Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպմանն Ալիևն անդրադարձել է TRIPP նախագծի կարևորությանը՝ նշելով, որ այն օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար։
Ալիևն ընդգծել է, որ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունները, որոնց ականատես է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պայմաններ են ստեղծում խաղաղության օրակարգի առաջխաղացման համար։
Շնորհավորելով Իլհամ Ալիևին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված հաջողությունների համար՝ Վալտոնենը նշել է դրանց կարևորությունը ԵԱՀԿ տարածքում խաղաղության և կայունության վերականգնման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության համար։
Վալտոնեն հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները կդադարեցվեն մինչև 2025-ի դեկտեմբերի 1-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի դիմումի հիման վրա։
Civilnet











