Գլխավոր Լրահոս

Պետական ծանուցումները կդառնան էլեկտրոնային

Պետական ծանուցումները կդառնան էլեկտրոնային

Պետական ծանուցումները կդառնան էլեկտրոնային։ Կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որոնցով պետական և տեղական ինքնակառավարման մարմինները քաղաքացիների և բիզնեսի հետ կապ հաստատելիս թղթային ծանուցումներից կանցնեն գրեթե ամբողջությամբ էլեկտրոնային ձևաչափի։ Նպատակն է պարզեցնել գործընթացները, նվազեցնել ծախսերն ու ժամանակը։

Ներկայումս ծանուցումների մեծ մասն իրականացվում է փոստային առաքմամբ, ինչը ոչ միայն ծախսատար է, այլև հաճախ անարդյունավետ՝ կապված հասցեների փոփոխության և այլ խնդիրների հետ։ 

Առաջարկվող նոր կարգավորմամբ սահմանվում է էլեկտրոնային ծանուցման պարտադիր և առաջնային եղանակ.

  • Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը ծանուցումները կստանան Հարկային օրենսգրքով նախատեսված՝ հարկային մարմնի հետ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի իրենց անձնական էջում։ Նրանք պատշաճ ծանուցված կհամարվեն ծանուցումը համակարգում տեղադրելուց երեք օր հետո։
  • Ֆիզիկական անձինք ծանուցումները կստանան իրենց պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով։ Անձը պատշաճ ծանուցված կհամարվի այն պահից, երբ մուտք գործի իր պաշտոնական էլեկտրոնային փոստ։

Եթե ֆիզիկական անձը ծանուցումն ստանալուց հետո երեք օրվա ընթացքում մուտք չի գործում իր էլեկտրոնային փոստ, ապա ծանուցումը կուղարկվի նրա հաշվառման հասցեով՝ պատվիրված նամակով (հիբրիդային փոստի միջոցով)։ Եթե դրանից հետո ևս յոթ օրվա ընթացքում նամակը չի հանձնվում, ապա ծանուցումը կհրապարակվի azdarar.am կայքում, և անձը կհամարվի պատշաճ ծանուցված։

Նույն կերպ, եթե իրավաբանական անձը կամ Ա/Ձ-ն երեք օրում մուտք չի գործում իր էլեկտրոնային հասցե, ծանուցումը կհրապարակվի azdarar.am-ում և հինգերորդ օրը կհամարվի պատշաճ ծանուցված։

Քաղաքացիները կարող են գրավոր կամ էլեկտրոնային եղանակով համաձայնություն տալ՝ բոլոր ծանուցումները ստանալու բացառապես պաշտոնական էլեկտրոնային փոստով։ Այս դեպքում նրանք պատշաճ ծանուցված կհամարվեն ծանուցումն ուղարկելուց երեք օր հետո՝ անկախ նրանից՝ բացե՞լ են նամակը, թե՞ ոչ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում