Հայաստանից ուղևորներ փոխադրող վարորդները տուգանվում են Վրաստանում

Սիրանուշ Ադամյան
Հոկտեմբերի 17-ից Հայաստանից դեպի Թբիլիսի, Բաթումի և այլ ուղղություններով ուղևորափոխադրում իրականցնող ընկերությունների վարորդներին տուգանում են 5000 լարի (մոտ $1700)։ Այս մասին ահազանգում են հենց վարորդները։
ՍիվիլՆեթի հետ զրույցում Հայաստան-Վրաստան ուղևորափոխադրում իրականացնող ընկերության ներկայացուցիչ Արտյոմ Ասրյանը հայտնեց, որ իրենց արդեն տուգանել են ընդհանուր 15,000 լարիով։
«Այսօր արդեն փոխադրող ընկերությունները չափազանց մեծ խնդիրների առաջ են կանգնած, երկու-երեք օր անդադար տուգանվելուց հետո բոլորս էլ հասկացանք, որ մեր պետությունը կա՛մ չի ուզում, կա՛մ ունակ չի այս խնդիրները լուծելու, դրա համար հիմա ի՞նչ ենք անում, մենք մեքենաներով մարդկանց հասցնում ենք մինչև Բագրատաշեն, որտեղից արդեն վրացական տաքսիներով են գնում, նույն ձև՝ հետադարձը»,- ասում է Արտյոմ Ասրյանը՝ հավելելով, որ նաև ուղեվարձի գինն են ստիպված բարձրացրել՝ 3,000-ից դարձնելով 7000 դրամ:
Տարածքային և ենթակառուցվածքների նախարարությունից ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեցին, որ տուգանվում են այն վարորդները, որոնք ապօրինի ուղևորափոխադրում են իրականացնում։
«Վրաստանում օրինական ուղևորափոխադրում իրականացնող որևէ վարորդ չի տուգանվում։ Օրենքով հստակ ամրագրված է, որ միջպետական ուղևորափոխադրում հնարավոր է իրականացնել միայն ավտոբուսներով և միկրոավտոբուսներով։ Իսկ այն յոթ տեղանոց մեքենաներով իրենք չունեն միջպետական ուղևորափոխադրում իրականացնելու լիցենզիա։ Հետևաբար նրանք տուգանվում են»,- հայտնում են նախարարությունից՝ հավելելով, որ միայն երկու ընկերություն ունի դեպի Վրաստան ուղևորափոխադրում իրականացնելու լիցենզիա՝ մեկը դեպի Թբիլիսի, մյուսը՝ Բաթումի։
Հայաստանի տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը սահմանվել է Հայաստանի կառավարության` 2007-ի որոշմամբ։
Ըստ որոշման՝ լիցենզիա կարող են ստանալ այն ընկերությունները, որոնք մասնակցում են մրցույթին ու ճանաչվում հաղթող. յուրաքանչյուր ուղղության համար կարող է հաղթող ճանաչվել միայն մեկ ընկերություն։ Բայց նախարարությունից հայտնում են, որ այլ ընկերություններ ևս կարող են դիմել, եթե ուղևորահոսքը մեծ է լինում դեպի Վրաստան։ Այս դեպքում նոր մրցույթ կարող է նշանակվել, որի արդյունքում նորից մեկ ընկերություն կարող է հաղթող ճանաչվել։
Այսինքն՝ այս պահին միայն երկու ընկերություն կարող է ուղևորափոխադրում իրականցնել դեպի Վրաստան, քանի որ այլ ընկերություն չունի լիցենզիա։
Արտյոմ Ասրյանի խոսքով՝ իրենք արդեն 14 տարի ուղևորափոխադրում են իրականացնում միկրոավտոբուսներով և ութ տեղանոց մեքենաներով, բայց ութ տեղանոցների համար մրցույթներ չեն լինում, իսկ ավտոբուսների դեպքում լիցենզիա ստանալուց հետո էլ բարդ պրոցես է սպասվում։
«Պետք է հետո դիմես Վրաստանի ֆինանսների նախարարություն, ստանաս քվոտա, ամեն քվոտայի համար յուրաքանչյուր մեքենայի հաշվարկով վճարես 500 լարի, որպեսզի կարողանաս փոխադրում իրականացնել, դրանից հետո էլ պետք է կարողանաս իրենց ավտոկայանի հետ պայմանագիր կապել, որ օրենքի դաշտում աշխատես. քանի որ այսպես շատ բարդացրած ամեն ինչը, մենք արդեն երկար տարիներ ուղղակի խնդրի լուծումը գտել էինք ութ տեղանոց մեքենաներով աշխատելու մեջ»,- ասում է Արտյոմ Ասրյանը՝ հավելելով, որ իրենք առանց որևիցե խնդրի աշխատել են՝ մուծելով եկամտահարկ, իսկ լիցենզիայով աշխատելու դեպքում էլ ուղեվարձը պետք է ավելի բարձրացնեն։
Նա նշում է, որ ժամանակի ընթացքում քաղաքացիները լուրջ խնդիր են ունենալու Վրաստան մեկնելու համար՝ ավելի բարձր գնով են կարողանալու մեկնել ու ավելի դժվար են գտնելու ուղևորափոխադրում իրականացնող մեքենաներ կամ ավտոբուսներ։
Թե ինչու վրացական կողմը միայն վերջերս որոշեց, որ պետք է տուգանել հայ վարորդներին, հայտնի չէ։ Նախարարությունից ասում են՝ վարորդների հետ քննարկումներ են ունենում այս թեմայով, բայց թե կլինի որևէ այլ լուծում խնդրին, կամ թե ինչի շուրջ են քննարկումները, չեն հայտնում։
Civilnet










