Արշալույս Մղդեսյան
2019-ից ի վեր Վարդան Ղուկասյանի անունը շրջանառվում է մի շարք քրեական վարույթներում։ Տարիներ շարունակ այս գործերի ընթացքի և Ղուկասյանի ազատության մեջ գտնվելու վերաբերյալ հարցերին իշխանությունը պատասխանում էր զսպվածությամբ՝ հղում անելով դատական համակարգի անկախությանը և գործերին միջամտելու անթույլատրելիությանը։
Այդ ամբողջ ընթացքում Ղուկասյանը քաղաքական ակտիվություն չէր ցուցաբերում և գրեթե բացակայում էր տեղեկատվական օրակարգից։ Իշխանության ներկայացուցիչները նրա և նրա նման լուռ նախկին այլ պաշտոնյաների նկատմամբ ևս զուսպ մոտեցում էին ցուցաբերում։
Իրավիճակը կտրուկ փոխվել է այժմ, երբ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դրսևորում է քաղաքական ակտիվություն և վերածվել է լուրջ մարտահրավերի իշխանության համար՝ հանրապետության երկրորդ քաղաքում։ Ավելին, նա իր գործիքակազմով պատասխանում է կառավարությանը՝ սպառնալով դատական հայցեր ներկայացնել քաղաքի, իր կարծիքով, թերի ֆինանսավորման համար կամ տուգանելով իշխանական պատգամավորին կամ նրա հարազատին՝ ենթադրյալ ապօրինի շինարարության համար։
Այս հակադրության ֆոնին անխուսափելիորեն ծագում են տրամաբանական հարցեր։ Ինչո՞ւ ապօրինի գույքի բռնագանձման և այլ վարույթներով տարիներ շարունակ անցնող անձի ձերբակալության որոշումը կայացվեց հենց հիմա՝ ենթադրյալ կաշառքի գործով։ Եվ ինչո՞ւ է նախկինում պատշաճ բառամթերք օգտագործող իշխող ուժի հռետորաբանությունը շեշտակի փոխվել՝ անտեսելով անմեղության կանխավարկածը։
Մեկ այլ կարևոր հանգամանք է հանրային արձագանքը։ Ինչպե՞ս է ստացվում, որ կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալված քաղաքապետին ժամեր շարունակ հնարավոր չէր դուրս բերել քաղաքապետարանի շենքից՝ համաքաղաքացիների թեկուզ մի մասի ակտիվ աջակցության պատճառով։ Խնդիրը միայն կոռուպցիոն կապերը չեն: Սա լուրջ մտորումների տեղիք է տալիս իշխանության նկատմամբ հանրային վստահության մակարդակի վերաբերյալ։ Բավական է հիշել գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը, որը տեղի ունեցավ կառավարության լեգիտիմության գագաթնակետին և անցավ առանց որևէ դիմադրության։
Մեկ այլ, ավելի գրոտեսկային զուգահեռ տանենք 2016-ի ՊՊԾ գնդի գրավման հետ, երբ իշխանության ցածր լեգիտիմության պայմաններում հարյուրավոր մարդիկ իրենց աջակցությունն էին հայտնում «Սասնա ծռեր» խմբավորմանը։ Այն ժամանակ, հավանաբար զգալով լեգիտիմության ցածր պաշարն ու իրավիճակի պայթյունավտանգությունը, իշխանությունն անգամ խուսափեց կատարվողը «ահաբեկչություն» որակել: Թեև կատարվածը ցավալի հետևանքների հանգեցրեց, հասարակության զգալի մասի համար դա երկրորդական էր, քանի որ նրանք ցանկացած հակաիշխանական գործողության մեջ տեսնում էին ընդվզման հնարավորություն։
Նմանապես, սոցիալական թվացող բազմաթիվ շարժումներ՝ Մաշտոցի պուրակից մինչև «Էլեկտրիկ Երևան», իրենց հիմքում ունեին խորը քաղաքական ենթատեքստ՝ ուղղված գործող իշխանության դեմ։
Համեմատությունները, իհարկե, ուղիղ չեն։ Ցանկացած համեմատություն, ինչպես նաև սա, կաղում է:
Այնուամենայնիվ այժմ, չնայած իշխանության լեգիտիմության նվազմանը, Փաշինյանի կառավարությունն ունի լեգիտիմության որոշակի պաշար: Այն ավելի է ցանկացած ընդդիմադիր ուժի հանրային աջակցությունից: Իշխանության համար լեգիտիմության կարևոր հենասյուներից մեկը համոզմունքն է, որ ընտրությունները չեն կեղծվում։ Հետճշմարտության դարաշրջանում, երբ հանրային ընկալումներն ու կարծիքները հաճախ ավելի մեծ կշիռ ունեն, քան փաստերը, ընտրությունների նկատմամբ այս վստահությունը դառնում է առանցքային։
Սակայն պարադոքսն այն է, որ իշխանությունն ինքը քայլեր է ձեռնարկում, որոնք կարող են խարխլել այս կարևոր հենասյունը։ Մի շարք համայնքներում (Արթիկ, Ալավերդի, Վանաձոր) տեղական ընտրությունների արդյունքները, փաստացի, վերանայվեցին, և ընտրված քաղաքապետերը չստանձնեցին կամ խիստ կարճ ժամանակով ստանձնեցին իրենց պաշտոնները։ Սա ստեղծում է մի իրավիճակ, երբ լեգիտիմության հիմնական աղբյուրը կարող է կասկածի տակ դրվել հենց նրանց կողմից, ում համար այն ամենից կարևորն է։
Արշալույս Մղդեսյան











