Գլխավոր Լրահոս

«Պատմե՛լ պատ­մությունը։ Վերապրե՛լ խենթությունը»

«Պատմե՛լ պատ­մությունը։ Վերապրե՛լ խենթությունը»

Իսպանացի հեղինակ Դուլսե Չակոնի «Նիրհող ձայնը» ֆրանկիստական Իսպանիայի մասին է, բայց պատմաքաղաքական իրադարձություններից առավել կարևոր են կանայք, որ սպանվեցին բանտերում, տղամարդկանց հետ հավասար կռվեցին, պահեցին մարդկային կերպարանքը, հեռացան տնից պատանի տարիքում, վերադարձան ծերացած և հավատարմորեն սիրեցին իրենց ամուսիններին։ Վեպի գործողությունները ընթանում են Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում և հիմնված են ականատեսների պատմությունների վրա։ ՍիվիլՆեթը զրուցել է վեպի հայերեն թարգմանության հեղինակ Ալիս Տեր-Ղևոնդյանի հետ։ 

Ի՞նչ մասշտաբի գրող է Դուլսե Չակոնը իսպանալեզու գրականության մեջ։ Ի՞նչ մեծության լսարան ունի։

Շատ պահպանողական ընտանիքից է եղել, ու ինքն էլ է այդ գիծը սատարել։ Ժամանակի ընթացքում, ականատես լինելով կանանց նկատմամբ ճնշումներին ու առհասարակ Իսպանիայում առկա խնդիրներին, ձախական գիծն է վերցնում։

Գրքի կարիքը կար, որովհետև ոչ ոք նման խորությամբ չէր ուսումնասիրել հենց կանանց դերը ֆրանկիստական Իսպանիայում։ Դեպքերից քառասուն տարի անց վերջապես անդրադարձ եղավ այս թեմային, այն էլ՝ կանանց տեսանկյունից։ Կանայք օգնում էին իրենց տղամարդկանց՝ պայքարելով, սարերը փախչելով ու հետո սարերից հարձակվելով։ Հանրապետականների ու կոմունիստների նկատմամբ սարսափելի ուժ էր կիրառվում։ Շատ են հենց այնպես գնդակահարվածները։ Ովքեր դուրս են պրծել, մեծ կորուստներով են դուրս պրծել։ Այս վեպով Չակոնը շատ հայտնի դարձավ՝ գիրքը մեծ տարածում ստացավ, նկարահանվեց ֆիլմը, հետո սկսեցին թարգմանել ՝ ֆրանսերեն, պորտուգալերեն, անգլերեն և այլն։ 

«Մեր միակ պարտավորությունը վերապրելն է», – ասել էր Օրտենսիան իրենց վերջին ժողովի ժամանակ։ Տո­մասան թույլ չի տա, որ ցավն իրեն գետին տապալի։ Վերապրե՛լ։ «Վերապրել խենթությունը»,— ասել էր Օրտենսիան։ Խենթությու­նը։ Լռությունը վրա է տալիս։ Լռությունը պարեկություն է անում իր շուրջն ու տարածում է խենթությունը՝ շարունակ պտտվելով իր շուրջը։ Բայց մենք դրա գործը չենք հեշտացնի։ Ո՛չ։ Տոմասան չկարողացավ Օրտենսիային հրաժեշտ տալ։ Ընկղմվում է իր ցա­ վի մեջ։ Վերապրե՛լ։ Ու պատմել պատմությունը, որպեսզի խենթու­ թյունը չմիավորվի լռության հետ»։ 

Հանգիստ կարելի է ասել, որ սա 20-րդ դարի պատմավեպ է, որովհետև շատ ճիշտ են նկարագրված մթնոլորտն ու քաղաքական գործընթացները, ու գիրքը գրվել է բազմաթիվ վկայությունների հիման վրա։ Չակոնը շատ փաստաթղթեր է վերհանել այդ մարդկանց վկայությունների ճշմարտացիությունը ստուգելու համար։ Փաստերի ստուգում է արել, փաստորեն։ 

«Բայց այլևս իրար չեն հանդիպելու։ Սոլեն ու Ամալիան նորից չեն տեսնի ո՛չ Խայմեին, ո՛չ Էլվիրային ո՛չ էլ Մատեոյին։ Երբեք չեն վերադառնա իրենց ճամփորդությունից, որը վերադարձի հույսով էին ձեռնարկել։ Երբեք չեն վերադառնա այն ճանապարհին, որը նրանց սահմանի մյուս կողմը կտանի՝ Պիրենեյան լեռները ոտքով անցնելուց հետո։ Շատ անգամ ոգևորությունը նրանց մտածել կտա, որ վերադարձը հնարավոր է։ Բայց Սոլեն ու Ամալիան չեն վերադառնա։ Ո՛չ։ Երբեք չեն վերադառնա։ Երբեք»։

Սյուժեի մասին խոսենք. պատմական շրջան, բեկումնային քաղաքական իրադարձություններ ու դրա ֆոնին անձնական պատմություններ։ Համաձա՞յն եք, որ այս գործոնները ի սկզբանե հաջողություն են երաշխավորում վեպի համար։ Հատկապես հաշվի առնելով, որ մեր շքամուտքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա մենք պարբերաբար պատմական իրադարձությունների ենք ականատես լինում, գիրքը հավանաբար հեշտությամբ կընդունվի։ 

Կարծում եմ՝ ճիշտ եք։ Բայց նախքան դրան գալը։ Կանանց ֆենոմենը Իսպանիայում յուրահատուկ է, մասնավորապես՝ 20-րդ դարից սկսած։ Կանայք խորհրդարանում քվոտաների շնորհիվ չեն ընտրվում, բոլորը գիտեն, որ տվյալ կինը իսկապես ընտրվել է։ Սարսափելի ակտիվ են։ 

Գիրքը կարդալուց հետո առաջին հարցն է. լավ, որտեղի՞ց այս ամենը, ե՞րբ հայտնվեցին, ի՞նչ եղավ այս իսպանուհիներին։ Նախկինում հետամնաց, ոչ առաջադեմ, ոչ ժողովրդավար երկիր, ու հանկարծ՝ հայտնվում են այս կանայք։ Բայց հանկարծ չէ, քարը քարին դնելով են հասել սրան։ 

Բացի դրանից՝ փոխօգնությունը։ Գրագետները սովորեցնում էին նրանց, ովքեր դպրոց գնալու հնարավորություն չէին ունեցել։ Առանցքային է նաև սերը։ Տղամարդու հետ մեկ-երկու հանդիպումից հետո կինը մնում էր հավատարիմ ու քանի տասնյակ տարի սպասում վերամիավորմանը։ Ու լինում է այդ վերամիավորումը։

Վեպում շատ կարևոր է Պեպիտայի դերը։ Հերոսը սկզբից ևեթ կոմունիզմի մասին ասում է այն, ինչ մենք այսօր գիտենք։ Զուտ կանացի հոտառությամբ նա հասկանում է, որ կոմունիզմը աբսուրդ է։ Եվ տեղի է ունենում հետևյալը. իր ապագա ամուսինը, քույրը բոլորն այդ շարժմանն են միանում։ Անընդհատ բացատրում է, որ ինքը բոլորովին կողմ չէ, ոչ ոք կոմունիզմից լավ բան չի տեսել, բայց շարունակում է օգնել։

Կարելի՞ է ասել, որ ֆեմինիստական վեպ է։ Եվս մի գործոն նշեցիք, որը երաշխավորում է գրքի հաջողությունը։ Չվիճարկելով գրքի գեղագիտական արժեքը՝ «ուժեղ կին», «պայքարող կին» բառակապակցությունները գործի կեսը անում են։ 

Երևի, հա։ Բայց մաքուր ֆեմինիստական վեպ չէի անվանի։ Իսպանիայում կան շատ ֆեմինիստ գրողներ, որոնք առաջինն են հաղթահարել սեքսուալ տաբուների թեման։ Խոսքը արդեն 80-ականների մասին է։ Մոտավորապես պատկերացնում եք՝ ինչ քննադատությունների են արժանացել մաչոյական Իսպանիայում։ Կարողացել են առօրեականացնել թեման։ Դա ազատագրեց կանանց։ 

Հաճախ ենք լսում, որ պատմությունը վավերագրվել է տղամարդկանց աչքերով ու վերջապես աշխարհի մասին պետք է պատմեն կանայք։  Երևի սա է ճշմարտությունը, բայցևայնպես. գրականության անկյունից ի՞նչ է տեսնում կինը, որ վրիպում է տղամարդու աչքից։

«Կապրես այս ամենի մասին պատմելու համար»,— ասացին ամուսնու դին գետի ջրերի մեջ հրող ֆալանգիստները։ «Կապրես այս ամենի մասին պատմելու համար»,— ասացին նրան, չիմա­նալով, որ հակառակն է լինելու»։ 

Այս հարցի շուրջ կարելի է փոքր ուսումնասիրություն անել։ Խորանալու շատ տեղ կա։ Կանայք ավելի շատ են ուշադրություն դարձնում մանրուքներին, և եթե շատ հաճախ տղամարդ հեղինակները հպանցիկ են անդրադառնում որոշ բաների, կանայք տալիս են բոլոր հարցերը կանանց մասին։ Երբ տղամարդը բանտում է, ամբողջ ծանրությունը կանանց ուսերին է։ Ո՞վ է դրան ուշադրություն դարձնում։ Ես չգիտեմ՝ եթե կինը բանտում լինի, տղամարդը կկարողանա այդ ամբողջը ապահովել, անել ամենը, որ բանտում գտնվող կինը թիկունքում ապավեն զգա՝ ունենալով իրեն օգնող, իրեն սպասող, իրենից չհիասթափվող մեկը։ 

Կարո՞ղ ենք ասել, որ 1936-1939-ի քաղաքացիական պատերազմը այն առանցքային թեման է, որ իսպանացիները չեն հաղթահարել, ու անընդհատ վերադառնում են։ Հետխորհրդային և նույնիսկ ողջ հետսոցիալիստական տարածքում խորհրդային իշխանության թեման չի սպառվել։ Կարելի է՞ նույնն ասել իսպանացիների պարագայում։ 

— Նորից կտեսնվենք։
— Ողջ լերուք, ընկերնե՜ր։
— Մինչ հանդիպում։
— Մինչ մոտալուտ հանդիպում։
— Մինչ Հանրապետությո՜ւն։

Կարելի է այդպես ասել։ Իրենց գրականությունը շարունակ նվիրում են այդ թեմային։ Այո, Ֆրանկոյի թեման իրենց համար նույնն է, ինչ հետխորհրդային տարածքում Ստալինն ու ինչ Հիտլերը ողջ աշխարհի համար։ Բայց խնդիրն այն է, որ իրենք Ֆրանկոյից հետ էլ լավ չէին ապրում։ Մինչև 1980-ականները ժողովուրդը շատ վատ էր ապրում։ 

Կարո՞ղ ենք ասել, որ դա իրենց իդեա ֆիքսն է։ 

Չէի ասի։ Իդեա ֆիքս չէ, որովհետև իրապես հաղթահարում են այդ թեման։ 

Եթե Լատինական Ամերիկայում ու Իսպանիայում չլինեին բոլոր Ֆրանկոները, Ֆուենտեսները, Արբենսները, ինչի՞ մասին կլիներ իսպանալեզու գրականությունը։ Արդյոք այն մեծապես չի՞ շահել իր բռնապետերից։ 

Այսօրվա դրությամբ անազնիվ կլիներ պատասխանել այդ հարցին, որովհետև փաստորեն բոլոր իսպանալեզու երկրները ունեցել են բռնակալների խնդիր։ Մինչև օրս լատինամերիկյան շատ երկրներում պատկերը նույնն է։ 20+ երկրների ամբողջ իսպանալեզու գրականությունը ունի այդ թեման։ Սերունդները պետք է գնահատական տան ու դուրս գան դրանից։

Մենք՝ Սովետում կրթված մարդիկ, պատմության դասերից գիտեինք Իսպանիայի քաղաքացիական պատերազմի մասին։ Բայց միայն մի ասպեկտն էր ընդգծվում դրա, իսկ այս վեպում նուրբ անդրադարձներ կան Ֆրանկոյի դեմ պայքարող և նրան միացած ուժերի մասին։ Եղել են մարդիկ, որոնք ուզել են լավ բան անել, բայց վերածվել են ամենադաժան նախարարների։ Ինչո՞ւ է  այդպես ստացվել։ Մենք բոլորս գիտեինք, որ Իսպանիայից Սովետ մեծ քանակությամբ երեխաներ էին ուղարկել։ 

Այդ երեխաները ձուլվեցին։ Ի՞նչ էր եղել նրանց։ Ո՞րբ էին, թե՞ իրենց ծնողները բանտում էին։ Գտա՞ն իրար, չգտա՞ն։ Լրիվ առաձին թեմա է։ Մենք գիտենք, որ Իսպանիան Սովետին ոսկու մեծ պաշար էր ուղարկել ի պահ։ Որտե՞ղ է դրա հետքը։ Շատ հետաքրքիր կլիներ, եթե ասօր մի իսպանացի հեղինակ ու ուսումնասիրող համագործակցեին՝ ուսումնասիրեին արխիվները։ 

Իսկ եթե անջատե՞նք բուն իսպանական ու լատինամերիկյան գրականությունը։ 

Լատինական Ամերիկայի երկրներում կա առասպելական մի բան։ Ինչպե՞ս է տեղի ունենում պատմության վերաիմաստավորումը Լատինական Ամերիկայում ու Իսպանիայում։ Լատինական Ամերիկայի երկրներում միշտ կա առասպելական մի բան։ 

Մոգական ռեալի՞զմն է տարբերությունը։ 

Մոգական ռեալիզմը շատ ծամծված թեմա է, ու այնպես չէ, որ միշտ մոգական ռեալիզմի մասին է խոսքը։ Այստեղ առասպելական շերտեր և հավատալիքներ են, որոնք բերել էին սևերը իրենց հետ։ 

Ամենակարևորը՝ լատինամերիկյան գրականության մեջ ֆանտաստիկի պահը շատ ուժեղ է, ոչ թե գիտական ֆանտաստիկայի։ Ինչո՞վ է մոգական ռեալիզմը տարբերվում ֆանտաստիկայից։ Մոգական ռեալիզմում, օրինակ «Հարյուր տարվա մենության» մեջ ինչ-որ հեքիաթային բաներ են տեղի ունենում, և մենք ընկալում ենք դա որպես նորմալ։ Մինչդեռ ֆանտաստիկայում տեղի է 

ունենում տարօրինակ մի բան, որին չկա բացատրություն։ 

Իսկ Իսպանիան Եվրոպա է, Իսպանիայի վրա շատ է ազդել եվրոպական գրականությունը։ Նրանք ավելի ռեալիստական են։

Մի նկատառում ևս՝ վեպը թեև կանանց մասին է ու կանանց աչքերով, բայց կանանց տանջողներն էլ են կանայք՝ միջին ու ցածր օղակի աշխատակիցներ, որոնք իրենց իշխանության փոքր սահմաններում փորձում են հնարավորինս դաժան լինել։ Ի՞նչ հարց կտայիք հեղինակին։

Հենց այդ հարցը։ Հասկանանք՝ ինչ տեղի ունեցավ այդ կանանց հետ։ Արդյոք իրենք հասկացա՞ն, թե ինչ են արել։ Բոլորը չէին պարտադրված։ Կային մարդիկ, որոնք իրենց կամքով են գնացել։ Ավելին ու ամենասարսափելին՝ եկեղեցու դերը, միանձնուհիների դերը։ Չէ՞ որ այդ կանայք իրենց նախաձեռնությմաբ են ամբողջ դաժանությունը գործել։ 

Կրճատվում են քսան տարուց ավելի պատիժները՝ իրենց մեկ վեցերորդ մասով, վերաբերելով այն դատավճիռներին, որոնք չեն փոխարինվել մահապատժով։

Երբ դոն Աբունդիոն կարդում է առաջին հոդվածի «դ» կետը, Պեպիտան ցույց է տալիս նրան հեռագիրը։

«BOE ՆԵՐՈՒՄ. ՎԱՂԸ՝ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»

Զրուցեց Հասմիկ Հովհաննիսյանը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում