Եկամուտների հայտարարագրման գործընթացը պարզեցվել է

Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովի կողմից ընդունված Հարկային օրենսգրքի փոփոխություններով պարզեցվել է պարտադիր հայտարարագրման գործընթացը։
Այն քաղաքացիները, որոնք ունեն միայն ՊԵԿ-ին տեսանելի եկամուտներ՝ աշխատավարձ կամ կենսաթոշակ, կարող են չմտնել համակարգ և չլրացնել եկամուտների հայտարարագրերը։ Նրանց հայտարարագրերը կհամարվեն լրացված՝ ՊԵԿ-ի ունեցած տվյալների հիման վրա։ Այս դեպքում հայտարարագիր չլրացնելու համար պատասխանատվություն չի կիրառվի։
Միևնույն ժամանակ, եթե քաղաքացին ունի հարկման ենթակա այլ եկամուտներ, որոնք թաքցրել է պետությունից, այդ պատասխանատվությունը չի վերանում։
Ընտանիքի անդամների միջև իրականացված փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի՝ անկախ դրանց չափից։ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը պարզաբանեց, որ դրանք վերաբերում են ծնող-երեխա, քույր-եղբայր, ամուսիններ, ինչպես նաև պապիկ-տատիկ և թոռներ փոխհարաբերություններին։
«Նաև կառավարությանը իրավունք ենք վերապահել այլ եկամուտների տեսակներ սահմանել, որոնք հայտարարագրման ենթակա չեն լինի, և այդ եկամուտների թվում կլինի քաղաքացիների վերցրած վարկերն ու փոխառությունները»,- ասել է Թունյանը՝ հավելելով, որ նաև ՊԵԿ-ի գործիքակազմն են ավելացրել և սահմանել, որ քաղաքացու համաձայմության դեպքում, եթե ինքն այդ իրավունքը տալիս է Պեկ-ին, ապա բանկային ավանդներից ստացված եկամուտները նույնպես ինքնաշխատ տարբերակով կլրացվեն։
Օրենքի նախագծին կողմ է քվեարկել 60 պատգամավոր, դեմ` 1, ձեռնպահ` 3։
Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու մինչև նոյեմբերի 1–ը։
Civilnet










