Պատրաստ ենք հենց այսօրվանից Հայաստանի տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովի ժամանակ, որին մասնակցում են Վրաստանի և Ադրբեջանի վարչապետերը:
Փաշինյանը նշեց, որ Թուրքիայի հետ ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ կարող է առաջիկայում բացվել Հայաստան-Թուրքիա սահմանը:
«Մենք ոչ միայն քաղաքական, այլ նաև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից Հայաստանի տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա: Հայաստանի տարածքում թե’ ճանապարհները, թե’ սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը նաև նշեց, որ քաղաքական առումով Հայաստանը պատրաստ է նույն կերպ ապահովել Նախիջևանի ինքնավար Հանրապետությունից դեպի Ադրբեջանի հիմնական մաս և հակառակ ուղղությամբ տարանցումը, բայց տեխնիկապես դեռևս պատրաստ չէ՝ ենթակառուցվածքների բացակայության պատճառով։
«Քաղաքական առումով պատրաստ ենք նաև երկաթուղային տարանցում ապահովել Թուրքիայի և Նախիջևանի ինքնավար Հանրապետության միջև, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հիմնական մասի միջև, բայց այդ հատվածներում երկաթուղին նորոգման կամ վերակառուցման կարիք ունի։ Համոզված եմ և վստահ եղեք, այս տեխնիկական հարցերը նույնպես երկու-երեք տարվա ընթացքում կլուծվեն»,- նշեց վարչապետը։
Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ առաջիկայում Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան, ինչպես նաև Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր նույնպես կկառուցվեն, կապահովվի նաև երկաթուղային և ավտոտրանսպորտային կապը։
«Այս ամենը քննարկման մեջ է «Թրամփի ուղի» ծրագրի շրջանակներում, նաև համապատասխան քննարկումների մեջ ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ»,- ասաց վարչապետը:
Միևնույն ժամանակ Փաշինյանն ընդգծեց, որ այս ամենը կյանքի կոչելու ամենակարևոր պայմանը խաղաղությունն է, որը Վաշինգտոնի գագաթաժողովի արդյունքներով հաստատվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև։
«Այժմ մենք աշխատում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը առավել ինստիտուցիոնալ դարձնելու, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որը նախաստորագրվեց Վաշինգտոնում ստորագրելու և վավերացնելու ուղղությամբ»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը չափազանց կարևոր համարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։
«Սա չափազանց կարևոր հայտարարություն է, և ուզում եմ իմ գնահատանքն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով և ողջունել այդ հայտարարությունը:
Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան` Ղազախստանից Ադրբեջանով և Վրաստանով Հայաստան է ներմուծվելու հացահատիկ»,- ասաց Փաշինյանը:
Հոկտեմբերի 21-ին Աստանայում Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գործում էին օկուպացիայի ժամանակից։
Civilnet











