Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հոկտեմբերի 9-ին Դուշանբեում քննարկել են ադրբեջանական խոցված ինքնաթիռի թեման։
2024-ի դեկտեմբերին Ադրբեջանի պետական ավիաընկերություն «AZAL»-ին պատկանող ինքնաթիռի կործանումը կտրուկ սրել էր Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները։
Ալիևին հիշեցնելով ինքնաթիռի կործանումից անմիջապես հետո իր ներողության մասին՝ Պուտինն ընդգծել է, որ «դեպքի քննությունն ավարտական փուլում է»։
ՌԴ նախագահը դեպքը պայմանավորել է «Ռուսաստանի օդային տարածքը հատած ուկրաինական դրոններով, և դրանց ուղղությամբ հակօդային պաշտպանական համակարգերի գործողությամբ» և շեշտել, որ ուղիղ հարված չի հասցվել ինքնաթիռին. խոսքը բեկորների մասին է։
«Կատարվածին իրավական գնահատական կտրվի», - նշել է Պուտինը։
Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Պուտինին հանդիպման հնարավորության համար՝ չկասկածելով դեպքի արդար հետաքննության մեջ։
«Մենք չէինք կասկածում, որ միջադեպը օբյեկտիվ կընթանա։ Դրա համար ձեզ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ դուք հստակություն մտցնելու համար պատեհ համարեցիք մեր հանդիպումը», - նշել է Ալիևը՝ հավելելով այլ ոլորտներում, հատկապես տնտեսության մեջ Բաքվի ու Մոսկվայի զարգացող կապերը։
Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել էր 38 անձ, որոնցից 7-ը՝ ՌԴ քաղաքացի։ Չնայած դեպքից հետո ՌԴ նախագահ Պուտինը ներողություն էր խնդրել, սակայն ադրբեջանական կողմը Ռուսաստանից պահանջել էր հրապարակային ներողություն ու տուժածների հարազատներին փոխհատուցման տրամադրում։
Դուշանբեում հոկտեմբերի 9-10-ը անցկացվում է ԱՊՀ-ի հերթական գագաթնաժողովը, որին անդամ երկրները մասնակցում են պետությունների ղեկավարների մակարդակով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբե է մեկնել Բրյուսելից։
Civilnet











