Գևորգ Թոսունյան
ԱՄՆ եվրոպական հրամանատարությունում (EUCOM) Հայաստանը բնութագրում են որպես «բացառիկ գործընկեր» և նշում, որ երկկողմ հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել։ Այդ մասին ԱՄՆ եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանների և քաղաքականության տնօրինության պետի տեղակալ, բրիգադային գեներալ Քուեյդ Քուադրի կրտսերը (Quaid H. "Cuew" Quadri Jr.) հայտարարել է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում հայ լրագրողների հետ զրույցում։
Նա կարծում է, որ Հարավային Կովկասի և Սև ծովի տարածաշրջանները աշխարհագրական առումով չափազանց կարևոր են։
«Սա մշակութային խաչմերուկ է, առևտրային հանգույց՝ տարածք, որը կապում է Եվրոպան, Կենտրոնական և Արևելյան Ասիան։ Այդ իսկ պատճառով ամուր գործընկերությունները, դաշինքներն ու հարաբերությունները ոչ միայն ռազմական և անվտանգային, այլև քաղաքական, մշակութային ու տնտեսական ոլորտներում մեր ռազմավարության հիմնասյուներն են, որոնց իրականացմանը հետևողականորեն ձգտում ենք», - ՍիվիլՆեթի լրագրող Գևորգ Թոսունյանի հարցին ի պատասխան՝ ասաց գեներալը։
Վաշինգտոնյան համաձայնագիրը՝ որպես նոր հնարավորություն
Գեներալի խոսքով՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրը նշանակալի ու դրական իրադարձություն էր։ «Այն առաջին և ամենամեծ քայլն էր տարածաշրջանում խաղաղություն և բարեկեցություն հաստատելու ուղղությամբ, ինչը բխում է բոլորի շահերից»,- նշում է նա։

Քուադրիի համոզմամբ՝ այս փաստաթուղթը բացում է երկխոսության դաշտ և հնարավորություն տալիս գործի դնելու առկա բոլոր գործիքները։ Նա կարծում է, որ անվտանգային միջավայրը փոխվում է դեպի լավը, և Հայաստանի ու ԱՄՆ-ի երկկողմ շփումները, ինչպես նաև բազմակողմ քննարկումները ներկայում բարենպաստ պայմաններ ունեն զարգանալու և ժամանակի ընթացքում գործնական արդյունք տալու համար։ Այս համագործակցության շրջանակում, գեներալի խոսքով, երկխոսություն կլինի նաև ԱՄՆ եվրոպական հրամանատարության հետ՝ շտաբային քննարկումների, հանձնաժողովների, ինչպես նաև տարբեր հանդիպումների ձևաչափերով։
«Արծիվ գործընկեր 2025» զորավարժությունը և համագործակցության որակը
Հայաստանի հետ հարաբերությունների համատեքստում գեներալն առանձնացրեց համատեղ զորավարժությունները։ ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան, գնահատելով «Արծիվ գործընկեր 2025»-ը, նա նշեց․ «Այն բացարձակապես օգտակար է երկու կողմերի համար։ Զորավարժության նախագծման բազմաթիվ տարրեր կան՝ խաղաղապահությունից մինչև բժշկական ապահովում, լոգիստիկա, հրամանատարություն և կառավարում։ Բայց զորավարժությունների պլանավորումը երբեմն ավելի արժեքավոր է, քան բուն զորավարժությունը, քանի որ այն մեզ հավաքում է մի սենյակում՝ միասին մտածելու բոլոր այն հարցերի շուրջ, որոնք պետք է լուծենք, և սա միայն զինվորականների միջև չէ»,- ասաց նա։
Գեներալը հավելեց, որ համագործակցության գնահատման հարցում կարևոր է ոչ թե քանակը, այլ որակը։ Նրա խոսքով՝ երբեմն միջոցառումների թվի նվազումը վկայում է հարաբերությունների հասունացման մասին, երբ կողմերն անցնում են ավելի բարդ և խորքային խնդիրների լուծմանը, ինչը պահանջում է ավելի երկար պլանավորում։
ՍիվիլՆեթի այն դիտարկմանը, թե ԱՄՆ համագործակցությունն Ադրբեջանի հետ այնքան ակտիվ չէ, որքան Հայաստանի հետ, և արդյոք ԱՄՆ-ն պատրաստվում է ռազմական համագործակցությունը խորացնել այդ երկրի հետ, գեներալը նշեց, որ Միացյալ Նահանգների մոտեցումը լինելու է «այնպիսին, ինչպիսին եղել է՝ հավասարության մոտեցում ընկերների հետ»։
Civilnet











