Պուտին-Թրամփ հանդիպումը հնարավոր է կայանա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում․Պեսկով

Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Երկու կողմերն էլ հասկանում են, որ այն «չպետք է հետաձգվի»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Այն իսկապես կարող է տեղի ունենալ երկու շաբաթվա ընթացքում կամ մի փոքր ավելի ուշ։ Կա ընդհանուր ըմբռնում, որ ոչինչ չպետք է հետաձգվի», - ասել է Պեսկովը։
Հոկտեմբերի 16-ի երեկոյան Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը տարեսկզբից ի վեր ունեցել են իրենց ութերորդ հեռախոսազրույցը։ Մոտ երկուսուկես ժամ տևած զրույցից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտարարել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը անմիջապես կսկսեն նախապատրաստական աշխատանքները երկու առաջնորդների միջև նոր հանդիպման համար, որը կարող է տեղի ունենալ Բուդապեշտում: Ուշակովի խոսքով՝ ամերիկացի առաջնորդը որպես գագաթնաժողովի հնարավոր վայր առաջարկել է Հունգարիայի մայրաքաղաքը, և Ռուսաստանի նախագահը աջակցել է այդ գաղափարին:
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանիհետ։ Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր զրույցի բովանդակությունը։
Մամուլի ծառայության տվյալներով՝ Պուտինը նշել է, որ «ԱՄՆ ներկայացուցիչների հետ առաջիկա շփումների ընթացքում նրանք մտադիր են քննարկել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու համատեքստում՝ Հունգարիայի մայրաքաղաքում ռուս-ամերիկյան ապագա գագաթնաժողով անցկացնելու նպատակով հետագա գործողությունների ալգորիթմը»։
Իր հերթին, Հունգարիայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել պայմաններ ստեղծել Բուդապեշտում ռուս-ամերիկյան հնարավոր գագաթնաժողով կազմակերպելու համար։
Civilnet










