Հոդվածը հրապարակվել է OC Media-ի հետ համագործակցության շրջանակում
ԱՄՆ Հանրապետական կուսակցության նվիրատու, Վրաստանում բիզնես շահեր ունեցող Frontera Industries նավթային ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սթիվ Նիկանդրոսը ԱՄՆ Կոնգրեսում լոբբինգ է արել MEGOBARI ACT օրենքի ընդունման դեմ, հաղորդում է Reuters-ը։
MEGOBARI ACT-ի հայտարարված նպատակներն են ամրապնդել ժողովրդավարական գործելակերպը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը Վրաստանում և հակազդել ավտորիտար ազդեցություններին, մասնավորապես՝ Ռուսաստանից, ինչպես նաև Չինաստանից և Իրանից։ Օրենքը ներառում է տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ պատժամիջոցներ վրացի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք ենթադրաբար խոչընդոտում են Եվրամիությանը երկրի ինտեգրմանը։
Գործակալության տրամադրության տակ հայտնված մի նամակում Նիկանդրոսը զգուշացրել է, որ օրինագիծը կարող է Վրաստանին ավելի մոտեցնել Ռուսաստանին, այդպիսով վնասելով իր, ինչպես նաև այլ ամերիկացիների բիզնես շահերին: Frontera-ն Վրաստանում երկար ժամանակ գործունեություն է ծավալել և խնդրահարույց պատմություն ունի այս երկրում:
«Մեր նման ընկերությունների համար, որոնք աշխատանքի են ընդունում մարդկանց և ներդրումներ են անում Վրաստանում, երկկողմ կայուն հարաբերությունները կարևորագույն նշանակություն ունեն», - ասվում է նամակում։
Օրինագիծը կխստացնի Վրաստանի նկատմամբ պատժամիջոցները, եթե երկիրը չդադարեցնի իր հետընթացը ժողովրդավարական ուղուց, բայց նաև կտրամադրի խթաններ, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում օգնություն և վիզաների հնարավոր ազատականացում, եթե երկրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացվեն: Ներկայացուցիչների պալատն այն ընդունել է այս տարվա մայիսին, սակայն այդ ժամանակվանից ի վեր այն սպասում է Սենատի հաստատմանը:
Սեպտեմբերին անանուն աղբյուրները The Hill-ին հայտնել էին, որ օրինագիծը միանձնյա արգելափակել է հանրապետական սենատոր Մարկվեյն Մալինը, որը Նիկանդրոսի կարծիքին նմանվող տեսակետ է հայտնել՝ ընդգծելով Վրաստանում ամերիկյան ներդրումների ապագայի վերաբերյալ իր մտահոգությունը։
Այդ ժամանակ կոնգրեսական Մալինը 2020-ին The Hill-ի համար հոդված էր գրել՝ «Միացյալ Նահանգները պետք է աջակցի Վրաստանի ազատության համար պայքարին» վերնագրով։
2020-ին Մալինը «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին նկարագրել էր որպես «ռուսական դպրոցն անցած օլիգարխ, որը միլիարդներ էր վաստակել, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո սկսվեց պետական գործարանների սեփականացման ալիքը, երբ անհատները կոռուպցիոն ճանապարհներով շատ ցածր գնով ձեռնարկություններ ձեռք բերեցին և սկսեցին մեծ շահույթներ ստանալ։
Մալինը նաև քննադատեց Վրաստանի կառավարությանը երկրում բիզնես վարելու փորձ կատարող ամերիկյան երկու ընկերությունների՝ Conti Group-ի և Frontera Resources-ի համար խոչընդոտներ ստեղծելու համար։ Վերջին ընկերությունը հենց Նիկանդրոսն է հիմնադրել։
Frontera-ն Վրաստանի կառավարության հետ հարաբերությունների երկար և խնդրահարույց պատմություն ունի, այդ թվում` դատական հայցեր, վրացի աշխատողներին վատ վերաբերվելու մեղադրանքներ և կոնգրեսականների շրջանում լոբբինգ անելու վրա ծախսված հսկայական գումարներ։
Մալինը սեպտեմբերին The Hill-ին ասել էր, որ Վրաստանի հարցում իր մոտեցման փոփոխությունը և MEGOBARI ACT-ին դեմ լինելը որևէ կապ չունեն Frontera-ի հետ իր կապերի հետ՝ պնդելով, որ գրեթե երկու տարի է անցել այն ժամանակից, երբ նա կապ է ունեցել ընկերության հետ: Հանրային հասանելի տեղեկատվությունը վկայում է, որ Նիկանդրոսը 2020-ից ի վեր Մալինի քարոզարշավին նվիրաբերել է մոտ 6000 դոլար, ինչը համեմատաբար համեստ գումար է:
Թեև OC Media-ն չի տեսել Նիկանդրոսի ամբողջ նամակը, Reuters-ը չի հիշատակում Frontera-ի մասին, միայն հղում է անում TXN Energy էներգետիկ ընկերությանը, որը գտնվում է ԱՄՆ Տեխաս նահանգում, թեև ընկերության մասին բաժնում նշվում է, որ այն Վրաստանում գործունեություն է ծավալում 1997-ից։
TXN Energy-ն Տեխասում ունի նույն փոստային հասցեն, ինչ Frontera-ն: Նամակում նշվում է, որ Նիկանդրոսը TXN Energy-ի գործադիր տնօրենն է, սակայն այդ տեղեկատվությունը հասանելի չէ TXN Energy-ի կայքում, որտեղ առհասարակ շատ քիչ տեղեկատվություն կա։ Չկան նաև ընկերության մասին որևէ այլ մանրամասներ:
Այն պահից ի վեր, երբ Frontera-ն 2020-ի մայիսին պարտվեց Վրաստանի կառավարության դեմ արբիտրաժային գործում, ընկերության և կառավարության հարաբերությունները, կարծես, բարելավվել են։

Frontera-ի գործունեության մասին հիշատակող ցուցանակ Արևելյան Վրաստանում։ Լուսանկարը՝ Շոթա Կինչայի/OC Media։
ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թամար Թալիաշվիլին Reuters-ին ասել է, որ Թբիլիսին ԱՄՆ-ում լոբբիստական կապեր չունի։ Նա նաև կրկնել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամների հանրահայտ թեզը, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կտրուկ վատացել են նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման օրոք, սակայն Թբիլիսին հույս ունի վերագործարկել հարաբերությունները նախագահ Դոնալդ Թրամփի օրոք։
«Ինչ վերաբերում է պարոն Սթիվեն Նիկանդրոսին, նա ամերիկացի գործարար է, որը լայնորեն ճանաչված է որպես առաջիններից մեկը, որը Խորհրդային Միությունից Վրաստանի անկախացումից հետո Հարավային Կովկասի տարածաշրջան բերեց ամերիկյան կայացած բիզնեսներ»,- ասել է Թալիաշվիլին։
Հաշվի առնելով Սենատում Մալինի կողմից օրինագծի շարունակական արգելափակումը, դրա ընդունման հարցը մնում է անորոշ։ Օրինագծի կողմնակիցները մտահոգություն են հայտնել այս առթիով, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնը, որը, թերևս, «Վրացական երազանք»-ի ամենաակտիվ հակառակորդն է Կոնգրեսում։
Նամակն ինքնին գաղտնի կերպով Reuters-ին տրամադրել է «հանրապետական կուսակցության անդամի ավագ օգնական», որն ասել է, որ Նիկանդրոսի լոբբինգը նվազեցնում է օրինագծի ընդունման հնարավորությունները։
Ուիլսոնը նաև Reuters-ին ասել է, որ կուսումնասիրի այս հարցը։
Civilnet











