Հայաստանը պատրաստ է հենց այսօրվանից ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղիով։ Այս մասին 2026-ի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից տարանցիկ սահմանափակումները վերացնելու հայտարարության։
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի հայտարարությունը, որով «Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան տարածման սահմանափակումները», «պատմական իրադարձություն է և նշանակում է Հայաստանի Հանրապետության շրջափակման, հաղթահարման առաջին փուլը»։
«Կարևոր է նաև, որ Հայաստանն էլ արձագանքող լինի այդ հայտարարություններին և նաև համապատասխան քայլեր անի։ Այսինքն ինչպես Ադրբեջանը մեզ համար վերացրել է տարանցման սահմանափակումները, նույն կերպ և մենք վերացնում ենք տարանցման սահմանափակումները»,- ասել է նա։
Վարչապետը պարզաբանել է, թե ինչու է առանձնացնում հենց այս երթուղին.
«Սա այս պահին միակ տարբերակն է, որը մենք հենց այսօր կարող ենք իրականացնել։ Եթե ենթադրենք, որ Թուրքիայից բեռնատար է մոտենում Մարգարա անցագրային կետին, ուղևորվելու համար դեպի Ադրբեջան, մենք հենց այսօր կարող ենք ապահովել դա, մեր ճանապարհները մինչև Գորիս, մինչև Կոռնիձոր գտնվում են լավ վիճակում», - նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ Կոռնիձորում առկա են ենթակառուցվածքներ՝ սպասարկում իրականացնելու համար նաև հակառակ ուղղությամբ։
Նա ընդգծել է, որ սա «առաջին անգամ է, երբ Հայաստանի Հանրապետության բյուջեն քննարկվում է Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում»։
Նա վերահաստատել է, որ «2025-ի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության հռչակագրով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն»։ Որպես դրա արդյունք՝ Փաշինյանը նշել է, որ «արդեն մեկ տարի ութ ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել»՝ հավելելով, որ Հայաստանի անկախության պատմության մեջ «երբեք, երբևէ այսպիսի մեկ տարի, ութ ամիս չենք ունեցել»։
Փաշինյանը նշել է, որ տարանցման արգելքների վերացումը «լիարժեք և ամբողջական» դարձնելու համար, որպեսզի այն լինի «ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո», անհրաժեշտ է «շատ ինտենսիվ զբաղվել» Վաշինգտոնի խաղաղության հռչակագրի երրորդ և չորրորդ կետերի իրականացմամբ։
Նա մեջբերել է հռչակագրի երրորդ կետը, որը վերահաստատում է երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ «հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա»։ Համաձայն մեջբերման՝ այդ ջանքերը «կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը Հայաստանի Հանրապետության համար միջազգային և ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»։
Չորրորդ կետի համաձայն, որը նույնպես մեջբերել է վարչապետը, «Հայաստանի Հանրապետությունը աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ Հայաստանի Հանրապետության տարածքում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման TRIPP հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակում սահմանելու նպատակով»։
Civilnet











