Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղ համաձայնագրի ստորագրման համար հարթակ տրամադրելու Ռուսաստանի առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը՝ ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ։
«Ուժի մեջ է մեր առաջարկը՝ տրամադրել հարթակ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղ համաձայնագրի ստորագրման համար», - ասել է Գալուզինը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը հատուկ կարևորություն է տալիս երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։
«Ակնհայտ է, որ դեռ լուրջ աշխատանք է սպասվում՝ ծրագրվածը գործնականում իրագործելու համար։ Մենք պատրաստ ենք Երևանին և Բաքվին տրամադրել անհրաժեշտ աջակցություն՝ մնացած տարաձայնությունները հաղթահարելու հարցում, այդ թվում՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունները», - նշել է Գալուզինը։
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանն արդյունավետ և մեծ դեր է խաղացել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացում։
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանն իր հերթին ևս նշել է ռուսական դիվանագիտության դերը կարգավորման գործընթացում՝ այն բնութագրելով որպես «հատուկ»։
Civilnet











