Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 22-ին հանդիպել է Երևանում անցկացվող Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր-սեղան քննարկման մասնակիցների հետ։ Այս մասին Գրիգորյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Բարձր եմ գնահատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում նման ձևաչափն ընդգրկող հանդիպումների անցկացումը, որոնք միտված են դրականորեն ազդելու մարդկանց միջև շփումների հաստատմանը: Ընդգծել եմ, որ հանրության տարբեր շերտերի ներգրավվումը միմիայն ամրապնդելու է խաղաղությունը:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հայկական կողմին միջոցառումը կազմակերպելու և դրական մթնոլորտ ապահովելու համար: Մասնակիցներն ընդգծել են նման նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը՝ ուղղված փոխվստահության և համագործակցության ամրապնդմանը:
Հանդիպման երկրորդ մասում պատասխանել եմ ներկաների հարցերին», - հայտնել է Գրիգորյանը:
Civilnet











