Գլխավոր Լրահոս

Հայ բեռնափոխադրողները հայտնվել են ՌԴ միգրացիոն սահմանափակումների թիրախում

Հայ բեռնափոխադրողները հայտնվել են ՌԴ միգրացիոն սահմանափակումների թիրախում

2025-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Ռուսաստանի Դաշնության օրենսդրական փոփոխություններն էական ազդեցություն են ունեցել ոչ վիզային ռեժիմով ՌԴ մուտք գործող Հայաստանի քաղաքացիների, մասնավորապես՝ բեռնափոխադրում իրականացնող վարորդների վրա։ Այս մասին հայտարարել է «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը ասուլիսի ժամանակ։

«Հունվարի մեկից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստանի Դաշնություն մուտք են գործում ոչ աշխատելու նպատակով, այսինքն՝ միգրացիոն քարտում այցի նպատակը բաժնում աշխատանք չեն նշում, նրանք նախորդ տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր գտնվելու փոխարեն այլևս օրացուցային տարվա ընթացքում կարող են գտնվել գումարային 90 օր: Այսինքն՝ երկու անգամ ժամկետը կրճատվել է՝ համաձայն այս փոփոխության, ինչը, ցավոք սրտի, վերաբերվում է նաև ուղևորա և բեռնափոխադրում իրականացնողներին, և որևէ բացառություն արված չէ»,- ասաց Բեժանյանը։

Փոփոխությունները վերաբերում են ոչ միայն բեռնափոխադրողներին, այլև օդաչուներին, բորտուղեկցողներին, ինքնաթիռների սպասարկող անձնակազմին, գնացքավարներին և այլ կատեգորիաների աշխատակիցների։

Բեժանյանը նշեց նաև, որ փետրվարի 5-ից ուժի մեջ է մտել «վերահսկվող անձանց ռեեստրը» և «արտաքսման ռեժիմի» մասին օրենքը, որը նախատեսում է խիստ պատժամիջոցներ Ռուսաստանի Դաշնությունում վարչական խախտումներ կատարող օտարերկրյա քաղաքացիների համար։

«Վարչական խախտում իրականացնողները, որոնք գտնվելու ժամկետից ավել կմնան ՌԴ-ում կամ պայմանագրի ժամկետի ավարտից հետո նոր պայմանագիր չեն կնքի, բայց կշարունակեն մնալ Ռուսաստանի Դաշնության տարածքում, ժամկետի մեջ բուժզննում չեն անցնի և այլն։ Այսպիսի վարչական խախտումներ իրականացնողների համար ստեղծվեց վերահսկվող անձանց ռեյեստր, որտեղ, երբ մարդիկ ընկնում էին, նրանց բանկային հաշիվները անմիջապես սառեցվում էին և որևէ գործարք նրանք իրականացնել չէին կարող»,- ասաց նա։

Նման խախտում կատարած անձինք կարող էին կարգավորել իրենց փաստաթղթային կարգավիճակը առանց ՌԴ-ից դուրս գալու՝ համաձայն ՌԴ նախագահի համապատասխան հրամանագրի, որի ժամկետը սկզբում սահմանվել էր մինչև ապրիլի 30, ապա երկարաձգվել մինչև սեպտեմբերի 10։ 

«Մինչև սեպտեմբերի 10՝ բավականին լոյալ վերաբերմունք էր, և մարդկանց տրվում էր հնարավորություն որևէ խախտում ունենալու պարագայում վերացնել այդ խախտումը և շարունակել Ռուսաստանի Դաշնությունում գտնվել արդեն օրինական հիմքերով։ Ուստի մինչև սեպտեմբերի 10-ը որևէ խիստ հսկողություն, որպես այդպիսին, ոստիկանության կողմից չի դրսևորվել նաև փոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ, և նրանք վարչական տույժերի չեն ենթարկվել»,-ասաց Բեժանյանը։

Սակայն իրավիճակը կտրուկ փոխվել է սեպտեմբերի 10-ից հետո։

«Սեպտեմբերի 10-ից հետո ոստիկանությունը բավականին խիստ, հետևողականորեն ստուգում է բոլորի անձնագրերը և հաշվում այն օրերը, որքան են նրանք ավելի մնացել իրենց օրինական թույլատրված 90 օրից»,- նշեց նա։

Ըստ Բեժանյանի՝ խախտումները կարող են հանգեցնել լուրջ իրավական հետևանքների, այդ թվում՝ բանկային հաշիվների սառեցման, գործարքների արգելքի և Ռուսաստանի Դաշնությունից արտաքսման։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում