Գլխավոր Լրահոս

Վրաստանի նախկին վարչապետն ընդունել է ապօրինի եկամուտ ստանալու փաստը՝ ըստ հետաքննող մարմինների

Վրաստանի նախկին վարչապետն ընդունել է ապօրինի եկամուտ ստանալու փաստը՝ ըստ հետաքննող մարմինների

Ջանդի Քուենինգ, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտարարել է, որ երկրի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «ընդունել է տարիների ընթացքում ապօրինի եկամուտ ստանալու փաստը»։ Այս հայտարարությունը հնչել է ՊԱԾ-ի կողմից իրականացվող բարձրագույն պաշտոնյաների գործի շրջանակում։

Ծառայությունը հայտնել է, որ առաջիկա օրերին կկատարվի Ղարիբաշվիլիի գործողությունների իրավական գնահատում և կկայացվի որոշում՝ նրան նկատմամբ կիրառվելիք կանխարգելիչ միջոցի վերաբերյալ։

Հինգշաբթի՝ ՊԱԾ-ի ճեպազրույցից մեկ օր անց, հայտարարվել է գործի հետ կապված երկրորդ կալանքի մասին։ Ըստ գլխավոր դատախազության, ձերբակալվել է նախկին ՊԱԾ ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի գործընկեր Անդրիա Լիլուաշվիլին՝ խոշոր չափերի փողերի լվացման մեղադրանքով։

Գլխավոր դատախազությունը այս քննության մասին հայտնել էր դեռ անցած շաբաթ՝ նշելով, որ այն ներառում է ոչ միայն Ղարիբաշվիլիին, այլև ՊԱԾ նախկին ղեկավար Լիլուաշվիլիին և նախկին գլխավոր դատախազ Օթար Պարծխալաձեին։ Այդ ժամանակ հայտարարվել էր, որ խուզարկություններ են կատարվել ոչ միայն նրանց տներում, այլև նրանց մերձավորների հասցեներում՝ երկրի տարբեր հատվածներում։

Հետագայում ՊԱԾ-ը հրապարակեց նյութեր, որոնք, ըստ նրանց, առգրավվել էին խուզարկությունների ընթացքում․ մոտ 7 մլն դոլար և 136,000 լարի (մոտ 50,000 դոլար) կանխիկ գումար, 198 զարդ և թանկարժեք ժամացույց, արժեքավոր նկարներ, հազարավոր փաստաթղթեր և 119 էլեկտրոնային սարքավորում։

Ըստ հաղորդագրության, քննությունը վարում է ՊԱԾ հակակոռուպցիոն գործակալությունը, սակայն դեռ պարզ չէ՝ ո՛ր պաշտոնյաների նկատմամբ են առաջադրվել մեղադրանքներ, և ո՛ր առգրավված իրերն ում են պատկանում։

Նույն օրը ՊԱԾ-ի հայտարարությունից հետո գլխավոր դատախազությունը տեղեկացրեց առաջին ձերբակալության մասին․ Կոբա Խունդաձեն մեղադրվում է խոշոր չափերի փողերի լվացման մեջ։ Քննության համաձայն, Խունդաձեն, ինչպես Անդրիա Լիլուաշվիլին, նույնպես կապ ունի նախկին ՊԱԾ ղեկավարի հետ։ Նրա տանը հայտնաբերվել է ավելի քան 1,3 մլն դոլարի համարժեք կանխիկ գումար՝ մոտ 100 ծրարի մեջ։

Մեկ այլ խուզարկություն իրականացվել է Միխեիլ Չոխելիի տանը, որը ենթադրաբար կապված է Պարծխալաձեի հետ։ Դատախազությունը հայտնել է, որ Չոխելիի և նրա ընտանիքի մեկ այլ անդամի սեյֆերից առգրավվել է շուրջ 2,9 մլն դոլար։

Այս խուզարկությունները համընկել են Ղարիբաշվիլիի օրոք պաշտոնավարած մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ սկսված հետաքննությունների հետ։ Սեպտեմբերին կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել էր պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, մինչ այդ՝ նրա երկու փոխնախարարները։

Վերջին ամիսներին շրջանառվում էին ենթադրություններ, որ Ղարիբաշվիլին շուտով կհայտնվի իշխանությունների թիրախում, սակայն մինչ ՊԱԾ-ի և գլխավոր դատախազության վերջին հայտարարությունները՝ դա պաշտոնապես չէր հաստատվել։

Ի պատասխան քննության, իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ վճռական են կոռուպցիայի դեմ պայքարում՝ անկախ նրանից՝ առնչվում է դա նախկին թե ներկա դաշնակցին։ Սակայն ընդդիմադիր գործիչներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պնդում են, որ այս գործընթացը քաղաքական ենթատեքստ ունի և ներքին հաշվեհարդարի տարրեր է պարունակում։

Ներքին բախումներ իշխող շրջանակում

Ղարիբաշվիլին քաղաքականություն էր մտել Բիձինա Իվանիշվիլիի հետ՝ մինչ այդ աշխատելով նրա բիզնես ընկերություններում։ 2012-ին նա նշանակվեց ներքին գործերի նախարար «Վրացական երազանքի» առաջին կառավարության կազմում։

2013-ին վարչապետի պաշտոնում նա փոխարինեց Իվանիշվիլիին և պաշտոնավարեց մինչև 2015-ի վերջը։ 2019-ին վերադարձավ որպես պաշտպանության նախարար, իսկ 2021-ին՝ Գիորգի Գախարիայի հրաժարականից հետո, կրկին դարձավ վարչապետ։

2024-ին Ղարիբաշվիլին հրաժարական տվեց Իվանիշվիլիի քաղաքական ասպարեզ վերադառնալուց անմիջապես հետո՝ այն ժամանակ, երբ իշխանությունը փորձում էր անցկացնել «օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքը, որն ի վերջո հետ էր վերցվել բողոքներից հետո։ Վարչապետի պաշտոնում նրան փոխարինեց Իրակլի Կոբախիձեն։

Հրաժարականից հետո Ղարիբաշվիլին դարձավ «Վրացական երազանքի» խորհրդի նախագահ, սակայն պահպանում էր ցածր հրապարակային ակտիվություն։ Լրատվամիջոցներում մի քանի անգամ հայտնվել էին լուրեր, թե նա լուրջ տարաձայնություններ ունի կուսակցության ղեկավարության հետ և նույնիսկ ենթարկվել է ֆիզիկական հարձակման գործընկերների կողմից, ինչը նա հերքել էր՝ դա անվանելով «զազրելի սուտ»։

Լիլուաշվիլին և Պարծխալաձեն՝ նույն գործի շրջանակում

Լիլուաշվիլին, որի տունն էլ է խուզարկվել, 2019-ից 2025-ի ապրիլը ղեկավարում էր ՊԱԾ-ը։ Նախատեսվում էր, որ նրան կնշանակեն տարածաշրջանային զարգացման նախարար, սակայն վարչապետ Կոբախիձեն հայտարարել էր, որ չհաջողվեց պայմանավորվել մի շարք հարցերի շուրջ, և թեկնածությունը հետ էր կանչվել։

Պարծխալաձեն, որն ունի ռուսական քաղաքացիություն, կարճ ժամանակ է ծառայել որպես Վրաստանի գլխավոր դատախազ՝ 2013-ի վերջին։ Նա նախկինում մեղադրվել էր բռնության և շորթման մեջ՝ «Վրացական երազանքի» հիմնադիր Իվանիշվիլիի ենթադրյալ շահերի համար։ 2023-ին ԱՄՆ-ն նրա նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել՝ Ռուսաստանի հետ կապերի և Վրաստանի ներքին գործերին վնասակար ազդեցության համար։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում