Յուսեֆ Բարդուկա, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում
Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել լուծարել Միջազգային կրթության կենտրոնը և նրա գործառույթները փոխանցել Կրթության նախարարությանը։ Կենտրոնը ֆինանսավորում էր բարձրագույն կրթությունը Վրաստանում և արտերկրում։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն երեքշաբթի ստորագրել է որոշում, ըստ որի՝ կենտրոնը կդադարեցնի գործունեությունը 2026-ի հունվարի 1-ից։ Որոշման համաձայն՝ Կրթության նախարարությունը կդառնա կենտրոնի իրավահաջորդը։
Կենտրոնի պաշտոնական կայքի համաձայն՝ Միջազգային կրթության կենտրոնը, որը ստեղծվել է 2014-ին, նպատակ ուներ «միջազգային չափանիշներին համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստում ապահովել»։
Կենտրոնը Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն էր տալիս ուսանել «աշխարհի առաջատար համալսարաններում»՝ ֆինանսավորելով նրանց հետբուհական կրթությունը։ Այն նաև կրթաթոշակներ էր տրամադրում Վրաստանի բուհերի ուսանողներին։
Կենտրոնի կողմից արտասահմանում կրթաթոշակ ստացող ուսանողները պարտավորվում էին ուսումից հետո Վրաստան վերադառնալ և առնվազն երեք տարի աշխատել իրենց մասնագիտությամբ։
Կենտրոնը նախատեսում էր 2025–2026 ուսումնական տարում վրացի ուսանողների համար կրթաթոշակային ծրագրեր իրականացնել Fulbright-ի և Hungaricum Scholarship Programme-ի հետ համագործակցությամբ։
Առայժմ հստակ չէ, թե կենտրոնի գործառույթների միավորումը Կրթության նախարարության հետ ինչպես կազդի կրթաթոշակառուների վրա։
Կենտրոնի լուծարման որոշումը հրապարակվել է ընդամենը մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ կառավարությունը հոկտեմբերի կեսերին հայտարարեց բարձրագույն կրթության մի շարք վիճահարույց բարեփոխումների մասին։
Բարեփոխումները ներառում են համալսարանների ֆինանսավորման համակարգի փոփոխություններ և ֆակուլտետների վերադասավորում՝ շեշտը դնելով Թբիլիսիից դուրս գտնվող կրթական հաստատությունների վրա։
Civilnet











