44-օրյա պատերազմի զեկույց․ գաղտնագրում՝ պարտությունից դասեր քաղելու փոխարեն

Էդուարդ Առաքելյան
2020-ի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը ավարտել է պատերազմում պարտության հանգամանքների հետաքննությունը, որը տևեց մոտ երեքուկես տարի։ Սակայն զեկույցը փոխանցվել է խորհրդարանի արխիվ և չի հրապարակվել։ Այս որոշումը բնական հարցեր է առաջացնում․ կարո՞ղ է արդյոք պետությունը, որը կրել է ծանր ռազմական պարտություն, դասեր քաղել առանց իր սխալների բաց քննարկման։ Եվ որքանո՞վ է նման զեկույցների գաղտնի պահպանումը արդարացված ժողովրդավարական համակարգում, որտեղ դրանցից է կախված հանրային վստահությունը և պաշտպանական բարեփոխումների արդյունավետությունը։
Ժողովրդավարական ժամանակակից պետությունների փորձը ցույց է տալիս, որ ռազմական պարտությունները հաճախ դառնում են պաշտոնական հետաքննությունների առարկա։ Նպատակն է ոչ միայն պարզել մեղավորներին, այլև բացահայտել համակարգային սխալները՝ դրանց կրկնությունը կանխելու համար։ Իսկ նման հետաքննությունների արդյունավետությունը անմիջականորեն կախված է դրանց թափանցիկությունից և հանրային հաշվետվողականությունից։
Իսրայել․ ռազմական անհաջողությունների հրապարակային վերլուծության մշակույթը
Իսրայելը այն քիչ երկրներից է, որտեղ ռազմական անհաջողությունների քննադատական վերաիմաստավորումը դարձել է ինստիտուցիոնալ ավանդույթ։ Ռազմական պարտությունների վերաբերյալ հետաքննող հանձնաժողովներ ստեղծվում են կառավարության կամ վարչապետի կողմից։ Հանձնաժողովների կազմը սովորաբար անկախ է և ներառում է նախկին բարձրաստիճան զինվորականների, իրավաբանների և փորձագետների։
Ագրանատի հանձնաժողովը (Agranat Commission, 1973, Դատաստանի օրվա պատերազմ)
1973-ի հոկտեմբերի 6-ին Եգիպտոսի և Սիրիայի անակնկալ հարձակումից հետո Իսրայելի կառավարությունը ստեղծեց հանձնաժողով՝ Գերագույն դատարանի նախագահ Շլոմո Ագրանատի ղեկավարությամբ։ Հանձնաժողովի նպատակը պարզելն էր, թե ինչու էին հետախուզությունը և Գլխավոր շտաբը ձախողել՝ չկանխատեսելով պատերազմի սպառնալիքը։
Հանձնաժողովը բացահայտեց ռազմավարական և կազմակերպչական լուրջ բացթողումներ, այդ թվում՝ «սպառնալիքի թերագնահատման կոնցեպցիան», և համոզմունքը, թե արաբական բանակները չեն համարձակվի հարձակվել։
Հետաքննության արդյունքներով պաշտոնանկ արվեցին ռազմական հետախուզության ղեկավարն ու մի շարք բարձրաստիճան սպաներ, իսկ Իսրայելի Պաշտպանական բանակում սկսվեցին լայնածավալ բարեփոխումներ։ Դատաստանի օրվա պատերազմից հետո (1973) պաշտպանության նախարար Մոշե Դայանը ենթարկվեց կտրուկ քննադատության՝ հետախուզական սխալների և պատերազմի պատրաստության ձախողման համար։ Թեև նա անմիջապես չհեռացավ (նրա հրաժարականը պայմանավորված էր ներքաղաքական զարգացումներով), բայցևայնպես նրա հեղինակությունը լուրջ հարված ստացավ։
Թեպետ զեկույցի մի մասը երկար ժամանակ գաղտնի էր մնում, հիմնական եզրակացությունները հրապարակվեցին, և դրան հաջորդած հանրային քննարկումը փոխեց Իսրայելի մոտեցումը ռազմավարական պլանավորմանը։
Վինոգրադի հանձնաժողովը (Winograd Commission, 2006, «Հեզբոլլահի» դեմ պատերազմ)
Լիբանանյան երկրորդ պատերազմից հետո, որը հասարակական լայն դժգոհություն էր առաջացրել ռազմական գործողությունների անարդյունավետ կառավարման պատճառով, Իսրայելի կառավարությունը ստեղծեց անկախ հանձնաժողով՝ դատավոր Էլի Վինոգրադի գլխավորությամբ։
Հանձնաժողովը բացահայտեց մի շարք լուրջ խնդիրներ՝ հստակ ռազմավարության բացակայություն, բանակի և կառավարության միջև թույլ համակարգում, պահեստազորայինների անբավարար պատրաստություն։ Զեկույցը հրապարակվեց 2008-ին՝ առաջացնելով քաղաքական ճգնաժամ և փաստացի ավարտելով վարչապետ Էհուդ Օլմերթի քաղաքական կարիերան։ Զեկույցում նշվել էին վարչապետի, պաշտպանության նախարար Ամիր Պերեցի և որոշ չափով Գլխավոր շտաբի պետ Դան Խալուցի սխալները։ Պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետը հրաժարական տվեցին։
Հիմնարար նշանակություն ուներ այն փաստը, որ գործընթացը հրապարակային էր․ խորհրդարանն ու հասարակությունը ստացան պատասխաններ, իսկ բանակը՝ բարեփոխումների խթան։
Իսրայելում պարտությունների և ռազմական ձախողումների քննությունները չեն ընկալվում որպես թուլության դրսևորում, այլ՝ ինստիտուցիոնալ ինքնամաքրման գործիք։ Թափանցիկությունը դարձել է ռազմավարական կայունության բաղադրիչ, որտեղ հասարակության վստահությունը բանակի նկատմամբ հիմնված է ոչ թե սխալները թաքցնելու, այլ ազնիվ վերլուծության վրա։
Մեծ Բրիտանիա․ Չիլքոթի զեկույցը և ռազմական թափանցիկության բրիտանական ավանդույթը
Երբ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կազմում, ներգրավվեց Իրաքի հակամարտությունում, Լոնդոնը ստեղծեց հանրային հանձնաժողով, որի եզրակացությունները հասանելի դարձան թե՛ հանրությանը, թե՛ խորհրդարանին։ Սա հնարավորություն տվեց բաց քննարկելու կառավարության և բանակի գործողությունները։
Իրաքի պատերազմից հետո (2003-2009 թթ.) Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախաձեռնեց Չիլքոթի հետաքննությունը (Chilcot Inquiry)՝ լայնածավալ քննություն այն որոշումների վերաբերյալ, որոնք հանգեցրել էին երկրի ներգրավմանը պատերազմին։ Հանձնաժողովը վերլուծեց հետախուզական տվյալները, դիվանագիտական շփումները և վարչապետ Թոնի Բլերի կաբինետի ներքին փաստաթղթերը։
Չիլքոթի զեկույցի (Chilcot Report) հրապարակումը 2016-ի հուլիսին (2,6 միլիոն բառ, 12 հատոր) դարձավ համաշխարհային քաղաքական իրադարձություն։ Զեկույցի հիմնական եզրակացությունները ցույց էին տալիս, որ Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի առկայության մասին հետախուզական տվյալները եղել են անհիմն։ Պատերազմին մասնակցելու որոշումները ընդունվել էին հապճեպ՝ առանց բավարար խորհրդակցությունների, իսկ հետպատերազմյան կայունացման ծրագրեր ընդհանրապես չկային։
Թոնի Բլերը հրապարակայնորեն ընդունեց իր սխալները, սակայն պնդեց, թե գործել է «ըստ իր համոզմունքների»։ Թեև իրավական հետևանքներ չեղան, զեկույցը լուրջ հարված հասցրեց նրա հեղինակությանը։
Այս հետաքննությունը դարձել է դոկտրինալ բարեփոխումների աղբյուր՝ սկսած հետախուզական վերլուծության որակի բարձրացումից մինչև քաղաքացիական վերահսկողության ամրապնդումը ռազմական որոշումների նկատմամբ։ Բրիտանական փորձը ցույց է տալիս, որ հետաքննությունների թափանցիկությունն ու հրապարակայնությունը ուժեղացնում են պետական հաստատությունները և հասարակության վստահությունը զինված ուժերի նկատմամբ։
Վրաստան․ 2008-ի պատերազմը
Ռուսաստանի հետ 2008-ի օգոստոսին տեղի ունեցած պատերազմից հետո Վրաստանում հասարակությունը բացատրություններ պահանջեց պարտության պատճառների վերաբերյալ։
Վրացական պաշտոնական զեկույցը պատրաստվել էր նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վարչակազմի հանձնարարությամբ ստեղծված պետական հետաքննական խմբի կողմից և ներկայացվել խորհրդարանին ու միջազգային գործընկերներին։ Զեկույցում Ռուսաստանը բնորոշվում էր որպես ագրեսոր, որը սկսել էր ռազմական ներխուժում Վրաստանի տարածք։ Փաստաթուղթը հրապարակվեց 2009-ի դեկտեմբերին՝ էսկալացիայի պատասխանատվությունը ամբողջությամբ դնելով Մոսկվայի վրա և ռուսական ուժերին մեղադրելով ռազմական հանցագործությունների և Վրաստանի ինքնիշխանության խախտման մեջ։
