Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «շատ դրական» է գնահատել Ժնևում Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպումը՝ հայտարարելով, որ իր տպավորությամբ խաղաղության ձգտումն առկա է նաև ադրբեջանական կողմում։
«Հանդիպման ամենակարևոր բաներից մեկն այն էր, որ ես կոնկրետ տեսա, որ խաղաղությունը ոչ միայն մեր սրտում է, ոչ միայն մեր ընկալման մեջ է, այլ ադրբեջանական կողմի մեջ էր», - ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է Սիմոնյանը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 21-ին Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպումը։
Սիմոնյանի խոսքով՝ երկու կողմերն էլ ընդունում են, որ խորհրդարանները պետք է պատասխանատվություն ստանձնեն՝ հանրություններին մերձեցնելու և «խաղաղության իրականության մեջ ապրելու» նախապատրաստելու համար։
«Ես պետք է ասեմ, որ իմ գործընկերոջ մոտ այդ ընկալումը նույնպես կար», - նշել է նա։
ԱԺ նախագահը հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կողմից քննարկել և առաջարկել «կոնկրետ քայլերի մեխանիզմ»։ Նա ընդգծել է, որ խոսքը «հեռավոր ապագայի մասին չի գնում» և երկուսն էլ այն մտքին են, որ «պետք է հնարավորինս արագ այդ ամեն ինչն արվի և հնարավորինս մեծ ծավալով»։
Ալեն Սիմոնյանը նշել է, որ հանդիպմանը քննարկվել է նաև ռազմական ագրեսիայի հնարավորության թեման։
«Ինչ-որ մի պահ խոսակցություն եղավ, օրինակ, ռազմական ագրեսիայի մասին... ասեց հնարավոր չէ», - ասել է Սիմոնյանը՝ փոխանցելով Գաֆարովայի արձագանքը։
Ըստ նրա, ադրբեջանցի գործընկերը հիմնավորել է դա՝ նշելով, թե ինչպես է դա հնարավոր, երբ իրենք «այսքան քայլ են արել» և «այսքան միջազգային պարտավորություն են վերցրել»։
ԱԺ նախագահը նշել է, որ հանդիպմանը խոսվել է գերիների և պահվող անձանց թեմայի մասին։
«Գերիների, պահվող անձանց վերաբերյալ խոսակցությունը կա միշտ», - նշել է նա։
Սիմոնյանը չի բացառում միջազգային ձևաչափով հանդիպումների շրջանակներում Հայաստանի վարչապետը գնա Ադրբեջան, Ադրբեջանը նախագահը գա Հայաստան: Բայց այս համատեքստում ԱԺ նախագահը խնդիր է համարում հայ պաշտոնյաների այցն Ադրբեջան այն դեպքում, երբ այնտեղ հայ գերիներ կան:
«Ես չեմ բացառում, որ ինչ-որ միջազգային ֆորմատների շրջանակներում, թող իրենց նախագահն էլ գա, մեր երկրի ղեկավարն էլ գնա իրենց մոտ, ես էլ կգնամ, իրենք էլ կգան, բայց կան հարցեր, որոնք որ պետք է այնուամենայնիվ քննարկենք մինչև այդ։ Ոչ միայն անվտանգության հարցեր, նաև մեր պահվող անձանց հարցերը, օրինակ, մի քիչ դժվար է մեր համար գնալ այնտեղ, որովհետև հասկանալի է, որ ոնց գնաս այնտեղ, միևնույն ժամանակ գիտես, որ պահվող անձինք կան»,- ասաց Սիմոնյանը:
Հարցին, արդյոք հնարավոր է մինչև ընտրություններ գերիների վերադարձ լինի, Սիմոնյանն արձագանքեց՝ լավատեսորեն է տրամադրված, բայց դրա մասին չի խոսի:
«Ես էլ եմ լավատեսականորեն տրամադրված, բայց, ինչպես վարչապետն է ասում, մենք դրա մասին չենք խոսում, մինչև այդ փաստը տեղի չի ունենում»,- ասաց Սիմոնյանը:
Civilnet











