Գլխավոր Լրահոս

«Դա մտահոգություն չէ, այլ հրապարակային նպատակ». Թագուհի Ղազարյանը՝ «Շողակաթ»-ի մասին

«Դա մտահոգություն չէ, այլ հրապարակային նպատակ». Թագուհի Ղազարյանը՝ «Շողակաթ»-ի մասին

Ազգային ժողովը հոկտեմբերի 21-ի նիստում քննարկեց հանրային հեռարձակողների թիվը երեքից երկուսի նվազեցնելու մասին օրենսդրական նախագիծը։ Նախագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին հաստատեց, որ նախաձեռնության թիրախում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնադրած «Շողակաթ» հեռուստաընկերությունն է։

Քննարկման ընթացքում պատգամավոր Գեղամ Նազարյանը մտահոգություն հայտնեց, որ նախագծի իրական նպատակը «Շողակաթ»-ը փակելն է։ Ի պատասխան՝ Թագուհի Ղազարյանը հաստատեց այս ենթադրությունը՝ դա անվանելով ոչ թե մտահոգություն, այլ հրապարակային նպատակ։

«Պարոն Նազարյան, դա մտահոգություն և կարծիք չէ։ Այդ նպատակի մասին մենք հրապարակային հայտարարել ենք։ Այո՛, նախաձեռնությունը մասնավորապես «Շողակաթ» ՍՊԸ-ի հետ կապված խնդիրները կարգավորելուն է ուղղված»,- հայտարարեց իշխող խմբակցության պատգամավորը։

Որպես հիմնական պատճառ՝ Ղազարյանը նշեց ֆինանսական անարդյունավետությունը՝ մատնանշելով առանց մրցույթի հատկացված գումարները։

«Այս տարիների ընթացքում շուրջ երեք միլիարդ դրամական միջոցներ առանց մրցույթի՝ մեկ անձից գնումների ընթացակարգով տրվել է մեկ կազմակերպության»,- ընդգծեց նա։

Ղազարյանը նաև քննադատեց ընդդիմությանը և քաղաքացիական հասարակությանը՝ այս հարցը նախկինում չբարձրացնելու համար՝ ակնարկելով նաև նախկին իշխանությունների կառավարման տարիները։ «Մենք կարծում ենք, որ մրցակցությունը, այդ թվում այսպիսի ոլորտներում, միայն դրական է ազդում որակի և բովանդակության վրա»,- եզրափակեց նա։

Հարկ է նշել, որ այս նախագծին Կառավարությունը հավանություն էր տվել դեռ հոկտեմբերի 2-ին։ Պատգամավորներ Թագուհի Ղազարյանի և Սիսակ Գաբրիելյանի հեղինակած նախագծի պաշտոնական հիմնավորման մեջ նշվում էր, որ երեք հանրային հեռարձակողի (երկու ընդհանուր և մեկ կրթական-մշակութային) գործունեությունն առաջացնում է որակական խնդիրներ, այդ թվում՝ ռեսուրսների դժվար բաշխում, բովանդակության կրկնություն և կրթական-մշակութային ծրագրի ցածր դիտելիություն։

Կարդացեք նաև՝

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում