Գևորգ Թոսունյան
«Եվրոպական միությունը դեղեր է փորձակում հայերի վրա», «Հայաստանի բիոլաբարատորիաներում վիրուսներ են պատրաստվում», «խոցը վերացնող նոր դեղահաբեր են հայտնաբերվել»․․․ այս բոլորը Հայաստանի առողջապահական համակարգի վերաբերյալ ապատեղեկատվության արշավներից են։
Առողջապահության համակարգը մեկն է, որը պարբերաբար հայտնվում է ապատեղեկատվության թիրախում։ Նպատակները տարբեր են՝ քաղաքականից մինչև առևտրային։ ՍիվիլՆեթը հետաքննել է այս դաշտը՝ փորձելով հասկանալ, թե ինչ ապատեղեկատվական հոսքեր կան։
Այս հոդվածում մենք անդրադառնում ենք «ամերիկյան գաղտնի կենսալաբորատորիաների» թեմային, որն ամենաշատ շահարկվողներից է Հայաստանում։ Հաջորդիվ կխոսենք ապատեղեկատվության մյուս արշավների մասին։
Կենսաբանական զե՞նք, թե՞ հանրային առողջություն․ Հայաստանի լաբորատորիաները տեղեկատվական պատերազմի թիրախում
Ամեն տարի, հաճախ առանց տեսանելի առիթի, Հայաստանի դեմ իրականացվում է առանձնացող մի տեղեկատվական արշավ․ օրակարգ է բերվում «ամերիկյան գաղտնի կենսալաբորատորիաների» թեման։ Որպես կանոն, այն սկիզբ է առնում ռուսական աղբյուրներից, այդ թվում՝ պաշտոնական լրատվամիջոցներից, այնուհետև հասնում հայկական իրականություն՝ երբեմն վերաճելով անգամ ուղղորդված բողոքի ակցիաների։ ՍիվիլՆեթը հետաքննել է այս դաշտը՝ բացահայտելով, որ իրականում այս ամենը միջազգային սցենարով իրականացվող արշավ է, որի թեզերը որևէ կապ չունեն Հայաստանի լաբորատորիաների իրական գործունեության հետ։

«Ամերիկյան գաղտնի կենսալաբորատորիաներ», «մարտական մոծակներ», «էթնիկ զենք». այս բառակապակցությունները ոչ թե գիտաֆանտաստիկ ֆիլմի սցենարից են, այլ տարիներ շարունակ Հայաստանի և հետխորհրդային այլ երկրների դեմ իրականացվող տեղեկատվական պատերազմի անբաժանելի մասը։ Սա պարզապես կեղծ լուր չէ, այլ քաղաքական նպատակներ հետապնդող, համակարգված գործողություն, որի նպատակն է սերմանել վախ, խարխլել վստահությունը պետական ինստիտուտների, մասնավորապես՝ առողջապահական համակարգի նկատմամբ և թերահավատություն ստեղծել արևմտյան գործընկերների հետ համագործակցության շուրջ։
Հայաստանն այս պայքարում մենակ չէ։ Նույն սցենարը, գրեթե բառացի կրկնություններով, կիրառվել է Վրաստանում, Ղազախստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։ Հոդվածի նպատակը ոչ թե հերթական անգամ առանձին պնդումներ հերքելն է, այլ մասնագետների, փաստերը ստուգող լրագրողի օգնությամբ և միջազգային փորձի վերլուծությամբ բացահայտել այս արշավի անատոմիան՝ ցույց տալով, թե ովքեր, ինչպես և ինչու են թիրախավորում Հայաստանի հանրային առողջապահության համակարգը։
Ցույցեր՝ հերքված թեզերով
2022-ին Երևանում՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի դիմաց հավաքվել էին սպիտակ խալաթներով ու խորհրդային հակագազերով մարդիկ։ Չնայած կազմակերպիչները հայտարարում էին, թե ակցիան քաղաքական չէ և ուղղված է լաբորատորիաների գործունեության թափանցիկությանը, նրանց բարձրացրած խնդիրները նույնքան հին էին ու հերքված, որքան իրենց հակագազերը։ Ակցիայի ընթացքում հնչում էին քաղաքական հայտարարություններ և տարածվում ռուսական քարոզչական թեզեր։
Այդ ակցիան պատահական չէր։ Դրանից ամիսներ առաջ՝ Ռուսաստանը, Ուկրաինա ներխուժումից հետո, բարձր մակարդակով սկսել էր շահարկել կենսալաբորատորիաների թեման՝ պնդելով, թե իբր Ուկրաինայում «կենսաբանական զենքի բաղադրիչներ» են հայտնաբերել, որոնց վերաբերյալ որևէ ապացույց այդպես էլ չներկայացվեց։ Այս տեղեկատվական ալիքը հասավ Հայաստան և դրսևորվեց բողոքի ակցիայի տեսքով։
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը, որն առողջապահության ոլորտում երկար տարիների փորձ ունի, ամեն անգամ զարմանքով է հետևում նման դրսևորումներին։
«Դրանք բոլորը ծայրահեղ ոչ գիտական ու աբսուրդային թեզեր են։ Սկզբնական ռեակցիաս բուռն էր։ Առաջարկեցի գործընկերներիս, որ պայքարենք այս ամենի դեմ, բայց ոչ թե նպատակաուղղված ամեն մեկը հերքենք, որովհետև երբ ինչ-որ բան հերքում ես, դու ինչ-որ չափով դրա ճշմարտացիությունն ընդունում ես։ Որոշեցինք մեր գործունեությամբ ցույց տալ, որ նման բան չկա ու չի կարող լինել»,- ասում է Աթոյանը։

Ապատեղեկատվության այս արշավը Հայաստանում ակտիվացել է 2016-17 թվականներից՝ արդիականացված լաբորատորիաների բացմանը զուգահեռ։ ՍիվիլՆեթի CivilNetCheck փաստերի ստուգման թիմի խմբագիր Անի Գրիգորյանի խոսքով՝ թեզերը նոր չէին, այլ պարզապես «ներկրվել» էին այլ երկրների համար նախատեսված քարոզչական ձեռնարկներից։
«Հիմնական պնդումն այն էր, որ դրանք ռազմական լաբորատորիաներ են՝ հագեցած ամերիկացի զինվորականներով, որտեղ կենսաբանական զենք է մշակվում Ռուսաստանի և նույնիսկ Հայաստանի դեմ։ Նույն թեզերն արդեն շրջանառվել էին Վրաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի դեպքում»,- բացատրում է Գրիգորյանը։
Սկսած 2016-ից՝ ապատեղեկատվության տարածումն իրականացվել է տարբեր եղանակներով, որոնց պարբերաբար անդրադարձել է CivilNetCheck-ը։ Արշավը ներառել է ինչպես ռուսական լրատվամիջոցներում հրապարակված հոդվածներ, այնպես էլ Հայաստանում տեղական խմբերի կողմից կազմակերպված բողոքի ակցիաներ։ Ցույցեր են անցկացվել ԱՄՆ դեսպանատան և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքի դիմաց, որի կազմում էլ հենց գործում են այդ ռեֆերենս լաբորատորիաները։
Տեղեկատվական հոսքը հաճախ երկկողմանի բնույթ է կրել։ Երբեմն ռուսական լրատվամիջոցներում հայտնված թեզերը մեծ արձագանք են ստացել Հայաստանում, իսկ երբեմն էլ՝ հակառակը, տեղական մակարդակով կազմակերպված ցույցերն են լայնորեն լուսաբանվել ռուսական ամենահայտնի լրատվամիջոցների կողմից։
Թեզերն ու դրանց տարածումը․ կեղծիքի անատոմիան
Հայաստանի դեմ ուղղված արշավը հիմնված է մի քանի հիմնական, կրկնվող թեզերի վրա, որոնք ժամանակի ընթացքում միայն համալրվում են նոր, երբեմն բոլորովին ֆանտաստիկ մանրամասներով։
Թեզ 1․ Դրանք ռազմական օբյեկտներ են։ Քարոզչությունը պնդում է, թե Հայաստանի, ինչպես նաև Ուկրաինայի, Վրաստանի լաբորատորիաները գաղտնի, ռազմական բնույթի օբյեկտներ են, որոնք վերահսկվում են ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից։ Այս առասպելը ծնվել է այն պատճառով, որ արդիականացման գործընկերներից մեկը եղել է ԱՄՆ ՊՆ սպառնալիքների նվազեցման գործակալությունը (DTRA)։ Սակայն DTRA-ի առաքելությունը ոչ թե զենքի ստեղծումն է, այլ զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելումը, ներառյալ՝ խորհրդային ժամանակաշրջանից ժառանգություն մնացած պաթոգենների անվտանգության ապահովումը։ Լաբորատորիաներն ամբողջությամբ պատկանում են Հայաստանի Հանրապետությանը և գտնվում են Առողջապահության նախարարության ենթակայության տակ։

Թեզ 2․ Կենսաբանական զենքի մշակում։ Ամենասարսափեցնող և ամենահակագիտական թեզը «էթնիկ զենքի» մշակումն է, որն իբր ուղղված է սլավոնների կամ ռուսների դեմ։ Այս նարատիվն անտեսում է գենետիկայի հիմնարար սկզբունքները։ Ժամանակակից գիտությունը պնդում է, որ նման զենք ստեղծելն անհնար է։ Գենետիկական տեղեկատվությունը որոշում է մարդու հապլոխումբը, այլ ոչ թե ազգությունը։ Օրինակ, R1a հապլոխումբը, որը տարածված է ռուսների մոտավորապես կեսի մոտ, բնորոշ է նաև լեհերին, ուկրաինացիներին, չեխերին, ղրղզներին, տաջիկներին և Եվրասիայի շատ այլ ժողովուրդների։ Այսպիսով, այս հապլոխմբի դեմ ուղղված զենքը կլիներ անարդյունավետ և կվնասեր բազմաթիվ այլ էթնոսների։

Թեզ 3․ Վտանգավոր փորձարկումներ մարդկանց վրա։ Այս թեզը հաճախ ամրապնդվում է վաղուց հերքված պատմություններով, ինչպես օրինակ՝ վրացական Լուգարի կենտրոնում 248 մարդու մահվան մասին կեղծիքը։ Այս հանգամանքը ևս բազմիցս հերքվել է, սակայն մինչև հիմա շահարկվում է տարբեր մարդկանց կողմից, այդ թվում՝ Հայաստանի հանրային գործիչների։

Ապատեղեկատվության տարածման մեխանիզմը բազմաշերտ է։ Որպես կանոն, կեղծ տեղեկությունը սկզբում հայտնվում է կասկածելի «արևմտյան» կայքերում, որոնք ստեղծված են ռուսամետ դավադրության տեսություններ տարածելու համար։ Սա արվում է պատմությանը միջազգային հնչեղություն և վստահելիության պատրանք հաղորդելու նպատակով։ Այնուհետև, հղում անելով այդ կեղծ աղբյուրներին, տեղեկությունը վերցնում և տարածում են ռուսական պետական լրատվամիջոցները (Sputnik, EADaily, ТАСС) և բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպիսին է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Վերջին փուլում պատմությունը հասնում է Հայաստան, որտեղ այն տարածվում է տեղական որոշ լրատվականների և գործիչների կողմից։
Մեկ այլ կարևոր հանգամանք․ ապատեղեկատվությունը մշտապես պնդում է, թե կենտրոնը և լաբարատոր հատվածը չեն վերահսկվում Հայաստանի կողմից։ Կենտրոնը պետական ոչ առևտրային կազմակերպություն է։ Այն ամբողջությամբ վերահսկվում է Հայաստանի կառավարության, մասնավորապես առողջապահության նախարարության կողմից։ Որոշ ծրագրեր կենտրոնն ունի միջազգային գործընկերների հետ։
Ինչ է կատարվում իրականում

Ապատեղեկատվության թիրախում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն է։ Ստեփան Աթոյանը պարզաբանում է, որ իրենց գործունեությունն ուղղված է բացառապես Հայաստանի բնակչության առողջության պահպանմանը։ «Մեր հիմնական գործառույթներն են հանրային առողջապահության ապահովումը, իմունականխարգելումը և լաբորատոր գործունեությունը»,- ասում է նա։
Գործնականում սա նշանակում է, որ երբ որևէ վարակիչ հիվանդության դեպք է արձանագրվում, կենտրոնի մասնագետները սկսում են համաճարակաբանական հետազոտություն իրականացնել։ Նպատակն է պարզել վարակի ծագումը, բացահայտել շփման շրջանակը և կանխել հիվանդության հետագա տարածումը՝ կոտրելով վարակի փոխանցման շղթան։ Այս գործընթացը մշտական է․ COVID-19 համավարակը դրա լայնածավալ դրսևորման ընդամենը մեկ օրինակն էր»,- նշում է Աթոյանը։
Ոչ թե ամերիկյան, այլ միջազգային համագործակցություն
Ապատեղեկատվական արշավների մյուս թիրախը ԱՄՆ-ի հետ համագործակցության փաստն է, որը, սակայն, ներկայացվում է խեղաթյուրված։ Հայաստանում չեն հերքում ամերիկյան կողմի ներգրավվածությունը, սակայն պարզաբանում են դրա իրական բնույթը։
Երևանում գտնվող այս կենտրոնը և դրան կից Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կենտրոնական կառույցների բացումը (վերաբացումը) տեղի է ունեցել 2016-ի հուլիսին՝ երկու գերատեսչությունների նախարարների և ԱՄՆ դեսպանի կողմից։ 2016-2017 թթ․ մարզային կառույցներ են ստեղծվել Շիրակի, Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։
Դրանք ֆինանսավորվել և վերազինվել են ԱՄՆ պաշտպանության նախարարության զանգվածային ոչնչացման զենքերին հակազդելու համար ստեղծված «Վտանգների նվազեցման գործակալության» (DTRA) կողմից։ Երկու կենտրոնների համար ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ ներդրել էր գրեթե 14 մլն դոլար։
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև իրականացվող Կենսաբանության ոլորտում ներգրավման համագործակցային ծրագիրը հիմնադրվել է վարակիչ և վտանգավոր ախտածիններից ու հիվանդություններից առաջացած ռիսկերի նվազեցման ուղղությամբ աշխատելու համար: Այն միտված է ամրապնդելու Հայաստանի հիվանդությունների հետագծման կարողությունները՝ ապահովելով արագ արձագանքումը մարդկանց կամ կենդանիների համար վտանգավոր հիվանդությունների հետագա բռնկումներին։
Ստեփան Աթոյանը նշում է, որ ռուսական ու եվրասիական կառույցների հետ ևս համագործակցում են, ինչը հիմնովին հերքում է բացառապես ամերիկյան վերահսկողության մասին թեզը։ «Մասնավորապես, «Ռոսպոտրեբնաձորի» ենթակա մի շարք ինստիտուտների հետ․ համատեղ վերապատրաստումներ և դաշտային աշխատանքներ ենք իրականացնում»,- ասում է մեր նա։
Աթոյանի խոսքով՝ լաբորատորիաների արդիականացումը միայն ամերիկյան ֆինանսավորմամբ չի իրականացվում․ «Հենց հիմա մեր երկու մասնաճյուղի լաբորատորիաների արդիականացումն իրականացնում է Զարգացման և կայունացման եվրասիական հիմնադրամը»։
Անի Գրիգորյանն իր հերթին հիշեցնում է փաստեր, որոնք ցույց են տալիս ռուսական կողմի համար թափանցիկության ապահովումը․ «Դեռ տարիներ առաջ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ այդ ռեֆերենս լաբորատորիաների համար տարբեր տեխնիկա է նվիրել անգամ Ռուսաստանը»։ Նա նաև վկայակոչում է պաշտոնական հայտարարությունները․ «2018-ին Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ռուս մասնագետներին հնարավորություն է տրվել մտնել այդ լաբորատորիաներ, և նրանք հաստատել են, որ այնտեղ որևէ վտանգավոր բան չկա»։
