Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի (ԵԽՎ) 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 28-30-ը:
Այս մասին «Եվրանեսթի» ղեկավարությանն ուղղված բաց նամակում հայտնել է Խորհրդարանական վեհաժողովում վրացական պատվիրակության ղեկավար Լևան Մախաշվիլին։
Մախաշվիլին նշել է, որ կազմակերպության վերջին գործողությունները լուրջ անհանգստություն են առաջացրել։
Մախաշվիլին հայտարարել է, որ Եվրոպական խորհրդարանի որոշ անդամների՝ Վրաստանի նկատմամբ թշնամական հռետորաբանությունն ու գործողությունները, որոնք մասնակցում են «Եվրանեսթ» ԽՎ-ի աշխատանքներին, հակասում են այն գործընկերության և փոխադարձ հարգանքի սկզբունքներին, որոնց վրա պետք է հիմնված լինի այս հարթակը։
Պատվիրակության ղեկավարը շեշտել է, որ Եվրոպական խորհրդարանի անդամները հանդես են եկել հայտարարություններով և տարածել են գրառումներ իրենց սոցիալական ցանցերի հաշիվներում, որոնք խթանում են անկարգությունները, ռադիկալիզացիան և բռնությունը Վրաստանում։
«Այն փաստը, որ գործընկեր երկրների մեծ մասը չի մասնակցում «Եվրանեսթ» ԽՎ-ի աշխատանքներին, վկայում է, որ Եվրոպական խորհրդարանի ներկայիս մոտեցման հետ կապված կա լուրջ խնդիր։ ԽՎ-ն պետք է մտածի՝ արդյոք իր ներկայիս կուրսը նպատակաուղղված է տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը, թե՝ գործընկերների միջև կամուրջների այրմանը», - նշված է նամակում։Մախաշվիլին կոչ է արել «Եվրանեսթ» ԽՎ ղեկավարությանը՝ վերահաստատել կազմակերպության հիմնարար սկզբունքների նկատմամբ իր հանձնառությունը, վերանորոգվել և ծառայել որպես հուսալի հարթակ «Արևելյան գործընկերության» և դրա անդամ երկրների համար։
Civilnet