Միևնույն ժամանակ, ներքին կառավարման և հրամանատարական սխալները գրեթե չէին վերլուծվում։ Հանձնաժողովը անկախ չէր և գործում էր իշխանության ուժեղ քաղաքական ազդեցության ներքո։ Այնուամենայնիվ, զեկույցը հրապարակվեց և դարձավ հասանելի հանրությանը, ինչն ապահովեց նվազագույն, բայց կարևոր մակարդակի թափանցիկություն։
Հայաստան․ փակ զեկույց և քաղաքական պատասխանատվության վախը
Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո անցած հինգ տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները բազմիցս խոստացել էին բացահայտել պարտության պատճառները և պատասխանել հանրության հիմնական հարցերին՝ սկսած զորքերի կառավարման սխալներից մինչև աղետին հանգեցրած քաղաքական որոշումները։
2022-ին խորհրդարանը ստեղծեց պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Սակայն այն ձևավորվեց իշխանական մեծամասնության նախաձեռնությամբ, ինչը սկզբից արդեն կասկածի տակ էր դնում հանձնաժողովի անկախությունը՝ ի տարբերություն Իսրայելի նմանատիպ հանձնաժողովների, որոնք գործել են բարձր ինքնավարությամբ։
Հանձնաժողովի աշխատանքների մեկնարկին իշխանությունը ակտիվ PR արշավ իրականացրեց․ հրավիրվեց վարչապետը՝ ցուցմունք տալու համար, հանրությանը ցուցադրվում էր ինքնաքննադատության և թափանցիկության պատրաստակամություն։ Սակայն արդյունքը եղավ հակառակը․ պատրաստի զեկույցը գաղտնադրվեց, փոխանցվեց խորհրդարանի արխիվ և հասանելի դարձավ միայն սահմանափակ թվով անձանց՝ հատուկ մուտքի թույլտվությամբ։
Հնարավոր է՝ փաստաթղթում ներկայացված են 2020-ից ի վեր հանրային տիրույթում շրջանառվող հայտնի փաստեր և գնահատականներ։ Սակայն չի բացառվում, որ զեկույցում արձանագրված են նաև այնպիսի դրվագներ կամ որոշումներ, որոնք հրապարակման դեպքում կարող են մեկնաբանվել որպես ղեկավարության սխալ գործողություններ, պատերազմի կառավարման լուրջ բացթողումներ կամ ռազմավարական մակարդակի սխալ քաղաքական որոշումներ։
Պարտության հանգամանքների քննությունն ու դրա արդյունքների գաղտնազերծման մերժումը իշխանությունների համար կարճաժամկետում կարող են դիտվել որպես ապահով քայլ, բայց երկարաժամկետ տեսանկյունից այն կարող է դառնալ ռազմավարական սխալ։
Բանակն ու պետությունը չեն կարող վերափոխվել առանց սեփական սխալների ճանաչման։ Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ նման զեկույցների հրապարակայնությունը չի թուլացնում պետությունը, այլ ընդհակառակը՝ նպաստում է ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը, հրամանատարական պատասխանատվության ձևավորմանը և հանրային վերահսկողության ապահովմանը։
Միաժամանակ այդ նույն փորձը ցույց է տալիս, որ սխալները թաքցնելու փորձը չի պաշտպանում քաղաքական գործիչներին և զինվորականներին հեղինակային կորուստներից։ Հետևաբար, զեկույցի գաղտնազերծման մերժումը կարող է պայմանավորված լինել գործող իշխանության քաղաքական հաշվարկներով և սեփական հեղինակության կորստի վախով։
Հայաստանի համար խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի հրապարակումը՝ հնարավորինս օբյեկտիվ քննության ապահովման պայմաններում, կարող էր դառնալ կարևոր քայլ դեպի պաշտպանական համակարգի ինստիտուցիոնալ վերականգնում և հետպատերազմյան վստահության ճգնաժամի հաղթահարում։
Իսկ զեկույցի արխիվացումը շարունակությունն է փակ լինելու այն ավանդույթի, որը, ի վերջո, կարող է թուլացնել պետությունը։
Civilnet