Այսպիսով, իրական պատկերը ոչ թե Պենտագոնի գաղտնի բազան է, այլ ժամանակակից առողջապահական կենտրոնը, որը բացահայտ համագործակցում է գործընկերների հետ ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ռուսաստանից և Եվրասիական միությունից՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների առողջության պահպանման։
Միջազգային օրինակներ․ նույն ձեռագիրը՝ ըստ Provereno.media-ի հետազոտության
«Ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների» թեման ռուսական քարոզչության ամենաերկարակյաց նարատիվներից է։ Դրա թիրախում են հետխորհրդային երկրները, որոնց մեղադրում են իբր ԱՄՆ-ի կողմից կենսաբանական զենքի մշակման մեջ։ Որպես պոտենցիալ վարակի թիրախ նշվում են Ռուսաստանի բնակիչները, իսկ որպես փոխանցողներ՝ չվող թռչուններն ու անգամ «մարտական» մոծակներով լցված անօդաչուները։
Այս նարատիվն օգտագործվում է կոնկրետ երկրներին վարկաբեկելու համար, և այն տարածում են նույնիսկ բարձրաստիճան ռուս քաղաքական գործիչները։ Քարոզչությունը պնդում է, թե այդ լաբորատորիաները գաղտնի են, սակայն իրականում դրանց աշխատանքի թափանցիկությունը պահպանվում է, և ապատեղեկատվությունը հաճախ պարունակում է փաստական սխալներ։
Օրինակ, Ղազախստանում Ալմաթիի Կենտրոնական ռեֆերենս-լաբորատորիայի շուրջ տեղեկատվություն էին տարածում, թե այն չղջիկների միջոցով կորոնավիրուս էր տարածում։
Վրաստանի լաբորատորիայի շուրջ տեղեկատվական աղմուկը շատ չի տարբերվում։ 2018-ին երկրի պետանվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն RT-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե իր ձեռքում է հայտնվել շուրջ 100,000 էջ փաստաթուղթ, որոնցից կարելի է եզրակացնել, որ 2011-ից Թբիլիսիի արվարձանում գործող Ռիչարդ Լուգարի անվան հանրային առողջության կենտրոնում մարդկանց վրա մահվան ելքով փորձարկումներ են կատարվում։ Նրա խոսքերը մասամբ հաստատել էր նախագահ Սաակաշվիլիի նախկին խորհրդական Ջեֆրի Սիլվերմանը, որը Վրաստանն անվանել էր «քայլող լաբորատորիա»։ Անմիջապես արձագանքել էր ռուսական կողմը։ Երկու տարի անց, ինչպես ղազախական դեպքում, լաբորատորիայի գործունեությունը կապեցին չղջիկների միջոցով կորոնավիրուսի տարածման հետ։
Մոլդովան ևս թիրախավորվել է։ Տարածվել են լուրեր, թե ԱՄՆ-ի հետ «գաղտնի գործարքի» արդյունքում երկրում բացվում են նոր լաբորատորիաներ՝ մահացու վիրուսներ փորձարկելու համար, ինչը կտրականապես հերքվել է կառավարության կողմից։
Այսպիսով, հետխորհրդային լաբորատորիաների դեմ տեղեկատվական արշավները հիմնված են կեղծ ենթադրությունների վրա, թե դրանք կառավարվում են ԱՄՆ-ի կողմից, և դրանց նպատակը կենսաբանական զենք ստեղծելն է, այլ ոչ թե ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած վտանգավոր շտամների անվտանգության ապահովումը։
Civilnet











