին պարբերաբար խոսվում է կաթնամթերքի թանկացման մասին։ Խանութներում կաթնամթերք արտադրող որոշ ընկերությունների ապրանքատեսակներ թանկացել են 30-40 կամ ավելի դրամով։ Հնարավոր պատճառը հսկիչ QR կոդերի կիրառումն է ապրանքի վրա։

Կաթնամթերքի QR կոդերի մասին

Խանութներում QR կոդերով են Մարիաննա, Աշտարակ-կաթ, Բոնիլաթ ապրանքանիշները, իսկ քաղաքացիները ավելի շատ շեշտում են Մարիաննայի ու Աշտարակ-կաթի ապրանքների թանկացումը։

Հայաստանում կաթնամթերքի փաթեթավորման վրա հսկիչ QR կոդեր կիրառելու մասին որոշումը կառավարությունը կայացրել է 2024-ի օգոստոսին։ Դրանք պետք է պարտադիր դառնային այս տարվա հոկտեմբերի 1-ից, բայց մեկնարկի ժամկետը հետաձգվել է մինչև հունվարի 1։ Որոշ ընկերություններ արդեն սկսել են QR կոդեր կիրառել իրենց ապրանքատեսակների վրա։

Հայ-Կաթ կաթնամթերք արտադրողների միության նախագահի խոսքով՝ որոշ ընկերությունների կաթնամթերքի թանկացումը QR կոդերի հետ է կապված, ինչը նա բեռ է համարում տնտեսվարողների համար.

«Դրոշմապիտակով աշխատում էինք, հիմա դրոշմապիտակը հանենք, QR կոդ կպցնե՞նք: Ով որ պիտի արտահանի, թող ինքն իր ապրանքների վրա խփի QR կոդը, բայց եթե ներքին շուկայում դրոշմապիտակը կա, որոշում են, որ տնտեսվարողի վրա նոր բեռ իջացնե՞ն»,- ասում է միության նախագահ Խաչատուր Պողոսյանը՝ շեշտելով, որ եթե տնտեսվարողը գումար է ծախսում կոդի համար, ապա ստիպված է գինը բարձրացնել, որպեսզի ֆինանսական կորուստ չունենա։

Նրա խոսքով՝ ինքը որոշման շուրջ իր կարծիքը հայտնել է թե կառավարությանը՝ թե՛ Էկոնոմիկայի նախարարությանը, թե՛ Պետական եկամուտների կոմիտեին։ Գերատեսչություններից իրեն ասել են, որ որոշումը չի փոխվելու։ 

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ևս որոշումը սխալ է համարում.

«Ավելի վաղ բիզնեսը գնում էր, վերցնում էր դրոշմը, փակցնում ու ավարտում էր գործը։ Հիմա ամեն ինչ ավելի բարդ է դարձել․ բիզնեսը պետք է առանձին վերցնի QR կոդը, հետո գնա այլ տեղ՝ այն տպելու համար, ապա կտրտի ու նոր միայն փակցնի։ Այս ամենը ոչ թե էժան է դարձել, այլ հակառակը՝ ավելի թանկ։ Նախկինում գործընթացը մեկ քայլով էր արվում՝ ինչպես, օրինակ, ակցիզի դեպքում․ վերցնում ես, դնում ես, վերջ»,- ասում է Պիպոյանը՝ շեշտելով, որ նաև միայն QR կոդի պատճառով թանկացնելը անազնիվ է համարում։

«Ընկերությունը նույն QR կոդը ծախում է հասարակության վրա ավելի թանկ, քան առել է։ Ինքը առել է վեց դրամով, բայց ծախում է ոչ թե վեց կամ ութ կամ տասը դրամով, այլ  40-50 դրամով»։

ՍիվիլՆեթը կապվեց կաթնամթերք արտադրող գրեթե բոլոր ընկերությունների հետ՝ հասկանալու նրանց կարծիքը որոշման շուրջ։ Գրեթե ոչ մի ընկերություն չցանկացավ այս թեմայով խոսել։ Միայն «Երեմյան կաթնամթերք» ընկերությունից հայտնեցին, որ գոհ են որոշումից, իրենց ապրանքի գինը չեն բարձրացնի, երբ արդեն սկսեն QR կոդերով աշխատել։ Ընկերություններից մեկում էլ նշեցին, որ դա իրենց համար մեծ բեռ է։

QR կոդերի նախապատմություն

Թվային դրոշմավորումը (QR կոդերը) որոշ ապրանքների համար վաղուց են պարտադիր դարձել։ 

Թվային դրոշմավորումը ապրանքի վրա  նույնականացման միջոցի՝ «Դատա մատրիքս» (Data Matrix) թվային ծածկագիր փակցնելն է։ «Դատա մատրիքսը» հատուկ երկչափ ծածկագիր է, որը նման է QR կոդի, բայց կարող է պարունակել ավելի մեծ ծավալի տվյալներ: Այս ծածկագիրը անհատական է յուրաքանչյուր ապրանքի համար և պարունակում է տեղեկատվություն ապրանքի տարբեր հատկանիշների՝ ծագման երկրի, արտադրողի կամ ներմուծողի, հիմնական բնութագրերի, տեղաշարժի և այլնի մասին:

2023-ից Հայաստանում նույնականացման միջոցներով պարտադիր դրոշմավորվում են ծխախոտային արտադրանքը, ալկոհոլային արտադրանքը և փաթեթավորված խմելու ջուրը։ Ընթացքի մեջ են կաթնամթերքի, գարեջրի և գարեջրային խմիչքների, կոսմետիկա և հիգիենայի միջոցների և այլ մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրերը։ 

Հայաստամում դրոշմավորման համակարգի ներդրման Ազգային օպերատորը e-Mark ՍՊԸ-ն է։ Հենց e-Mark կոչվող հավելվածով նաև սպառողները կարող են տեղեկատվություն ստանալ տվյալ ապրանքի մասին։

Լուսանկարներ՝ հավելվածից։

Ըստ ՊԵԿ-ի՝ Տնտեսվարողն այս կերպ հնարավորություն է տալիս վերահսկել շրջանառությունում գտնվող յուրաքանչյուր ապրանք։ 

«Արդյունքում՝ ստեղծվում են հավասար պայմաններ շուկայի բոլոր մասնակիցների համար, կանխվում է կեղծ և անորակ ապրանքների վաճառքը, նվազում է ստվերային տնտեսությունը, պաշտպանվում են սպառողների իրավունքները»,- նշված է ՊԵԿ-ի կայքում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում