Միխեիլ Գվաձաբիա, OC Media
Անցած շաբաթա վերջին Վրաստանում առնվազն 14 մարդ է ձերբակալվել՝ այն բանից հետո, երբ ուժի մեջ են մտել ցույցերի ժամանակ ճանապարհների արգելափակման և դեմքը ծածկելու վերաբերյալ սահմանափակող նոր օրենքները։
Ձերբակալությունները սկսվել են կիրակի օրը՝ երեք օր անց այն բանից հետո, երբ օրենքները ուժի մեջ են մտել։ Երկուշաբթի նույնպես հաղորդվել է նոր ձերբակալությունների մասին, և մի քանի մարդու արդեն տրվել են մի քանի օր տևող վարչական կալանքներ։
«Վրացական երազանք» կուսակցության և նրա դաշնակիցների վերահսկողության տակ գտնվող խորհրդարանը հինգշաբթի արագ ընդունել է փոփոխությունները, որոնցով վարչական տուգանքները փոխարինվել են ազատազրկմամբ մի շարք գործողությունների համար։ Դրանց թվում են ճանապարհների արգելափակումը այն դեպքում, երբ ոստիկանությունը համարում է, որ ցույցին անբավարար թվով մասնակից կա, ինչպես նաև դեմքը ծածկելը հանրահավաքների ժամանակ։
Ցուցարարները 2024-ի նոյեմբերի 28-ից ամեն օր արգելափակում էին Թբիլիսիի կենտրոնում գտնվող խորհրդարանի դիմացի ճանապարհը այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարեց ԵՄ անդամակցության դիմումը «հետաձգելու» մասին։
Նույն օրը, երբ նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ստորագրեց փոփոխությունները, Ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին սկսեց հորդորել ազատել ճանապարհները, իսկ ոստիկանությունը զգուշացումներ էր անում դեմքը ծածկելու վերաբերյալ։
Կիրակի ոստիկանությունը սկսել է ձերբակալել նախօրեին նույնացված ցուցարարներին՝ նրանց տներում և փողոցում։ Ոմանք մեղադրվում են ճանապարհը փակելու, մյուսները՝ դեմքը ծածկելու մեջ։
Թբիլիսիի քաղաքային դատարանը 14-օրյա կալանք է նշանակել Լևան Ջոբավայի և Շալվա Չուբինիձեի նկատմամբ. Նրանք ամենաերկար պատժաչափ ստացած ցուցարարներն են։
Ձերբակալվածների թվում է նաև ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաընկերության հաղորդավար Վախո Սանայան, որի նկատմամբ կիրառվել է վեցօրյա կալանքը։ Հեռուստաընկերությունը հայտարարել է, որ սա «լրատվամիջոցի և անկախ լրագրության վրա իշխանության ճնշման դրսևորում» է, իսկ մի քանի այլ լրատվամիջոցներ հանդես են եկել համերաշխության համատեղ հայտարարությամբ։
Սանայայի փաստաբանը դատարանի որոշումը որակել է անհիմն՝ նշելով, որ նա «ավելի քան 300 օր է՝ մասնակցում է ցույցերին՝ առանց որևէ իրավախախտման»։
Այլ ձերբակալվածների թվում են ցուցարար Նինո Սվանիձեն, որը հինգ օր կալանք է ստացել ճանապարհը փակելու համար, և Լարա Նաչկեբիան, որը դատապարտվել է չորս օրով՝ դեմքը ծածկելու համար։
Փաստաբան Նիկա Սիմոնիշվիլին՝ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախկին նախագահը, հայտնել է, որ Նաչկեբիային ոստիկանները կանգնեցրել են շաբաթ երեկոյան՝ Թբիլիսիի կենտրոնում մայթով քայլելիս, քանի որ նա շալով էր ծածկված։
Որոշ ձերբակալվածներ ազատ են արձակվել բանավոր զգուշացումից հետո, իսկ մի քանիսի գործերի քննությունը հետաձգվել է։ Նրանց թվում է Լեյբորիստական կուսակցության անդամ Լաշա Չխարտիշվիլին, որը ձերբակալվել էր մոր մահվան 40-րդ օրը գերեզման այցելելիս։
Ներքին գործերի նախարարությունը կիրակի երեկոյան հայտարարել է ձերբակալվածների թվի մասին՝ նշելով, որ 14-ի հետ մեկտեղ ևս 13 անձի նկատմամբ վարչական վարույթ է ընթանում։
Չնայած ձերբակալություններին՝ կիրակի երեկոյան քաղաքացիները կրկին հավաքվել են խորհրդարանի մոտ՝ որոշները փակել են փողոցները։ Ոստիկանությունը կանգնեցրել և արձանագրություն է կազմել 70-ամյա ցուցարար Ազա Չիլաչավայի նկատմամբ, որը Աբխազիայից տեղահանված անձ է․ ըստ հաղորդումների՝ նա իր հետ դիմակ ուներ։
Երկուշաբթի ևս հաղորդվել է ձերբակալությունների մասին։ Ձերբակալվածների թվում է «Ֆորմուլա»-ի լրագրող Կետա Ծիծկիշվիլին։
«Ի վերջո մենք կհաղթենք»,- գրել է Ծիծկիշվիլին Ֆեյսբուքում՝ նշելով, որ ոստիկաններն իրեն են մոտեցել։
«Վրացական երազանք» կուսակցության կառավարությունը նախկինում ևս փորձել է ճնշել ամենօրյա բողոքի ցույցերը՝ սկզբում կիրառելով ոստիկանության բռնություն, ապա՝ խոշոր տուգանքներ ճանապարհը փակելու համար։ Տուգանքների չափը անցած ձմռանը տասնապատկվել է՝ հասնելով 5,000 լարիի (մոտ 1,800 ԱՄՆ դոլար)։
Չնայած այս միջոցներին՝ բողոքները չեն դադարել։Հոդվածը հրապարակվել է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում։
Civilnet











