Գլխավոր Լրահոս

Հայաստանը վճռական է վերածվել խաղաղության և փոխկապակցվածության խաչմերուկի․ Արարատ Միրզոյան

Հայաստանը վճռական է վերածվել խաղաղության և փոխկապակցվածության խաչմերուկի․ Արարատ Միրզոյան

Հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում ԵՄ կողմից կազմակերպված «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է նաև Միջտարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգի առաջմղման թեմայով քննարկմանը։ Առաջին անգամ անցկացվող այս ձևաչափով քննարկմանը մասնակցել են ԵՄ անդամ պետությունները, Սևծովյան լայն տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի երկրները։

ԱԳՆ-ից հայտնում են, որ երկու քննարկումների ընթացքում էլ մասնակից պետությունները և ԵՄ պաշտոնյաներն իրենց ելույթներում ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը։ Նրանք ընդգծել են դրա կարևորությունը հաղորդակցությունների ընդլայնման և միջտարածաշրջանային համագործակցության խթանման համար, այդ թվում՝ TRIPP ուղու կյանքի կոչման միջոցով։

Իր ելույթում նախարար Միրզոյանը նշել է, որ փոխկապակցվածության խթանումը «ռազմավարական առաջնահերթություն է» Հայաստանի համար։

«Մենք տարածաշրջանային փոխկապակցվածությունը դիտում ենք ոչ միայն որպես տնտեսական աճի շարժիչ ուժ, այլև որպես կենսական գործիք՝ դիմակայունության ամրապնդման և մեր տարածաշրջանում հարատև խաղաղության ու կայունության ապահովման համար»,- ասել է նա։

Միրզոյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակում է առաջ մղել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը հիմնված է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային իրավազորության սկզբունքների վրա։

ԱԳ նախարարն ընդգծել է, որ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի հուրընկալմամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պատմական հանդիպումը «բացել է իսկական հնարավորություն տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համար»։ Նրա խոսքով՝ Համատեղ հռչակագրի և TRIPP ուղու լիարժեք իրականացումը կարող է Հարավային Կովկասը վերածել արդյունավետ և անվտանգ տարանցիկ հանգույցի։

Այս համատեքստում Արարատ Միրզոյանն առանցքային է համարել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ենթակառուցվածքների ապաշրջափակումը։

«Հայաստանի և Թուրքիայի միջև Գյումրի-Կարս երկաթուղու վերաբացումը չի պահանջում խոշոր ներդրումներ, և կարճ ժամանակահատվածում կարող ենք ունենալ գործող երկաթուղի, որը, Հայաստանի և Ադրբեջանի երկաթուղային կապի հետ միասին, կարող է դառնալ «Միջին միջանցք» նախագծի բաղադրիչ։ Ավելին, այն անմիջապես կստեղծի միասնական երկաթուղային ցանց Պարսից ծոցի, Սև և Կասպից ծովերի միջև»,- նշել է նախարարը։

Նա հավելել է, որ փոխկապակցվածությունը չի սահմանափակվում միայն տրանսպորտով, և Հայաստանը հանձնառու է կառուցելու նաև ապագայի թվային և էներգետիկ կապերը՝ ներառյալ էներգետիկ համակարգերի դեկարբոնիզացիան և վերականգնվող աղբյուրների խթանումը։

«Հայաստանը վճռական է ցամաքով սահմանափակված երկրից վերածվել ցամաքի միջոցով փոխկապակցված երկրի՝ խաղաղության, փոխկապակցվածության և բարգավաճման խաչմերուկի»,- եզրափակել է Արարատ Միրզոյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում